‘Հետազոտություն. Ալիևի դուստրերը միլիարդավոր դոլարների ակտիվներ են տնօրինում’

2030

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին է պատկանում ոսկու վեց հանքերի ընկերությունների 56 տոկոսը, որոնց արժեքը կազմում է մի քանի միլիարդ դոլար, ասվում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտությունների կենտրոնի (OCCRP) ուսումնասիրության մեջ՝ հիմնված փաստաթղթերի արտահոսքի վրա՝ պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայից:

Ինը տարի առաջ Ադրբեջանի նախագահն այդ վեց հանքավայրերի շահագործման իրավունքը փոխանցել է Մեծ Բրիտանիայում ինչ-որ ընկերության և երեք օֆշորների, սակայն իրականում, պնդում է OCCRP-ն, հանքավայրերն անցել են Ալիևի ընտանիքի տնօրինման տակ:

Ալիևի մամլո ծառայությունից BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել են, որ օրենքը չի արգելում նախագահի զավակներին  կոմերցիոն կառույցներ ունենալ: Մամլո քարտուղարի խոսքով՝ նրանք արդեն «Ադրբեջանի չափահաս քաղաքացիներ են»: « Նրանք կարող են սեփական բիզնեսն ունենալ: Դա արգելված չէ»,- ասել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Ազեր Հասիմովը:

Պանամյան Mossack Fonseca իրավաբանական ընկերության միլիոնավոր փաստաթղթեր փոխանցվել են գերմանական Suddeutsche Zeitung թերթին, որն էլ, իր հերթին՝ այդ նյութերը տրամադրել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումին, որը համագործակցում է OCCRP-ի հետ: Կոնսորցիումի կարծիքով՝ Ալիևի ընտանիքի անդամներն այն մարդկանց թվում են, որոնք օֆշորային ընկերություններ ունեն Պանամայում: Լրագրողների խոսքով՝ փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանի նախագահի կնոջը, քրոջը և զավակներին են պատկանում «ոսկու հանքավայրեր և անշարժ գույք Լոնդոնում»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երկկողմանի կրակը դադարեցվել է’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Մեր ազգի համար այս բարդ պահին ցուցադրենք միասնություն եւ հզորություն»’