‘Հետընտրական դեպրեսիա, կամ գազը կթանկանա…’

1386

Չնայած Ազատության հրապարակը րաֆֆիհովհաննիսյանաբար վերագործարկելու ճիգերին` հաստատապես կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանի ռեժիսորությամբ բեմադրված «ՀՀ ընտրություններ» ներկայացումն ավարտված է:

Սա, իհարկե, չի նշանակում, թե հերթական անգամ ինքն իրեն նախագահ կարգածին այլեւս ոչինչ չի սպառնում: Առավել եւս չի նշանակում, թե «անլուծելի խնդիրներ չունեցող» թիմը, ում Սերժ Սարգսյանը շտապեց շնորհակալություն հայտնել հաջողության առիթով, այսօր եւեթ, նրա հետ միասին, անցնելու է նախընտրական շրջանում շռայլված բոլոր խոստումների իրականացմանը, կամ «Ապահով Հայաստանի» օր առաջ կյանքի կոչմանը:

Այլ կերպ ասած` ավարտվել է ընդամենը միջոցառու’մը, իսկ կյանքն ահա շարունակվում է, ինչը, հատկապես «ընտրություններից հետո», նորանոր անակնկալներ է խոստանում մեր ազգաբնակչությանը: Օրինակ, արդե’ն իսկ կարելի է արձանագրել, որ նրա համար առաջին տհաճ անակնկալներից  մեկը բնական գազի թանկացումն է լինելու: Փաստ, ինչի մասին, ի դեպ, չենք կարող ասել, թե անտեղյակ էինք ամբողջությամբ: Պարզապես` «դեռ բանակցում ենք» հին ձայներիզը պտտող վարչապետն ու կառավարության նիստերից հետո ետնամուտքերով լրագրողներից խույս տվող ՀՀ  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը չէին համարձակվում այդ մասին ուղիղ կերպով աչքալուսանք տալ ՀՀ քաղաքացիներիս: Առջեւում ընտրություններին էին, եւ հրամայված էր լռել: Պա’րզ է…

Ճիշտ է` ընտրություններից առաջ, փետրվարի 12-ին, Կենտրոնական բանկը որոշակիորեն բացեց կառավարության խաղաթղթերը` ՀՀ-ում սպասվող գնաճի ցուցանիշերի քննարկման ֆոնին խոսելով գազի սակագնի սպասվող աճի, հետեւաբար նաեւ` ընդհանուր գնաճի ռիսկերի մասին, բայց եթե մեր տնտեսության եւ հանրային կարծիքի վրա նույնիսկ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը «չեն ազդեցություն ունենում», գազի սակագնի բարձրացումն ինչ է, որ Սերժ Սարգսյանին «անվերապահորեն հավատացող» մեր ժողովուրդն ուշադրություն դարձներ այդ մանրուքին, եւ, մնացած ամեն բան մի կողմ դրած` չընտրեր նրան հենց միայն այս հարցում ստելու եւ այսքան ժամանակ իր քթից բռնած ման տալու համար…

Իսկ որ ստել են` դեռ 2011թ. երկրորդ կեսին գիտեինք: Բավական է հրապարակվեր ՊԵԿ մաքսային ծառայության չորրորդ եռամսյակի տեղեկագիրը, եւ «բացի» ՀՀ կառավարությունից` մնացած բոլորի համար պարզ էր, որ 1000 խմ. ռուսական գազի համար նախկին 180 ԱՄՆ դոլարի փոխարեն 254 դոլար մաքսատուրք գանձելը հենց թանկացում է որ կա, ոչ թե ՀՀ բյուջեն լցնելու բարեհաճության դրսեւորում` «Գազպրոմի» կողմից:

Կարճ ասած` եթե «Գազպրոմը» բարեհաճ էլ է գտնվել, ապա միայն այս տեղեկությունը պաշտոնապես չհրապարակայնացնելու մակարդակում: Հասկանալի հիմքով. ընտրությունները բարով-խերով կավարտվեն,  նոր Սերժ Սարգսյանն ի’նքը կորոշի, թե ինքնարդարացման ինչ նոր «ֆռիկ» է հորինելու «իր» ժողովրդի համար: Ճիշտ է` տեղեկատվության վերահսկման առումով ռուսական կողմը մերոնց չափ արդյունավետ չգործեց, եւ, օրինակ, neftegaz.ru կայքը ընտրություններից առաջ բացահայտ գրեց, թե ինչու չեն արդեն ստորագրված համաձայնագիրը լույս աշխարհ բերում, բայց նույն մեր վարչապետին թվում էր, թե եթե ինքը շատ խաղացկուն-քամահրական ժպիտով լրագրողների առջեւ ԱԺ-ում հայտարարի, թե «մենք առայժմ գազի սակագնի բարձրացում չունենք», դա իսկապես էլ նշանակում է` չունենք եւ չենք ունենալու…

Դե եթե վարչապետն է իրեն այսպես պահում, հասկանալ կարելի է, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ինչ պարտիզաններ են աշխատում: Նույնիսկ ընտրություններից երկու օր առաջ էլ այստեղ մամլո քարտուղարի մակարդակով պնդեցին, թե «ՀԾԿՀ-ն դեռեւս չի ստացել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ որեւէ հայտ»: Լավ էր ասված` դեռեւս: Շուտով կստանաք եւ կհայտարարեք, որ, օրինակ` մարտից բնական գազի սակագինը բնակչության համար կթանկանա առնվազն 23,  իսկ խոշոր սպառողների համար` 29%-ով: Բնականաբար, ամեն բան միայն այդքանով չի սահմանափակվի. կթանկանան էլեկտրաէներգիան, տրանսպորտը, ներկրվող եւ արտադրվող ապրանքները, մի խոսքով` շղթայական ռեակցիայով կթանկանա ողջ կյանքը, եւ առանց այդ էլ մոտ 37%-ով աղքատ մեր բնակչությունը ե’ւս մի քանի հազար կիլոմետր ետ կշպրտվի թե’ «առաջանցիկ», եւ թե’ «ապահով» Հայաստանից…

Ի միջի այլոց, նյութն արդեն պատրաստ էր, երբ կայքերից մեկում հանրապետական մի պատգամավորի` նախընտրական շրջանում արտահայտած տեսակետին ծանոթացա հարցի առնչությամբ: Ըստ նրա` Ռուսաստանն այնքան «ռազմավարորեն» է դաշնակցում Սերժ Սարգսյանի հետ, որ գազի սակագինը եթե անգամ բարձրանա էլ` ԱՊՀ-ում նույնիսկ Բելառուսի համեմատությամբ ամենաէժանը կլինի: Դե սա արդեն ցնդաբանություն է, որովհետեւ, նախ, պիտի պարզել, թե ինչպես է պատահում, որ դեռ մեկ տարի առաջ 180 ԱՄՆ դոլար արժեցող գազը 400 դոլարից էլ թանկ է ստացվում` մինչեւ հասնում է սպառողին: Բացի այդ` ու՞մ են հիմարի տեղ դնում, ո՞վ չգիտի, որ նույն Բելառուսում գազի գին հասկացությունը շատ հարաբերական է այն պատճառով, որ դիֆերենցված կամ տարբերակված է: Օրինակ` մինչեւ 3.000 խմ. գազօգտագործողները ձմռանը վճարում են 358.8 ռուբլի, իսկ ամռանն ավելի թանկ` 933.6 ռուբլի: 3.000-5.500խմ. գազօգտագործողները ձմռանը վճարում են 466.4 ռուբլի, ամռանը` 1.213.7: Բոլոր նրանք, ովքեր այս շեմից բարձր սանդղակում են` վճարում են 2.095.1 ռուբլի: Հիմա թող հարգարժան պատգամավորը համեմատի այս թվերը` նոր խոսի, թե ՀՀ-ում անգամ Բելառուսից էժան գազ կարո՞ղ է մատակարարվել  սպառողին…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին շնորհավորողների ցանկը առավել քան խոսուն է’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել’