‘Հերթական գանձումը «Նաիրիտից». Մոսկվայի դատարանը պարտավորեցրել է 25 մլն դոլար բռնագանձել ‘

864

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցն ընդդեմ Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` 25,183 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ, հաղորդում է Ռուսաստանի իրավական և դատական տեղեկատվության գործակալությունը:Հայցի գծով պատասխանողը («Նաիրիտ գործարան») սեփականատիրոջը` Rhinoville Property Limited ընկերությանը տրամադրված վարկի գծով երաշխավոր է։ Մոսկվայի արբիտրաժային դատարանը հունվարին բավարարել էր Rhinoville Property Limited ընկերությունից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ Միջպետական բանկի հայցը: Մասնավորապես, դատարանը վճռել էր բռնագանձել 68,8 մլն դոլար հիմնական պարտքի գծով, ինչպես նաև վարկի մարումն ուշացնելու համար նախատեսված տոկոսները: Ինչպես նշվել է մարտի 11-ի նիստում, քանի որ գործարանը հանդես է եկել որպես վարկի գծով երաշխավոր, ապա նրա դեմ նույնպես հայց է ներկաայցվել 16,763 մլն դոլարի տոկոսներ և վճարումների ուշացման համար 8,419 մլն դոլարի գանձելու վերաբերյալ: Բանկի ներկայացուցիչը նշել է, որ Rhinoville Property Limited ընկերությունը վարկի գծով տոկոսների վճարումները դադարեցրել էր 2010 թվականի հունվարից: Միջպետական բանկը  2006 թվականին Rhinoville Property Limited ընկերությանը 70 մլն դոլարի վարկ էր տրամադրել: Ինչպես հաղորդվում է, գործը լսվել է պատասխանողի ներկայացուցիչների բացակայությամբ, որը պատշաճ ծանուցված է եղել նիստի մասին: Նշենք, որ կուտակված պարտքերի և պարապուրդի արդյունքում «Նաիրիտ գործարանը» կրել է 220-240 մլն դոլարի վնաս: Բացի այդ, 12 մլն դոլարի պարտք է կուտակվել աշխատավարձերի գծով: Գործարանով ակտիվորեն հետաքրքված է «Ռոսնեֆտը»: Դեկտեմբերի 23-ին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն դոլար: 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր ԱՊՀ Միջպետական բանկի՝ 107,95 մլն դոլարի հայցը «Նաիրիտ գործարանի» հիմնական բաժնետեր, օֆշորային Rhinoville Property Limited ընկերության դեմ՝ վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Rhinoville Property Limited-ը 2006թ. Միջպետական բանկից ներգրաված 70 մլն դոլար վարկը պետք է մարեր 5,3 տարի ժամկետում՝ մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը։

Նախորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հանդիպեցին Սլավոնական համալսարանի ուսանողների հետ’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Արդարադատության խորհուրդը ամենամեծ գուրզն է դատարանների անկախության գլխին (տեսանյութ)’