‘«ՀԷՑ»-ը պնդում է, որ վնասով աշխատելու պատճառով նոր ներդրումներ անել չի կարող’

992

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասը 2014 թվականին ավելացել է 7.6%, կազմելով 10.636 մլրդ.դրամ, 2013 թվականի 9.886 մլրդ.դրամի համեմատ:

Այս մասին փետրվարի 25-ին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, որտեղ նախատեսվում էր ընկերության ներդրումային ծրագրի հաստատումը:

Բիբինը նշել է, որ ընկերությունը գտնվում է դժվարին ֆինանսական վիճակում և չի կարողանում ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով ներգրավել վարկեր: Նա նշել է, որ ներկայումս էներգետիկա արտադրող ընկերությունների հանդեպ ընկերությունն ունի մոտ 13 մլրդ. դրամի ժամկետանց պարտքեր:

«Նման պայմաներում շատ դժվար է ներդրումային ծրագիր սկսելը, որը ֆինանսավորման առումով դեռ որոշված չէ: Ընկերությունն ունի հսկայական պրոբլեմներ, կապված վարկերի ներգրավման և հետագա ֆինանսական կայունության հետ»,-ասել է Բիբինը: Այդ պատճառով էլ նա Հանձնաժողովին առաջարկել է ներդրումային ծրագրի քննարկումը հետաձգել առնվազն 1.5 ամսով: Գլխավոր տնօրենը նշել է, որ ՀԷՑ ֆինանսական առողջացման ծրագրի ձևավորման նպատակով ՀՀ կառավարության և ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ընկերության մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Նախատեսվում է, որ երեք շաբաթում փաստաթուղթը կստեղծվի, որը կստորագրեն Սերժ Սարգսյանը և ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ընկերության ղեկավար Բորիս Կավալչուկը:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ նշել է, որ ռազմավարական ծրագիրը ներկայացվել է 2014 թվականի աշնանը, մեծ աշխատանք է կատարվել, և ընկերության այսօրվա առաջարկը բոլորովին անսպասելի էր: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ ներդրումներն ինքնանպատակ չեն, այլ լուծում են որակյալ և հուսալի էներգամատարարման խնդիրներ: Հետևաբար, Հանձնաժողովը որոշել է ՀԷՑ 2015 թվականի 8.4 մլրդ.դրամի ներդրումային ծրագրի ընդունումը հետաձգել մինչև ապրիլի 1-ը:

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը ճանապարհներին’
Հաջորդ հոդվածը‘PFP-ն հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին’