‘Հեռախոսամարաթոն 2014-ն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվության խոստում’

868

Նոյեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել Հիմնադրամի 15-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: 
Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող դրամահավաքին Փարիզից մասնակցել են նաեւ Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինները, իսկ Հունաստանի տեղական մարմինը մարաթոնին միացել է նոյեմբերի 22-ից 23-ը Աթենքում անցկացված դրամահավաքով: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաեւ Բելգիայի հայ համայնքը: 
Միջոցառումն այս տարի անցկացվել է ` “Տաղանդ, հմայք եւ առատաձեռնություն” խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների եւ հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղված ձեռնարկներին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաեւ միջոցառման կնքահայրն ու կնքամայրը` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն: 
Նվիրաբերված գումարներն այս տարի կուղղվեն Տավուշի մարզի գյուղատնտեսական տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայերի աջակցությանը:

Նվիրատվության խոստումներն ըստ երկրների`
Ֆրանսիա 1.246.344 եվրո
Գերմանիա 71.345 եվրո
Շվեյցարիա 31.726 եվրո
Հունաստան 21.000 եվրո
Բելգիա 6.000 եվրո

Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2014-ը կանկացվի նոյեմբերի 27-ին: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով եւ ինտերնետային կապով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կաքերի միջոցով:

Այս տարվա Հեռուստամարաթոնը նվիրված կլինի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման երկրորդ փուլին, որով նախատեսված է ավարտին հասցնել ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը: 

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջեւ` նոր խթան հանդիսանալով մեր երկու երկրների տնտեսության զարգացման համար: Խոշորածավալ այս ծրագիրն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ տարաբնույթ այլ ծրագրեր իրականացնելու նպատակով Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահավաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից: Հայաստանում նոյեմբերի 1-ից մեկնարկել են փոստային եւ sms նվիրատվությունները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակության այս ծրագրին մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Թբիլիսիի նկատմամբ ԱՄՆ ճնշումը խանգարում է աբխազական երկաթուղու բացմանը’
Հաջորդ հոդվածը‘ՄԱՁԻԱՀ բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևան այցելել է Հայաստան (ֆոտո)’