‘Հենրիխ Մխիթարյան. Աստղային հիվանդությունը ճանապարհ է դեպի սրընթաց անկում’

825

2012 թվականի ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Sport-Express-ին:

Հենրիխ, շնորհավորում ենք Ձեզ մեր մրցույթում վստահ և միանգամայն վաստակած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպե՞ս եք վերաբերվում անհատական մրցանակներին։

-Չեմ թաքցնի, որ դրանք ստանալն, ինձ համար հաճելի է, սակայն միայնակ ոչինչ չես նվաճի։ Ամեն անհատական մրցանակ, ամեն դեպքում, թիմի վաստակն է։ Այդ պատճառով, Ձեր մրցանակի համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ խաղընկերներիս։

Եթե խոսենք մեր մրցանակի մասին, ապա Դուք նույն շարքում եք Շևչենկոյի, Ակինֆեևի, Արշավինի հետ, իսկ եթե մի փոքր էլ խորանանք և նայենք մրցանակի գենետիկ արմատներին, ապա՝ Վորոնինի, Ստրելցովի, Բլոխինի հետ։ Դուք Ձեզ համարու՞մ եք այս մեծերի հետ հավասար անձնավորություն։

-Ո՛չ, ի՞նչ եք ասում։ Ես ընդհանրապես ինձ աստղ չեմ համարում, և մեծերին հասնելու համար դեռ շատ հեռու եմ։ Նրանց մակարդակին հասնելու համար պետք է աշխատել և աշխատել։

Բայց այս տարվա ընթացքում Դուք մեծ քայլ կատարեցիք դեպի աստղերը։ Ինքնագնահատականը դրանից մեծացե՞լ է։

-Կարծում եմ, որ ինքնդ քեզ գնահատելը սխալ է։ Իմ գործն այլ է՝ դուրս գալ խաղադաշտ և թիմին օգուտ բերել։ Երբ դա ստացվում է, լավ զգացողություններ ես ունենում, սակայն դրանք, ամենևին էլ, գլուխ գովելու առիթ չեն։

Իսկ արդյունավետության ապշեցնող թռի՞չքը։ Հետաքրքիր է, ինպե՞ս եք Դուք դա բացատրում։

-Թերևս, դա արված աշխատանքի պտուղներն են։ Շատ եմ վերլուծել իմ գործողությունները, հատկապես՝ որոշիչ պահերին իմ սխալները, չէ՞ որ անցյալում էլ ես գոլային պահեր շատ ունեի։ Եվ գիտե՞ք, վերջին շրջանում ավելի խելամտորեն եմ մոտենում դրանց։

Իսկ վստահության ձեռքբերման գաղտնիքներ կա՞ն։

-Միան մարզումների ժամանակ ճիշտ աշխատանքը։ Նաև՝ գործին պրոֆեսիոնալ մոտեցումը։ Իմ սեփական փորձով գիտեմ, որ բարձրակարգ ֆուտբոլում մանրուքներ չկան։ Ինչպես հանգստացար նախօրեին, ինչ կերար, ինչպես քնեցիր՝ այդ ամենն այս կամ այն կերպ ազդում են խաղի վրա։ Եվ ստացվում է փոխկապակցված շղթա՝ լավ պատրաստվեցիր – լավ խաղացիր – ավելացավ ինքնավստահությունը – ավելի շատ գոլերի հեղինակ դարձար – ցանկացար ավելի լավ նախապատրաստվել։

Ժամանակին Դուք հիանում էիք Զիդանով։ Իսկ հիմա կա՞ մի խաղացող, ով օրինակ է Ձեզ համար։

-Դրանք շատ են՝ Մեսսի, Չավի, Ինյեստա, Ռոնալդու։ Նրանց նման, թերևս, բոլորն են ուզում խաղալ։

Իսկ եթե խոսենք Ձեր դիրքի մասինԻ դեպ՝ ինչպե՞ս կորակեք այն՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան, թե՞ երկրորդ հարձակվող։

-Ե՛վ այնպես, և՛ այնպես։ Սկսում եմ խաղն իմ գոտում, սակայն հետո ստիպված եմ լինում և՛ հետ նահանջել, և՛ առաջ գնալ։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Եթե համեմատենք իմ դիրքը համապատասխան դիրք զբաղեցնող ֆուտբոլիստների հետ, ապա դա, թերևս, Օզիլի և Ռունիի դիրքն է։

Նրանց հետ համեմատվու՞մ եք։

-Դա անօգուտ գործ է, պետք է ոչ թե համեմատվես, այլ ինքդ խաղաս՝ անելով ամեն ինչ, որպեսզի լինես օպտիմալ մարզավիճակում։

Սակայն հիմա «Շախտյորն» այնքան հավակնոտ է դարձել, որ եվրոպական առաջատարների հետ ստիպված ես լինում համեմատվել

-Այո՛, մեր թիմի նպատակները մեծ են։ Սակայն վերացական վերլուծություններ անել պետք չէ․ առաջիկայում «Բորուսիայի» հետ կարևորագույն խաղեր են, դա նշանակում է, որ պետք է պատրաստվել դրան և մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է դիմակայել այդ մրցակցին, որպեսզի անպայման հաղթենք։

Իսկ եթե խոսենք Ձեր անձնական ծրագրերի մասին՝ որքա՞ն հեռու են դրանք գնում։ Ո՞ր թիմում կցանկանայիք խաղալ։

-Մինչև 2015-ը ես պայմանագիր ունեմ «Շախտյորի» հետ, և ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին։ Եվ մտածում եմ միայն դրա մասին։ Իսկ եթե ինչ-որ տրանսֆերային թեմա առաջանա, ապա որոշումը պետք է կայացնի ակումբի ղեկավարությունը։ Իսկ հիմա իմ սեփական նպատակը Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է առաջ գնալն է և նոր հաղթանակները Հայաստանի հավաքականի հետ։

Ուկրաինայի առաջնության մասին խոսելն ավելո՞րդ է։

-Ցավոք, Ուկրաինայի առաջնության մակարդակը ցածր է։ Չեմպիոնների լիգան անհամեմատ դժվար մրցաշար է։

Նման տարբերությունը չի՞ խանգարում եվրոպական մրցասպարեզում։

-Կարծում եմ, որ եթե խաղայինք Անգլիայում կամ Իսպանիայում, մեր հաջողություններն ավելի մեծ կլինեին։

Իսկ ԱՊՀ առաջնությունն, այդ առումով, կօգնի՞։

-Հետաքրքիր գաղափար է, սակայն քննարկել, թե որքան իրատեսական է դա, իմ գործը չէ։ Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ խնդրով, նրանք էլ կորոշեն՝ անցկացնել նման մրցաշար, թե ոչ։

Հենրիխ, եթե ԱՊՀ առաջնությունը կայանա, արդյոք կարելի է սպասե՞լ, որ ի հայտ կգա հայկական մի թիմ, որը համեմատելի է 70-80-ականների «Արարատի» հետ։

-Վստահ եմ, որ եթե հայկական ակումբը հայտնվի նման առաջնությունում, այն ամեն ինչ կանի, որպեսզի մրցունակ լինի, և կհավաքի այնպիսի ֆուտբոլիստների, որոնք կարող են իրական օգնություն ցուցաբերել։

Այդ դեպքում, որքան հասկանում եմ, շեշտը կդրվի հայ ֆուտբոլիստների վրա, ովքեր հանդես են գալիս դրսի առաջնություններում։ Դրա հետ կապված մի հարցո՞րն է պատճառը, որ Հայաստանի հավաքականը թույլ մեկնարկեց որակավորաման այս փուլում։ Բոլորը սպասում էին, որ դուք անպայման պայքարելու եք Բրազիլաիյի ուղեգրի համար…

— Առայժմ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Այո, մեքն անհաջող մեկնարկեցինք, սակայն ամեն ինչ կարող ենք շտկել: Մեր թիմը շատ երիտասարդ է, հեռանկարային։ Վստահ եմ, որ այն շատ բաների է ունակ։ Այնպես որ, դեռ կպայքարենք։

Եթե խոսենք անձամբ Ձեր մասին, աճող համբավը չի՞ խանգարում Ձեզ ձեր առօրյայում կամ, ընդհակառակը, օգնու՞մ է լուծել ինչ-որ հարցեր։

-Չի խանգարում, քանի որ ես դրան մեծ ուշադրություն չեմ դարձնում։ Ես շատ հասարակ մարդ եմ, և, ինձ թվում է, մնացել եմ այնպիսին, ինչպիսին 5 կամ 7 տարեկան էի։

Ձեր խաղընկերների արձագանքից կարելի է ենթադրել, որ հենց այդպես էլ կա։ Սակայն համացանցում վերջին շրջանում հայտնվել են հրապարակումներ երկրպագուների նկատմամբ Ձեր վերաբերմունքի փոփոխության մասին։ Որտե՞ղից են այդ հրապարակումները։ Ու՞մ է ձեռնտու Ձեզ աստղային հիվանդություն վերագրելը։

-Ինձ դժվար է կարծիք հայտնել դրա մասին։ Ինչպես և ցանկացած մեկի դեպքում, ես էլ, անշուշտ, ունեն վատը ցանկացողներ, բոլորին դուր գալ հնարավոր չէ։ Այդ մարդիկ կարող են յուրովի մեկնաբանել ինչ-որ դրվագներ, հնարել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն։ Այդ իրավիճակում ինձ համար կարևոր է, որպեսզի բոլորն, ովքեր ինձ գիտեն, ասեն՝ Հենրիխ Մխիթարյանը չի փոխվել ո՛չ «Շախտյոր» տեղափոխվելուց, ո՛չ էլ Հայաստանի և ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո։ Խնդրում եմ հավատացե՛ք, ես շատ լավ գիտակցում եմ, որ աստղային հիվանդությունը ճանապարհ է դեպի սրընթաց անկում։

Բայց չէ՞ որ մարզիկը պետք է լինի ոչ թե համեստ, այլ լկտի։

-Խաղադաշտում՝ այո, բայց կյանքում՝ ոչ։ Չեմ կարծում, որ պետք է ինչ-որ այլ կերպ ինձ դրսևորեմ նրանց համեմատ, ով ապրում է կողքիս՝ ակումբում, քաղաքում, երկրում։

 Ի՞նչ եք կարծում, Ձեր հայրը կուրախանար հիմա Ձեզ համար։

-Չեք պատկերացնում՝ ոնց կուզեի, որպեսզի նա տեսներ խաղս։ Եթե հայրս կողքիս լիներ, շատ բաներ ավելի հեշտ լուծումներ կստանային, էլ չեմ ասում պրոֆեսիոնալ խորհուրդների մասին։ Սակայն ստացվեց այնպես, որ նա շատ վաղ լքեց մեզ։

Ի՞նչ եք նրանից հասցրել վերցնել։

-Գիտակցված՝ ոչինչ, քանի որ երբ նա մահացավ, ես 8 տարեկան էի։ Սակայն բոլոր նրանք, ովքեր տեսել են հորս, ասում են, որ խաղադաշտում մենք վազում ենք և հարվածներ կատարում նույն կերպ։ Այնպես որ, շատ բաներ, ինչ ես հիմա ունեմ, հորիցս եմ ժառանգել։

Ինչպե՞ս է ազդել Ձեզ վրա Բրազիլիայում 4 ամիս տևած վերապատրաստումը։

-Գիտեք, երբ մեք վերադարձանք Սան-Պաուլոյից (այնտեղ ես երկու խաղընկերներիս և մարզչի հետ էի), առանձնահատուկ փոփոխություններ չզգացի։ Ավելի ուշ միայն հասկացա, որ այդ ստաժավորումն ինձ շատ բան տվեց։

Ի՞նչ առումով։

-Թե՛ տեխնիկայի առումով որոշ բաներ ընկալել էի, ինչպես հետագայում պարզվեց՝ ենթագիտակցորեն, թե՛ ֆուտբոլի նկատմամաբ վերաբերմունքիս առումով, առհասարակ։

Արդեն պարզ է, թե ինչպես պատահեց, որ այդպես արագ աճ արձանագրեցիք։ Բայց ինչու՞ «Փյունիկից» տեղափոխվելիս ընտրեցիք ոչ թե Կիևի «Դինամո՞ն», «Բոկա Խունիո՞րսը» կամ «Լիո՞նը», որոնք ակտիվ հետաքրքրվում էին Ձեզանով, այլ ավելի համեստ Դոնեցկի «Մետալու՞րգը»։

-Մարզիչ Նիկոլայ Կոստովի շնորհիվ։ Մինչ այդ նա աշխատում էր Հայաստանում՝ «Բանանցում», ես նրան լավ գիտեի և հասկանում էի, որ այդ մասնագետի հետ աշխատանքն ինձ միայն օգուտ կտա։ Մանավանդ, որ չէի պատրաստվում կտրուկ ցատկերի, այլ ուզում էի քայլ առ քայլ առաջ շարժվել։ Բացի այդ, այն ժամանակ «Մետալուրգի» սեփականատերն իմ հայրենակիցներն էր, ինչը քիչ դեր չխաղաց։

Իսկ ինչու՞ մյուս քայլը կատարեցիք դեպի «Շախտյոր», այլ ոչ թե «Վերդեր» կամ «Տոտենհեմ»։

-Այդ ակումբների կողմից եղած հետաքրքրության մասին գիտեի մամուլից, սակայն կոնկրետ առաջարկներ նրանցից չէի ստացել, ի տարբերություն «Շախտյորի», որի ընտրության համար գեթ մեկ վայրկյան չեմ զղջացել։ Դա իրականում մեծ ակումբ է։

Կարելի՞ է ասել, որ «Շախտյորն» այս տարի չեմպիոնների լիգայում որակական նոր մակարդակի վրա է։

-Այո, մենք աճել ենք և անհրաժեշտ փորձ ենք ձեռք բերել Լուչեսկուի գլխավորությամբ, ով մեծ ներդրում է ունեցել թիմի և առանձին խաղացողների վերելքի հարցում։

Շախտյորի» առաջընթացը նշեց ողջ Եվրոպան, սակայն տպավորությունը փչացրեց Լուիս Ադրիանուի գոլը «Նորշելանդին»…

-Դա, անկասկած, սխալ էր, ինչը Ադրիանուն գիտակցեց և որի համար պատիժ կրեց։ Նա հետո ասաց, որ մինչև վերջ չգիտակցեց, թե ինչ է տեղի ունեցել։ Թիմում բոլորի համար այդ պատմությունը տհաճ էր, և յուրաքանչյուրը, թերևս, իր համար եզրահանգումներ արել է։ Սակայն հիմա ժամանակն է մոռանալ դա և առաջ գնալ։

Մեկ տարի առաջ «Զենիթը» Չեմպիոնների լիգայում հաղթեց «Շախտյորին»։ Արդյոք սա խոսու՞մ է այն մասին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնությունների միջև տարբերություն կա։

-Ռուսական և ուկրաինական ակումբների միջև խաղերը միշտ էլ մեծ հետաքրքրություն են առաջացնում, ես հասկանում եմ հարցը։ Սակայն մեկ խաղով չի կարելի ուժերի հարաբերակցության մասին եզրահանգումներ անել։

Լավ, հարցն այլ կերպ ձևակերպեմ. եթե Դուք հրավեր ստանաք ռուսական ֆուտբոլի առաջատարներից մեկից, կքննակեք այն, թե միանգամից կմերժեք։

-Կմերժեմ։ Քանի որ հիմա իմ բոլոր մտքերը, կրկնեմ, «Շախտյորի» հետ են։

Բայց ամեն ինչ հավերժ չէ։ Հասկանում եմ, որ «Շախտյորից» տեղափոխությունը ռուսական ակումբ, դժվար թե, ձեր նպատակներից լինի, չէ որ աշխարհում կան «Բարսելոնա», «Ռեալ», «Մանեչսթեր Յունայթեդ»… Եթե քարտ-բլանշ ստանայիք, ո՞րը կընտրեիք։

-Որքան էլ որ տարօրինակ է, երբեմն դրա մասին չեմ մտածել։ Ապրում եմ այսօրվա օրով։

Վերադառնանք անցած տարվա արդյունքներին։ Ի՞նչ եք կարծում, այդ տարվա իրադարձություններից մեկը տեղ կգտնի՞ Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունների լավագույն հնգյակում կամ տասնյակում։

-Իհարկե, նման կանխատեսում դժվար է անել, սակայն անցած տարվա կարևոր իրադարձություններից կառանձնացնեմ Դոնեցկում «Նորշելանդի» դարպասը խփածս գոլը։

Առաջի՞նը, թե՞ երկրորդը։

-Առաջինն, իհարկե, քանի որ հենց այն բացեց Չեմպիոնների լիգայում իմ գոլերի հաշվեկշիռը։ Սա այն է, ինչի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ։

Գաղտնիքը կբացե՞ք. ինչպե՞ս անել, որպեսզի երազներն իրականություն դառնան։

-Իմ գաղտնիքը շատ պարզ է։ Ողջ կյանքիս ընթացքում ինձ շրջապատել և շրջապատում են գերազանց մարդիկ, ովքեր օգնում են, աջակցում են անհաջողությունների դեպքում, չեն թողնում գոռոզանամ հաջողությունների դեպքում։ Դրա համար կարող եմ շնորհակալ լինել Աստծուց։

Բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն, սնահավատությանը չեն հավատում։ Իսկ Դուք, օրինակ, բոլոր թիմերում կրում եք 22 համարը։ Դրա հետևում ինչ-որ բան կա՞։

-Այստեղ սնահավատության խնդիր չկա։ Այն միանգամայն պատահական եմ ստացել, իսկ հետո պահպանեցի այն «Մետալուրգում» և «Շախտյորում»։ Ինչ-որ կարևոր բան երկու երկուսների մեջ չեմ դնում։ Ինչ համար, իրականում, միևնույնն է, թե որ համարով կխաղամ։

Ասում են, որ Դուք շատ կազմակերպված մարդ եք։ Լավ, չի եղե՞լ, որ, ասենք, մոռանաք մարզման ժամը։

-Գիտեք՝ ո՛չ (ժպտում է)։

Դոնեցկի երկրպագուների նախորդ կուռքը՝ Անատոլի Տիմոշչուկը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ մարզիչներն իրեն բազմաթիվ անգամներ վիարավորել են։ Ձե՞զ էլ։

-Ես աշխատում եմ խուսափել որևէ բախումից, այդ թվում՝ մարզիչների և թիմակիցներիս հետ։ Բոլորին վերաբերվում եմ առավելագույն հարգանքով, և հույս ունեմ, որ նման վերաբերմունքի կարժանանամ նաև ես։

Իսկ եթե մարզիչն ինչ-որ կտրուկ բաներ է ասում…

-Տարբեր իրավիճակներ են լինում։ Եթե մարզիչը դժգոհ է իմ խաղից, դա նշանակում է, որ ես ունեմ մեղքիս բաժինը։ Սակայն կտրուկ խոսելը և վիրավորանքը, դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Դրան գործը երբեք չի հասել։

Վաստակած որ գումարի համար եք առավել ուրախ եղել։

-«Փյունիկում» առաջին աշխատավարձիս, որը ստացա 15 տարեկանում։ Դա իրոք մեծ ուրախություն էր։

Իսկ հիմա նույնիսկ մեծ գումարները նման հույզեր առաջացնու՞մ են։

-Ո՛չ, փողն ամենակարևոր բանը չէ կյանքում։

Այսինքն, երբ գալիս եք ռեստորան, ձախից աջ եք մենյուն ուսումնասիրում, թե հակառակը՝ սկսած գներից։

-Ես ուտում եմ այն,ինչ ինձ դուր է գալիս։ Եթե կարճ ձևակերպեմ, ապա ես չեմ ապրում գումար վաստակելու համար, այլ վաստակում եմ ապրելու համար։

Եղե՞լ են պահեր, երբ շատ եք վախեցել։

-Որ անչափ շատ վախեցած լինեմ, այդպիսի բան չի եղել։ Հուսով եմ՝ չի էլ լինի։

Իսկ ֆոբիաներ ունե՞ք։ Ես, օրինակ, բարձրությունից շատ եմ վախենում։

-Մանուկ տարիքում մթից էի վախենում։ Սակայն հետո հասկացա, որ վախենալու ոչինչ չկա (ծիծաղում է)։

Հատուկ բան արեցի՞ք դրա համար։

-Ո՛չ, տարիքի հետ ամեն ինչ անցավ։

Իսկ Ձեր կյանքում եղե՞լ են իրավիճակներ, երբ ասել եք՝ «Աստված փրկեց»։

-Այո՛, սակայն չէի ցանկանա պատմել դրա մասին։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Դուք բավականին փորձառու եք։ Ի՞նչը ձեզ կարող է զարմացնել։

-Սիրում եմ զարմանալ լավ բաների վրա, չնայած դրանք ավելի քիչ են տեղի ունենում, քան նախկինում։ Իսկ ահա տհաճ անակնկալներից աշխատում եմ խուսափել։

Իսկ Ձեր կյանքում բացի ֆուտբոլից ա՞յլ բան կա։

-Ընտանիքս, ընկերներս, լավ մարդկանց հետ շփումը։

Գիտեմ որ Դուք Ամանորը նշել եք Հայաստանում։ Չե՞ք պատմի, թե ինչ ցանկություն եք պահել 2013-ին։

-2013-ը լավ դիմավորեցինք՝ ընտանիքիս՝ մորս, քրոջս, տաիկիս հետ։ Իսկ պահածս ցանկությունները շատ պարզ էին՝ որպեսզի բոլոր հարազատներս առողջ և երջանիկ լինեն։

Իսկ այդ պարզ ցանկությունների մեջ ֆուտբոլայինները չկայի՞ն։

-Նման ցանկություններ պահելն անիմաստ է։ Ամեն ինչի պետք է ինքդ հասնես։

SportArmenia.com

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման իր հաձնակատարի միջոցով գաղտնի հաղորդագրություն կփոխանցի Մոսկվային’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան ՔԲԿ անդամներին երաշխավորում է առանց խոչընդոտների լքել երկիրը’