‘Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ 2015-ին ամեն ինչ այլ կերպ կլինի»’

1130

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բունդեսլիգայի պաշտոնական կայքին տրված հարցազրույցը: Հայ ֆուտբոլիատը խոսում է մրցաշրջանի երկրորդ հատվածից իր ակնկալիքների մասին:

— Ուրա՞խ եք, որ եկավ ձմեռային դադարի պահը:

— Ամեն դեպքում, ձմեռային դադարի պահը եկավ ճիշտ ժամանակին: Որպես թիմ հիմա մենք վերալիցքավորվելու և ամբողջովին անջատվելու հնարավորություն ունենք: Մեզ ինչպես երբևէ անհրաժեշտ է բարձր մոտիվացիայով սկսել երկրորդ կեսը: Անձամբ ինձ համար լավ է, որ անհրաժեշտ ժամանակ ունեմ մկանային վնասվածքից ապաքինվելու համար: Հուսով եմ, որ հունվարին լիարժեք կանցկացնեմ նախապատրաստական փուլը:

— Ըստ Ձեզ ո՞րն է «Բորուսիայի» անհաջող ելույթների գլխավոր պատճառը:

— Շատ պատճառներ կան: Ակնհայտ է, որ մեր աշխարհի չեմպիոններին ժամանակ պետք եղավ լավագույն ելույթներին վերադառնալու համար: Մեծ թվով վնասվածքները նույնպես, անկասկած, իրենց ազդեցությունն ունեցան: Մենք նաև մտածում էինք, որ ի վերջո կսկսենք հաղթարշավ, սակայն դա այդպես էլ չեղավ: Հիմա շատ հեռու ենք առաջին տեղերից և եվրագավաթներում հայտնվելը երազանքի նման է դարձել: Մենք պետք է պարզապես վերադառնանք մեր ռիթմին և փորձենք  անցյալում թողնել այս անհաջող հատվածը և արագորեն լքենք վտանգավոր գոտին: Այլապես ամեն ինչ ավելի ու ավելի մռայլ կլինի:

— Ինչու՞ չի հաջողվում վերադառնալ հաղթական ռիթմին:

— Կարծում եմ, որ խնդիրն ամբողջությամբ հոգեբանական է: Օրինակ, Մյունխենգլադբախի դեմ խաղում (1:0) մենք կարողացանք երեք միավոր վաստակել, մտածեցինք, որ «Պադերբորնին» նույնպես կհաղթենք (2:2): Իհարկե, շատ փաստեր են դեր խաղում: Մեծաթիվ վնասվածքները, ինքնավստահության պակասը, մրցավարական որոշումները, որոնք ոչ միշտ են մեր օգտին և այլն:

— Յուրգեն Կլոպը ծա՞նր է տանում այս իրավիճակը:

— Բոլորս էլ ցավ ենք ապրում այս ճգնաժամի պատճառով: Մարզիչը փորձում է վերագտնել հաղթական ուղիները, բայց դա հեշտ չէ: Նա միշտ մեզ հետ է, բայց շատ ցավալի է, որ չենք կարողանում հաղթել և երջանկացնել նրան: Ես էլ եմ տխրում, երբ այդ վիճակում եմ տեսնում իրեն:

՛- Թիմում մինչ այժմ ինչ-որ փոփոխություններ նկատե՞լ եք:

— Ակնհայտ է, որ նման իրավիճակում շատ ավելի պակաս վստահությամբ ես գործում: Մեզ պարզապես հաղթանակներ են անհրաժեշտ: Այժմ ունենք այն թեթևության կարիքը, որը եղել է վերջին տարիներին: Մեր թիմի գրեթե բոլոր ֆուտբոլիստների համար սա նոր իրավիճակ է և դժվար է բոլորիս համար:

— Անձամբ դուք ոչ մի գոլ չեք խփել, չնայած նրան, որ շատ հնարավորություններ եք ունեցել: Ի՞նչն է խնդիրը:

— Այստեղ խնդիրը նույնպես հոգեբանական է: Ինձ պարզապես անհրաժեշտ է նվաճումների հասնելու զգացողությունը, որպեսզի կրկին արդյունքներ ցուցադրեմ: Ինձ կամ խանգարում է մրցակցի դարպասապահը կամ սխալ որոշումներ եմ կայացնում եզրափակելիս: Հուսով եմ, որ 2015 թվականին ամեն ինչ այլ կերպ կլինի:  

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյաս.«2014-ը լավագույն տարին էր իմ կարիերայում»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը’