‘Հեղափոխականի դիմակով հակահեղափոխականները’

1419

Հայաստանում հակասահմանադրական կարգեր են և այդ կարգերը տապալելու ու փոխարենը սահմանադրական կարգեր հաստատելու ուղղությամբ գործնական քայլերի իրականացումըհեղափոխական գործընթաց է, իսկ նման քայլեր իրականացնող ու ծրագրեր առաջարկող ուժերն ու անհատները` հեղափոխական: Այդ ուժերին ու անհատներին այս կամ այն կերպ հակադրվողուժերն ու անձինք հակահեղափոխական են, նրանց իրականացրած քայերն ու գործողությունները`հակահեղափոխություն
 
Հեղափոխությունն ու հակահեղափոխությունը (այլ կերպ` կոնտրհեղափոխություն) մշտապես իրար ուղեկցող զուգահեռ գործընթացներ են
 
Սակայն միշտ չէ, որ հակահեղափոխականները բացահայտ և ուղղակիորեն հակադրվում են հեղափոխականներին ու հեղափոխությանը, ինչպես նաև միշտ չէ, երբ հեղափոխականները բացահայտ և ուղղակիորեն են գործում: 
 
Հակահեղափոխականների մի մասը շատ հաճախ հանդես է գալիս հեղափոխական դիրքերից` փորձելով ներսից կասեցնել հեղափոխական գործընթացը, օգտագործելով հեղափոխական հռետորաբանություն, ինչի մասին փայլուն հոդվածով հանդես է եկել իմ լավ ընկեր Հրանտ Տեր-Աբրահամյանը, իսկ որոշ հեղափոխականներ կարող են հանդես գալ հակահեղափոխության դիրքերից` փորձելով ներսից քանդել համակարգը: Այսպիսով, երբեմն ստեղծվում է մի իրավիճակ, երբ բավական դժվար է դառնում տարանջատել հեղափոխությունը հակահեղափոխությունից ու հեղափոխականներին հակահեղափոխականներից: 
 
Այսպես, օրինակ, ֆրանսիական մեծ բուրժուական հեղափոխության առաջին տարիներին ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ` ողջ երկրում հեղափոխական ամենահանրահայտ ու հեղինակավոր գործիչը Օնորե դը Միրաբոն էր: Հեղափոխական հավաքներում Միրաբոյի ձայնը թնդում էր առանձնահատուկ համոզչականությամբ: Ազգային ժողովում երիտասարդ Միրաբոն մշտապես հանդես էր գալիս ժողովրդի անունից` բոցաշունչ ելույթներով գրավելով շարքային ֆրանսիացիներին: Հռետորական տաղանդի շնորհիվ Միրաբոյին անգամ«հեղափոխության տրիբուն» էին անվանում, հեղափոխության շարժիչ ուժը: Նրա մասին գրում էին Գյոթեն, Բայրոնը, Հյուգոն: 1791-ի ապրիլին, սակայն, հեղափոխության սկզբից մոտ մեկուկես տարի անց Միրաբոն ծանր հիվանդությունից մահանում է: Ֆրանսիացիները մեծ հեղափոխականին հուղարկավորում են Փարիզի Sainte-Geneviève եկեղեցում, որը հռչակվում է Պանթեոն: Միրաբոն առաջինն էր, ում ֆրանսիացիները Պանթեոնում հուղարկավորելու պատվին արժանացրին: Միրաբոյի մահից որոշ ժամանակ անց, սակայն, հրապարակվեցին նրա անձնական փաստաթղթերը և պարզվեց, որ «հեղափոխության տրիբուն»-ը իրականում գործում էր թագավորի ու կոնտրհեղափոխականների օգտին, ակտիվ նամակագրության մեջ էր վերջիններիս հետ և փորձում էր կասեցնել հեղափոխության հետագա ընթացքը: Մեծն հեղափոխականն իրականում հակաեղափոխական դուրս եկավ: Ֆրանսիացիները Պանթեոնից դուրս բերեցին Միրաբոյի աճյունն` այդպիսով արտահայտելով իրենց զայրույթն ու ցասումը: 
 
Միրաբոն, անշուշտ, հեղափոխության առաջին շրջանում իր բոցաշունչ ելույթներով նպաստել է հեղափոխական գործընթացներին, սակայն մի ինչ-որ պահից սկսած, դառնալով սահմանադրական միապետության կողմնակից, փորձել է կասեցնել հեղափոխության հետագա ընթացքը: 
 
Նորանկախ Հայաստանում էլ քիչ չեն եղել ու կան միրաբոները, որոնց մեր համաքաղաքացիները ական են անվանում: Այսպես, բոցաշունչ ելույթներով 2003-ին աչքի էր ընկնում Արտաշես Գեղամյանը, որի ճարտասանությանը հավատաց ընտրողների 17,4 %-ը, 2008-ին` Արթուր Բաղդասարյանը, որը կարողացավ իր կողմ քաշել ընտրողների 17,7 %-ին: Միրաբոյի, Գեղամյանի, Բաղդասարյանի և նմանների օրինակը փաստում է, որ հեղափոխականներին հակահեղափոխականներից զանազանելու ընթացքում չի կարելիառաջնորդվել միայն քաղաքական գործիչների հռետորաբանությամբ ու արտաբերած տեքստերով, այլ անհրաժեշտ է նախ և առաջ վերլուծել այդ անձանց կատարած քայլերը, ապագային ուղղված առաջարկները ու ինքնուրույն քայլերի համապատասխանությունն արտաբերած տեքստերին ու գաղափարներին: 
 
Այժմ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կտրուկ աճել է «հեղափոխության տրիբունների» թիվը, որոնք Ազգային ժողովի ամբիոնից, տարատեսակ քարոզչամիջոցների էջերից և հնարավոր ու անհնարին այլ վայրերից ժողովրդի անունից բոցաշունչ ելույթներ ենարտաբերում` իրենց ճարտասանությունը կառուցելով այլոց` իբր նախկինում թույլ տված սխալների վրա, չառաջարկելով հեղափոխության կոնցեպտուալ ծրագրեր, ոչ մի քայլ չանելով սահմանադրական կարգը հաստատելու ուղղությամբ: Միանման տեքստեր արտաբերելով հանդերձ` սրանք անգամ միմյանց հետ միավորվելու փորձեր չեն կատարում, քանի որ նպատակը ոչ թե հակահեղափոխությանը հաղթելն է, այլ հեղափոխության լեզվով ու հեղափոխության դիրքերից հանդես գալով` հեղափոխական կոնցեպտները վարկաբեկելը, դրանք առաջարկող ուժերին հարվածելը: «Հեղափոխության տրիբուններն» ավելի վտանգավոր են հեղափոխության համար, քան իրենք` հակահեղափոխականները, որոնց դիմակները պատռված են… 

Արթուր Մինասյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Նh1 քայլից հետո բացարձակ շահած դիրք էր’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամեան. ` ՀԱԿ-ից դուրս եկածի մի հատ անուն կտա՞ք, որն աչքի ընկավ իր «ակտիվ գործողություններով» ‘