‘Հենոյի տրանսֆերի երրորդ կողմը’

1542

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյորից» անգլիական «Լիվերպուլ» տեղափոխվելու ձգձգված պատմությունը նոր երանգներ է ստացել ու կարծես` մոտ է հանգուցալուծման:

Մխիթարյանի տրանսֆերը դարձել է վերջին շաբաթների ընթացքում մեր երկրում ամենաշատ քննարկվող թեման ու դրա մասին առայժմ չեն խոսել միայն հատ ու կենտ մարդիկ, այդ թվում նաեւ ես, թեեւ որպես մեր թերթի մարզական էջի պատասխանատու ու հայկական ֆուտբոլին շատ մոտ կանգնած մարդ, միգուցե կարող էի խոսել, առավել եւս, որ փոքր ինչ ավելի ինֆորմացված եմ: Բայց այդ «լռությունը» նաեւ իր պատճառներն ուներ. միջազգային ֆուտբոլային իրադարձություններին հետեւողները կարող են հաստատել, որ նման տրանսֆերների ժամանակ լավագույն օգնությունը ֆուտբոլիստին՝ լռելն է կամ գոնե ոչ ճիշտ տեղեկություններ չհրապարակելն է: Հենց սա էլ հաշվի առնելով, հայկական ֆուտբոլի «խոհանոցին» տիրապետող ընկերներով որոշել էինք Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված հարցերում լռություն պահպանել, մինչեւ այն վերջնական տեսք կստանա: Բայց բառիս բուն իմաստով` հիստերիան, որ նկատվում է Հայաստանում Հենրիխի տեղափոխության հետ կապված ու այն էլ ֆուտբոլում ու այս մարզաձեւում գոյություն ունեցող ներկուլիսային անցուդարձից կիլոմետրերով հեռու մարդկանց կողմից, ստիպում է որոշակի բացատրություններով հանդես գալ: Երեկ մարզական մեկնաբան Արմեն Մելիքբեկյանը «epress.am» կայքում «Մխիթարյանի տրանսֆերը հայկական լրատվական դաշտի համատեքստում» վերնագրով հոդվածում ներկայացրել է Հենրիխի տեղափոխության ու ֆուտբոլում «տրանսֆեր» հասկացողության հետ կապված պարզաբանումներ: Ուշ երեկոյան արդեն գերմանական «Bild»-ը տեղեկություն տարածեց, թե Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի համար առաջարկում է 25 միլիոն եվրո ու Հայաստանում բոլորը խոսում են Հենոյի «Բորուսիա» տեղափոխվելու մասին: «Լիվերպուլը», հիշեցնեմ, հայ ֆուտբոլիստի համար առաջարկում էր 22 միլիոն ֆունտ՝ մոտ 27 միլիոն եվրո: Թերեւս այստեղ արդեն որոշակի լրացուցիչ պարզաբանումների խնդիր կա ու սկսեմ մի քիչ հեռվից:

Նախապատմություն
2009 թվականին՝ 20 տարեկան հասակում, Մխիթարյանը «Փյունիկի» կազմում նվաճելով Հայաստանում հնարավոր բոլոր տիտղոսները, տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»: Այս թիմը համարվում է հայ ֆուտբոլիստների համար առաջին քայլ դեպի Եվրոպա կամ մեծ ֆուտբոլ տանող ճանապարհին: «Մետալուրգի» սեփականատերերից է ուկրաինացի հայտնի գործարար, հայազգի Օլեգ Մկրտչյանը, ով նաեւ Կրասնոդարի «Կուբան» ու մեր «Բանանց» ակումբների սեփականատերն է: Հենց Մկրտչյանի շնորհիվ «Բանանցից» մի քանի ֆուտբոլիստներ, մինչ Մխիթարյանը, տեղափոխվեցին «Մետալուրգ», սակայն ավելի առաջ գնալ նրանց չհաջողվեց: Մխիթարյանը «Մետալուրգ» տեղափոխվեց «Փյունիկից»՝ սա առաջին «Փյունիկ»-«Մետալուրգ» համագործակցությունն էր, որը հետագայում ավելի խորացավ ու ուկրաինական թիմում հայտնվեցին մեր ազգային հավաքականի անդամներ Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը, Արտակ Եդիգարյանը: Այս ֆուտբոլիստները, նաեւ Մխիթարյանը, «Փյունիկից» «Մետալուրգ» տեղափոխվեցին առանց փոխհատուցման, հետագայում այլ թիմ տեղափոխվելու դեպքում որոշակի գումար ստանալու պայմանով: Սա հայկական ակումբների տրանսֆերային աշխատանքի առայժմ միակ պայմանն է. ֆուտբոլիստներին օգնել` կարգով ավելի բարձր առաջնություն տեղափոխվել առանց փոխհատուցման՝ հետագայում այլ ակումբ վաճառքից գումար ստանալու ակնկալիքով: Վերադառնանք Մխիթարյանին: 2010 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց Ուկրաինայի ամենաուժեղ ակումբներից մեկը՝ Դոնեցկի «Շախտյոր»: Ըստ պաշտոնական տվյալների, «Շախտյորը» Մխիթարյանի համար վճարել էր 7,5 ԱՄՆ դոլար, սակայն իրականում տրանսֆերի գինը կազմել էր 15 միլիոն. պայմանավորվածության համաձայն ու դա արձանագրվել էր պայմանագրում, Մխիթարյանի իրավունքների 50 տոկոսը պահպանել էր Դոնեցկի «Մետալուրգը» ու հենց այս պատճառով էլ Հենրիխի տրանսֆերի գինը հայտարարվեց 7,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ 15-ի փոխարեն:

«Երրորդ» կողմը
2012 թվականի ամռանն արդեն եվրոպական առաջատար մի շարք թիմերից առաջարկություններ եղան Մխիթարյանի վերաբերյալ, որոնք որոշակի տեսք ստացան անցած ձմռան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իտալական «Յուվենտուսը», իսպանական «Վալենսիան», անգլիական «Լիվերպուլը» լրջագույն հետաքրքրություն էին հանդես բերում հայ ֆուտբոլիստի նկատմամբ: Հենրիխի ծառայություններով հատկապես հետաքրքրված էր «Յուվենտուսը», որի մարզական տնօրեն, նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Պավել Նեդվեդը շատ էր ցանկանում Հենոյին տեսնել իտալական թիմում: Գարնանը, երբ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Ֆրանսիայի Վալանս քաղաքում, տեղեկություններ եղան Մարսելի «Օլիմպիկի» ու Մախաչկալայի «Անժիի» հետաքրքրությունների մասին, հետագայում այս շարքին ավելացան նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի «Սպարտակը»: Ռուսական թիմերի առաջարկած գումարն ու պայմանները անհամեմատ լավն էին, բայց Մխիթարյանը ցանկանում էր հանդես գալ միայն Եվրոպայում: Գարնանը տեղի ունեցավ մի իրադարձություն, որը հետագայում պետք է դառնար ամենակարեւորը Մխիթարյանի տրանսֆերի հարցում. հայ ֆուտբոլիստը անձնական պայմանագիր կնքեց մեծ համբավ ունեցող գործակալ, տրանսֆերային շուկայի «արքա» համարվող իտալացի Մինո Ռայոլայի հետ, ով նաեւ շվեդ Զլատան Իբրահիմովիչի, իտալացի Մարիո Բալոտելլիի, հոլանդացի Մարկո Վան Բոմելի ու էլի շատ հայտնի ֆուտբոլիստների գործակալն է: Պարզ էր, որ առաջիկայում լուրջ տրանսֆեր է մեզ սպասվում. Ռայոլան աշխատում է բացառապես հայտնի ֆուտբոլիստների ու ակումբների հետ: Հունիսի սկզբին արդեն համացանցը թնդում էր Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին լուրերով: Հունիսի 10-ի առավոտյան, երբ մեր ազգային հավաքականը մուտք գործեց Կոպենհագենի «Հիլթոն» հյուրանոց (հունիսի 11-ին պետք է կայանար Դանիա-Հայաստան հանդիպումը), սրճարանում նկատեցի Ռայոլային, ով նստած էր Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Միխայել Ցորկի հետ: Կարճ խոսակցություն տեղի ունեցավ Մխիթարյանի, Ռայոլայի ու Ցորկի միջեւ. ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում էր Հենոյի տրանսֆերին: Հետագայում պարզ դարձավ, որ ավելի հարմար է համարվել «Լիվերպուլի» տարբերակն ու բանակցությունները շարունակվեցին անգլիական ակումբի հետ, որը գումարային առումով փոքր ինչ ավելի լավ պայմաններ էր առաջարկում: Ընդ որում, Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկված գումարի 50 տոկոսը հասնում է «Մետալուրգին»՝ սա իրավաբանորեն ամրագրված է: Այս մասին հայտարարեց անգամ Օլեգ Մկրտչյանը: Իր հերթին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարեց, որ տրանսֆերի 25 տոկոսն էլ «Փյունիկինն» է. սա արդեն 2009-ին «Փյունիկի» ու «Մետալուրգի» միջեւ կայացած Մխիթարյանի՝ առանց փոխհատուցման տրանսֆերի պայմանավորվածության կետն է, որը, սակայն, չի ամրագրվել փաստաթղթով: Իսկ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված բոլոր բանակցությունները վարում է բացառապես «Շախտյորը». «Մետալուրգն» ու «Փյունիկը» թեեւ իրենց շահերն ունեն, բայց ոչ մի կերպ չեն կարող ազդել Մխիթարյանի տրանսֆերի վրա: Ընդ որում, եթե նախկինում բանակցող կողմերը 2-ն էին՝ Դոնեցկի «Շախտյորն» ու «Լիվերպուլը», իսկ ֆինանսական շահույթ ակնկալում էին 3 թիմեր՝ «Շախտյորը», «Մետալուրգը» ու «Փյունիկը», ապա Ռայոլայի հայտնվելուց հետո բանակցող ու շահույթ ակնկալող կողմերի թիվը ավելացավ եւս մեկով՝ գործակալների մասին ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, յուրաքանչյուր ֆուտբոլային գործակալ իր ֆուտբոլիստների տրանսֆերներից ունի 8-10 տոկոս փայաբաժին, առանձին դեպքերում էլ՝ սրան գումարած ֆուտբոլիստի աշխատավարձի 10 տոկոսի նկատմամբ իրավունք: Սրանք են փաստերը:

Ավարտական փուլ
Իսկ հիմա այսպիսի իրավիճակ է. Ռայոլան բավական կոշտ պայմաններ է առաջարկել «Լիվերպուլին» ու «Շախտյորին», ինչի հետեւանքով նախապես գրեթե համաձայնեցված տրանսֆերը կարող է չկայանալ: Օրեր առաջ «Լիվերպուլի» ներկայացուցիչներից մեկը ասել էր հետեւյալ նախադասությունը. «Որտեղի՞ց հայտնվեց այդ Ռայոլան»: Սա թերեւս Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված ամենաշրջադարձային պահն է: Միեւնույն ժամանակ Ռայոլան այն գործակալների շարքին է դասվում, որոնք գրեթե անհաջող գործարքներ չեն իրականացնում: Դորտմունդի «Բորուսիան» երեկ հայտարարություն տարածեց, համաձայն որի, գերմանական թիմը պատրաստ է Մխիթարյանի համար առաջարկել 22 միլիոն եվրո՝ միգուցե սա Ռայոլայի «խաղերից» մեկն է ու հետաքրքիր է, որ այդ մասին հայտարարել է հենց այն նույն Ցորկը, որը Ռայոլայի հետ միասին Մխիթարյանի հետ զրուցում էր Կոպենհագենի հյուրանոցում: «Բորուսիայի» հայտարարությամբ, Ռայոլան ցանկանում է շանտաժի ենթարկել «Շախտյորին»՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվողները շատ են՝ արագացրեք: Տեղեկություններ կան նաեւ, որ Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված այսպես կոչված «հայկական կողմը»՝ Դոնեցկի «Մետալուրգի» ու «Փյունիկի» հայ սեփականատերերը, պատրաստ են իրենց գումարներից մասամբ կամ ամբողջությամբ հրաժարվել՝ միայն թե կայանա «Շախտյոր»-Մխիթարյան-«Լիվերպուլ» գործարքը: Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու գործարքը մտել է ավարտական փուլ ու որպես հիմք կարելի է նշել հետեւյալ փաստերը. չափազանց կարգապահ Մխիթարյանը չի մասնակցում արդեն մոտ 10 օր առաջ սկսված «Շախտյորի» ուսումնամարզական հավաքին՝ դեպի Դոնեցկ ետ վերադարձ չկա մեր ֆուտբոլիստի համար, երեկ էլ Հենոն իր գործակալի հետ ժամանել է Լոնդոն ու միգուցե արդեն առաջիկա օրերին տեղի կունենա հայկական ու ետխորհրդային երկրների ֆուտբոլային պատմության մեջ մեծագույն տրանսֆերը՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դոնեցկի «Շախտյորից» անգլիական հանրահայտ «Լիվերպուլ»:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի վարքագիծը դարձել է ծաղրի առարկա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը ամուսնացրել են Գաբրիել Սարգսյանին. Ֆոտոշարք ‘