‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը գերմանական Kicker պարբերականին’

1350

Ձեր ուշադրության ենք ներկայացնում գերմանական հանրահայտ Kicker պարբերականի Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցը:

Հայ ֆուտբոլիստները իրենց խաղով երկակի զգացումներ են պարգևում: Վրաստանի և Իրանի միջև գտնվող երկրի հավաքականի ֆուտբոլիստները իրենց երկրպագուներին մե՛րթ սենսացիոն անակնկալներ են մատուցում (հունիսին արտագնա խաղում 4-0 հաշվով հաղթելով Դանիային ), մե՛րթ պարտվում Ալբանիայի (0:2) և Մալթայի (0:1) կարգի թիմերին:

— Մենք երբեմն այդպես ենք խաղում, երբեմն էլ՝ այլ կերպ,- խորը շունչ քաշելով պատասխանում է 24-ամյա Հենրիխ Մխիթարյանը, ով իր երկրի գլխավոր հերոսներից է: Մինչ Դորտմունդի հետ մինչ 2017թ. պայմանագիր կնքելը  Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում», որի կազմում դարձել է Ուկրաինայի չեմպիոն: Դորտմունդ տեղափոխվելուց հետո «Բորուսսիայի» երկրպագուների բանակը միանգամից մեծացավ, դրա վառ վկայությունը «Բուրսասպորի» դեմ ընկերական խաղի ուղիղ հեռարձակման վիճակագրությունն է: Գերմանական ակումբի օնլայն խանութը իր ապրանքանիշը այլ երկրներ ուղարկվող ցանկին ավելացրեց նաև Հայաստանy:

 — Հենրի՛խ, երեք միլիոն հայերից ներկա պահին քանի՞սն են երկրպագում Դորտմունդի «Բորուսսիային»:

 — (ժպտում է) Կարծում եմ, նրանք երեք միլիոնից շատ են: Աշխարհի տարբեր ծայրերում մոտ 8մլն հայ է բնակվում:

 — Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաղթել է Շախմատային Օլիմպիադայում, Ձեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող քանակով ամենամեծ թվով գրոսմայստերներն ունի: Դրա համա՞ր է անգլիական BBC հեռուստաալիքը իր ռեպորտաժներից մեկում հայերին անվանել է աշխարհի ամենախելացի ազգը:

-Մեզ մոտ խելացի մարդիկ շատ են: Եվ մենք իրոք շատ զորեղ շախմատիստներ ունենք: Գարնանը ես ծանոթացա Լեւոն Արոնյանի հետ, ով արագ եւ բլից շախմատում աշխարհի չեմպիոն է դարձել:

Մխիթարյանը մեզ հարցազրույց տվեց ֆրանսերենով, նա տիրապետում է 5 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն:

 Նա սիրում է ճաշել Դորտմունդի Fénix ռեստորանում և արդեն կարողանում է գերմաներենով որոշ մտքեր փոխանակել: Հենրիխը շատ արագ է յուրացնում գերմաներեն լեզուն:

— Կարողանու՞մ ես շախմատ խաղալ:

— Այո, մի փոքր:

— Դուք հանրահայտ հայ գրոսմայստերներ ունեք Տիգրան Պետրոսյան, Գարրի Կասպարով: -Արդեն փորձե՞լ եք նրանց պարտիաները կրկնել:

— Ոչ, բայց մի գեղեցիկ օր ես կխաղամ Լևոն Արոնյանի հետ: Հուսով եմ:

— Դուք սովորում եք տնտեսագիտության բաժնում, թատրոն եք հաճախում, իսկ ավելի պարզ հոբբիներ չունե՞ք:

— Խաղում եմ Playstation, որը ինձ երբեմն նյարդայնացնում է: Դա ինձ շատ է մոտիվացնում: Ավելի լավ կլինի, եթե այլ բանով զբաղվեմ:

— Ձեր նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն դեմ էր Ձեր Դորտմունդ տեղափությանը, նա ասել էր, որ եթե Դուք ընտրեք Բարսելոնան, Մադրիդը կամ Մանչեսթերը, ապա խնդիր չկա, բայց միայն ոչ Դորտմունդ: Նա կարծում է, որ Դուք Դոնեցկի համեմատ դեպի առաջ քայլ չեք կատարում: Ի՞նչ կասեք:

— Լուչեսկուն մեծ մարզիչ է: Նա ողջ սրտով չէր ցանկանում, որ ես հեռանայի «Շախտյորից»: Նա շատ տխրեց, երբ ես հեռացա: Ըստ իս, «Բորուսսիա» տեղափոխությունը մի քայլ առաջ է, և ես խաղում եմ Ուկրաինայի առաջնությունից շատ ավելի ուժեղ մրցաշարում:

— Դուք կարող էիք տեղափոխվել Անգլիա՝ «Լիվերպուլ» կամ «Տոտտենհեմ» կամ Իտալիա՝ Թուրինի «Յուվենթուս»: Այս պահին Բունդեսլիգան Եվրոպայում ի՞նչ վարկանիշ ունի:

— Այն փաստը, որ նախորդ Չեմպիոնների լիգայում «Բորուսսիան» ու «Բավարիան» խաղացել են եզրափակչում, դա խոսում է գերմանական ֆուտբոլի որակի մասին: Ես քաջածանոթ եմ Բունդեսլիգային, Դորտմունդին դրա համար էլ այդպիսի որոշում կայացրեցի: Չնայած շատերը դեռ կարծում են որ Պրեմիեր լիգան լավագույն առաջնությունն է:

— Ձեր տեղափոխությունը սեփականատերերի հետ կապված խնդրի պատճառով շատ բարդ ստացվեց: Չէի՞ք անհանգստանում, որ այդ գործարքը չի ստացվի:

— Ամեն դեպքում կասկածներ կային: Ես ոչինչ չգիտեի, թե մոտակա երկու ժամում կամ վաղը ինչ կկատարվի: Երբ ես տեղեկացա, որ փոխում եմ աշխատանքիս վայրը ամենաերջանիկ մարդն էի:

— Արդյոք Դորտմունդ տեղափոխությունը Ձեզ համար յուրօրինակ ազատագրու՞մ էր:

— Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի պայմանները սահմանափակ են, ես չէի առաջադիմում:

— Դոնեցկը ուկրաինական ֆուտբոլի առաջատարն է, որի կազմում Դուք վերջին մրցաշրջանում դարձել եք 25 գոլի հեղինակ, պատրաստվու՞մ եք նույնը կրնկել նաև Եվրոպայում:

— Գերմանիայում դա շատ ավելի բարդ կլինի: Ես չեմ խոստանում: Սա իմ առաջին մրցաշրջանն է: Կաշխատեմ թիմին օգտակար լինել:

— Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Չեմպիոնների լիգայի 8 խաղում դարձել եք ընդամենը երկու գոլի հեղինակ:

— Դա կապված է մրցակիցների ավելի բարձր կարգի հետ, բացի այդ Լուչեսկուն ինձ հրահանգել էր ավելի շատ օգնել պաշտպանությանը, քան Ուկրաինայի առաջնությունում է: Ես առջևի գծում ավելի քիչ էի գործում:

— Youtube-ում տեղադրված 2012/13 մրցաշրջանի Ձեր լավագույն դրվագներից երևում է, որ հաճախ եք հայտնվում կենտրոնական հարձակվողի գոտում, այդտեղ եք ավելի լա՞վ զգում:

— Այդ հարցը ինձ շատ են ուղղել, որ իմ գոլերից 10-ը խփել եմ այդ գոտուց: Մարզիչն է որոշում, թե կոնկրետ խաղում ինչ դիրքում գործեմ: Երբեմն օգնում եմ պաշտպանությանը, երբեմն խաղում եմ միջին գծում, կարելի է ասել ամենուր եմ: Եթե անկեղծ լինենք, ես սիրում եմ գոլեր խփել:

— Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում (1-0) երևաց, որ թիմի խաղակցվածության մակարդակը կաղում է: Հատկապես ի՞նչն էր խնդիրը:

— Մենք լավ նախապատրաստական շրջան ենք անցել և փորձել ենք բարձրացնել միմյանց հասկանալու և փոխըմբռնման մակարդակը: Այդ ամենը ժամանակի հարց է, մինչ կկարողանանք մեր խաղը ավտոմատիզմի հասցնել: Իսկ երբ մրցակիցը խաղում է խոր պաշտպանությունից, մենք ստիպված ենք լինում գործել սահմանափակ տարածությունների վրա:

— Ասում են, որ Դորտմունդը խաղաղ քաղաք է, մինչ մարզադաշտում ֆուտբոլի մեկնարկը: Դրանից հետո բոլորը խենթանում են: Ի՞նչ կասես:

— Կարծում եմ, որ դա շատ դրական ու խենթ բան է: Ես միշտ ցանկացել եմ խաղալ Արևմտյան Եվրոպայում: Ես գիտեմ, որ տեղի երկրպագուներն ինչքան կրքոտ ու զգացմունքային են, այդպես է նաև Ուկրաինայում: Ես սիրում եմ Դորտմունդում տիրող ֆուտբոլային մթնոլորտը, ու ոչ միայն դա:

— Դոնեցկում հանդես եկած Վիլլիանը, Ֆեռնանդինյոն, Ալեքս Տեյշեյրան կամ Թայսոնն ինչպիսի՞ ֆուտբոլիստներ են: Դորտմունդում հանդես եկող ֆուտբոլիստներն ավելի լա՞վն են:

— Գնդակը բոլորի համար էլ նույնն է: Ես մեծ տարբերություն չեմ տեսնում: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ շատ ուժեղ են:

— Ո՞րն է Ձեր նպատակը այս մրցաշրջանում:

— Այսպիսի օլիմպիական կարգախոս կա. «Այստեղ լինելը, արդեն ամեն ինչ է»: Դա վերաբերում է Դորտմունդի «Բորուսսիային» և Բունդեսլիգային: Բայց դա ինձ համար քիչ է: Ես խաղադաշտ եմ դուրս գալիս, որպեսզի տիտղոսներ նվաճեմ: 

Աղբյուրը՝ armfootball.am

Նախորդ հոդվածը‘Երևանում ծեծկռտուքի ընթացքում կողոպտել են 2 երիտասարդի’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների դատավարություն. Ցուցմունք տվեց Արեգ Գևորգյանը’