‘Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում են աշխարհի լավագույն ակումբները’

1232

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները երկարաձգվում են: Գերմանական «Bild» պարբերականը գրում է, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը երկինք հասցնել և ինչպես մեկ տարի առաջ, նրա ծառայություններն առաջարկել է «Յուվենտուսին»: 

Բացի այդ, բրիտանական «The Guardian»-ը հաղորդում է, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնելու լուրջ քայլեր է ձեռնարկում «Արսենալը»: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն իր գործակալներին ուղարկել է Դորտմունդ՝ Մխիթարյանի խաղն առավել մանրամասն ուսումնասիրելու համար: «Արսենալում» դիտարկում են, որ Մխիթարյանը կարող է լրացնել Միկել Արտետայի, Մաթյո Ֆլամինիի և Թոմաշ Ռոսիցկու բացը. այս ֆուտբոլիստներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կհեռանան «Արսենալից»:

Մինո Ռայոլան հստակ հասկացրել է՝ Մխիթարյանի՝ մինչև 2017 թվականը նախատեսված պայմանագիրը երկարաձգելու հարցում չեն շտապում. «Մենք չենք ցուցաբերում շտապողականություն: Ամեն ինչ հանգիստ պայմաններում ենք անում»,-Ռայոլայի խոսքը փոխանցում է «Bild»-ը:

«Bild» պարբերականն ընդգծում է, որ հասկանալի է, թե ինչու է Ռայոլան շահագրգռված բարձրացնել Մխիթարյանի արժեքը.

«Հայ կիսապաշտպանը կարիերայի լավագույն մրցաշրջանն է անցկացնում: Նա արդեն մասնակցել է «Բորուսսիայի» 44(!) գոլերին՝ խփելով 20 գոլ և 24 անգամ օգնելով թիմակիցներին: Մխիթարյանի պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ նրա գործակալը, ով ներկայացնում է նաև Զլատան Իբրահիմովիչի, Մարիո Բալոտելիի, Պոլ Պոգբայի, Ռոմելու Լուկակուի շահերը, մտածում է եվրոպական թոփ-ակումբների մասին: Վերջերս, ինչպես 2015 թվականի գարնանը, նա Մխիթարյանի տեղափոխությունը քննարկել է «Յուվենտուսի» ներկայացուցիչների հետ: Իր գործում փորձառու Ռայոլան պայքարելու է յուրաքանչյուր եվրոյի համար»,-գրում է պարբերականը:

Չնայած այս շշուկներին՝ «Բորուսսիայի» ղեկավարությունը չի անհանգստանում:

«Ես չեմ մեկնաբանելու այս լուրերը: Մենք աշխատում ենք պայմանագրի երկարաձգման ուղղությամբ և լավ բանակցություններ ենք վարում Միկիի և պարոն Ռայոլայի հետ»,-դորտմունդյան ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

 

Նախորդ հոդվածը‘Ռայոլա. «Իբրան բոլոր մայրցամաքներից առաջարկներ ունի»’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Ռոնալդուն ամեն ինչ կանի ևս մեկ «Ոսկե գնդակ» ստանալու համար»’