‘Հեղափոխության իրական օրակարգը’

1933

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Ավետ Պողոսյանը ֆեյսբուքում գրում է.

«Գլոբալ առումով Հայաստանում կա 2 քաղաքական օրակարգ:

1. Այն, որը փորձում է պարտադրել գործող վարչակարգը: Նրանց ասածի հիմնական մեխն այն է, որ մենք չենք հերքում` երկրում կան լուրջ պրոբլեմներ, ու դրանք պետք է լուծել հետեւողական, միասնական աշխատանքով: Պարզապես որեւէ հարց չքաղաքականացնեք, հանկարծ իրական քաղաքական պատասխանատուի` Սերժ Սարգսյանի (սա ես չեմ ասում, մեր սահմանադրությունն է ասում) հրաժարականը չպահանջեք:

2. Հայաստանին անհրաժեշտ են հիմքային, աշխարհայացքային, համակարգային փոփոխություններ, որը, ցավոք, արդեն անհնար է առանց իշխող վարչակարգի ամբողջական ապամոնտաժման: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի հանրությունն ավելի լայն ներգրավվի այս պրոցեսների մեջ, պարտադրի եւ վարչակարգին, եւ ոչ իշխանական քաղաքական ուժերին այս օրակարգը: Ու հենց էստեղ է, ինչպես ասում են, թաղված շան գլուխը:
Իշխանական դաշտից դուրս ոչ բոլոր թիմերն են ոչ իշխանական: Ճիշտ հասկացեք. ես չեմ խոսում ուղղակի ծախվածության մասին: Այս կոնտեքստում դա չի էականը: Ես խոսում եմ, թե ով որ օրակարգն է առաջ մղում այս պահին: Ու հզոր, կուռ կոնսոլիդացիայի բացակայությունը սրա արդյունքն է: Այս 2 օրակարգերի առաջ մղողների մեջ սկզբունքային հակասություն կա: Այստեղ նույնիսկ բանավեճն է անհնար, ցավոք: Հնարավոր չի պայմանավորվել «ինչպես անենքի» շուրջ, եթե երկուսի համար «ինչ անենքը» տարբեր բաներ են:
Բայց: Բայց իրականում սա վերաբերվում է միայն, այսպես կոչված էքսպերտային հանրությանը: Սա բավականին նեղ շրջանակի համար է անկյունաքարային: Փոփոխությունները ոչ միայն եւ ոչ այնքան այս նեղ շրջանակի համար են, այլ հենց այս շրջանակից դուրս ապրողների` ամենօրյա աշխատանքով իր ընտանիքի հոգսը հոգացող մարդու, ընտրություններում անելանելիությունից 5000 դրամ վերցնողի, նույն ընտրություններում իր հարազատների անձնագրերի պատճենները շեֆին հանձնող պետծառայողի, որպես անհուսության վերջին քայլ՝ արտագաղթողի, պարտաճանաչ հարկեր վճարող միջին ձեռներեցի, որ նաեւ տեսնում է, թե ինչպես է մսխվում իր վճարած հարկերը: Ցանկը կարելի է շարունակել: Այդ փոփոխությունները մարդկանց համար են, որոնք միգուցե քաղաքական մեթոդաբանական նրբություններին չեն տիրապետում, չեն ընկալում, բայց ուզում են, տենչում են ռեալ փոփոխություններ: Վաղվա քաղաքական պրոցեսները առաջ են տանելու այն ուժերը, որոնք հենց այս մարդկանց են բերելու հրապարակ, այս մարդկանց են ցույց տալու փոփոխության հնարավորությունը: Լոկալ ակցիաների սակավամարդությունը, ուղղված նույնիսկ այնպիսի լրջագույն հարցի, ինչպիսին գազային պայմանագրերն էին, հենց սրա արդյունքն է, սա է ապացուցում: Դեկտեմբերի 23-ին ազգային ժողովի մոտ հավաքվել էր էքսպերտային հանրությունը: Մարդը հասկացել է, միգուցե ողնուղեղով զգացել է առանձին վերցված պրոբլեմի լուծման անհեռանկարությունը: Բոլոր նախագահական ընրություններին հասարակական մեծ ակտիվությունն էլ ձեզ որպես հավելյալ փաստարկ: Կարող է լինել մյուս տեսակետը. այո, էքսպերտային հանրությունը պետք է որոշի, թե որ ուղղությամբ է գնալու հասարակությունը: Սա ես չեմ քննարկի, սա էլիտարիզմ է, որն անընդունելի է ինձ՝ անհատին հասարակության ամենամեծ արժեքը համարող լիբերալի համար: Կամ առնվազն մյուս օրակարգի կրողները թող բարձրաձայն խոսեն դրա մասին, դա առանձին բանավեճի թեմա է:
Այսպիսով, 2-րդ օրակարգը առաջ մղողներին, այլ բան չի մնում, քան սկսել հասարակության, առաջին հերթին, լայն հատվածների կոնսոլիդացիոն գործընթաց: Սա է մեր ճանապարհը, մնացած դեպքերում մենք ներքաշվում ենք անպտուղ բանավեճերի հորձանուտը, այդ թվում՝ նաեւ մեր վաղվա հնարավոր դաշնակիցների հետ: Այնպես որ, ի գործ»:

Նախորդ հոդվածը‘Ցավակցություն Վանո Սիրադեղյանին’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Ալումյան. Անկախ հովանավորից՝ «Լիսկայի գործով» մեղավորները պատժվելու են’