‘Հետազոտություն. 2013 թվականին մայրաքաղաքի բնակարաններն էժանացել են 4 տոկոսով ‘

1118

2013 թվականին Երևանում նախորդ տարվա համեմատ 4% նվազել են բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետր տարածքի գները: Այս մասին են վկայում «Օլիվեր Գրուպ» անկախ գործակալության կողմից իրականացված հետազոտությունները:

Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանի, Երևանում բնակարանների էժանացումը պայմանավորված է եղել մայրաքաղաքի բոլոր համայնքներում գների դրամական արտահայտությամբ անկումով, ընդ որում ամենամեծ անկումը գրանցվել է Քանաքեռ – Զեյթուն համայնքում` 7.1%, իսկ ամենափոքր անկումը` 1, 7%: Ըստ հետազոտության, ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում` 469,3 հազար դրամ, որին հաջորդում է Արաբկիրը` 364.2 հազար դրամ: Ամենացածր գները գրանցվել են Մալաթիա – Սեբաստիա համայնքում` 234 հազար դրամ:

Հետազոտությունը ներառել է 22 331 բնակարանների վաճառքի հայտարարություններ («ԳԻՆԴ»): Դրանցից 7972 եղել է երեք սենյականոց բնակարանների, 7203 –ը` երկու, 5521-ը` մեկ և 1635 – ը` չորս սենյականոց բնակարաններին: Ըստ հետազոտության, մեկ սենյականոց բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմել է 330,1 հազար դրամ, երկու սենյականոցներում` 320 հազար դրամ, երեք սենյականոցներում` 313,7 հազ. Դրամ, իսկ չորս սենյականոց բնակարաններում` 311.7 հազար դրամ:

«Չնայած գների անկմանը ակտիվությունն անշարժ գույքի շուկայում գործարքների առումով պահպանվում է, քանի որ մեր շատ հայրենակիցներ հայրենիք վերադառնալով բնակարաններ են գնում: Դա պայմանավորված է նաև հիփոթեքային վարկավորման ակտիվացումով»,-ասել է Ադուրյանը:

«Օլիվեր Գրուպ» ընկերության հիմնադիր Հրաչյա Հակոբյանն էլ իր հերթին է նշել, որ ի տարբերություն Կադաստրի պետական կոմիտեի, ինչպես նաև պետական այլ կառույցների հրապարակումներին, «Օլիվեր Գրուպի» հետազոտությունը հիմնված է շուկայի առաջարկի վրա, հաշվի առնելով վաճառողների կողմից սահմանված գները: «Ի տարբերություն պայմանագրային գների, որը հաշվի առնվում պետական կառույցների կողմից, առաջնային գները քիչ են տարբերվում գնորդների կողմից անշարժ գույք ձեռք բերելու նպատակով վճարված փաստացի գներից», — ասել է Հակոբյանը:

Իր հերթին, ՀՀ Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ իր հերթին է նշել, որ անշարժ գույքի շուկայի հետազոտությունը, որը պարբերաբար անց է կացվում «Օլիվեր Գրուպ» ընկերության կողմից, Հայաստանի բոլոր բանկերի համար կարող է ծառայել որպես գույքի գնահատման ուղեցույց: «Այս հետազոտությունները տարբերվում առանձնահատուկ օբյեկտիվությամբ: «Օլիվեր Գրուպի» հետ բանկերը վաղուց են աշխատում, համարելով նրան իրենց մշտական գործընկերը», — ասել է Ճզմաչյանը:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն` Վերին Լարսում խցանված քաղաքացիների մասին’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Մեծ Բրիտանիայում գաղտնի դատավարություններ կընթանան ահաբեկչության մեջ կասկածվողների հանդեպ’