‘Հեքիաթ «Գնդլիկ-բոքոնիկի մասին» ու «սեքսի մասին» խորհուրդներ` ԱԺ լսումների ժամանակ’

1405

Ազգային ժողովում ռուսական գազի գնի ձեւավորմանը վերաբերող համաձայնագրերի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ իրանական գազի ներկրման խնդրին:  

Արզումանյանը նկատեց, որ իրանական գազի ներկրման հարցով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն անընդհատ հայտարարություններ է անում, որոնց անմիջապես հետեւում է Իրանի դեսպանի հերքումը:

«Դուք սկսել եք Կալաբոկի հեքիաթը պատմել, ես հարց եմ տալիս, դուք ասում եք՝  “ես բանակցել եմ արտաքին գործերի նախարարի հետ, էներգետիկայի նախարարի հետ”: Դուք բանակցում եք, բայց Իրանի դեսպանն ասուլիս է տալիս, հերքում է ձեր ասածները»,- նշեց Արզումանյանը:

Արզումանյանը նշեց նաեւ, որ հաճախ է միջազգային պայմանագրեր ստոևրագրելու առիթ ունեցել, բայց Հայռուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ պայմանագրի նման միակողմանի համաձայնագիր չի հանդիպել, որն ամբողջովին սահմանափակում է կողմերից մեկի հնարավորությունները:

«Այս համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել և երաշխավորել է, որ մինչև 2043 թ. որևէ օրենք, նորմատիվ և իրավական ակտեր չեն ընդունվի, որոնք չեղյալ կհամարեն սույն համաձայնագիրը», — մեջբերեց Արզումայնաը` նկատելով, որ սա «ուղղակի ապտակ է Ազգային ժողովին»:

Պատգամավորի կարծիքով,  Սահմանադրական դատարանը պետք է լուծարել այս համաձայնագրին դրական եզրակացություն տալու համար:

Իսկ ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Լյովա Խաչատրյանը բարձրացրեց ռուսական գազի կալորիականության հարցը` պատկերավոր համեմատության միջոցով: 

«Սովետի ժամանակ գյուղում առավոտյան սուրճը դնում էին գազին, իջնում գոմ` անասունին կերակրում, գալիս էին, կոֆեն խմում, գնում կոլխոզ», — պատմեց Խաչատրյանը: Իսկ հիմա, նրա խոսքով,  սուրճը դնում են գազին, գնում են անասուններին կերակրում են, գալիս են տուն, «կնոջը սիրում են, երկրորդ անգամ են սիրում, այդ ընթացքում սուրճը նոր հասցնում է եռալ»:

«Ես կալորիականությունից չեմ հասկանում, բայց հնարավոր չի այնպիսի գազ ներկրել, որ սուրճը շուտ եռա ու շուտ սուրճ խմենք աշխատանքի անցնելուց առաջ, որ ստամոքսներս չփչացնենք», — բողոքեց պատգամավորը: Նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան խորհուրդ տվեց «ավելի դանդաղ սիրել կնոջը»:  

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ինչպե՞ս հանդուրժել մի կառավարություն, որը խախտել է Սահմանադրությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Ժառանգությունը դիմեցին Սահմանադրական դատարան’