‘ՀԷՑ. Կենտրոնական ապարատում նախատեսվում է միայն վարչական անձնակազմի պահպանումը’

1110

Երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հանդիպում է ունեցել Ընկերության խոշոր սպառողների հետ աշխատանքի դեպարտամենտի (Դեպարտամենտ) կոլեկտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատակիցների՝ Ընկերության այլ ստորաբաժանումներում աշխատանքի տեղավորման հարցը: Ինչպես տեղեկացնում են ՀԷՑ-ից, ընկերությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: Մոտ ժամանակներս նախատեսվում է իրականացնել Ընկերության կանոնադրությամբ նախատեսված կորպորատիվ միջոցառումներ՝ ՀԷՑ ՓԲԸ կենտրոնական գրասենյակի նոր վարչակազմակերպական կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատման համար:

Ընկերության կազմակերպական կառուցվածքի ձևավորման ընդհանուր մոտեցումներից մեկը կենտրոնական գրասենյակում միայն կառավարչական անձնակազմի պահպանումն է՝ արտադրական անձնակազմը տեղափոխելով Ընկերության մասնաճյուղեր: Վերջինս վերաբերում է Դեպարտամենտի աշխատակազմին:

Դեպարտամենտի բոլոր աշխատակիցները կստանան Ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ պաշտոնական նամակներ՝ աշխատանքի տեղավորման առաջարկով:

Նշենք, որ խոսքը է դեպարտամենտի 41 աշխատակիցների մասին է, որոնց տեղեկացվել է, որ ընկերության օպտիմալացման նպատակով նրանք կազատվեն աշխատանքից: Նոյեմբերի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՀԷՑ աշխատակիցներ Վալերի Սարգսյանը և Համբարձում Մելիքյանը նշել են, որ ղեկավարության որոշումն իրենց համար անսպասելի էր: Նրանց խոսքերով, դեպարտամենտի ջանքերով հաջողվեց հիմնականում նվազեցրել էներգահամակարգի 40% կորուստները, մինչև ներկայիս 12%-ին: «Արվել է հսկայական աշխատանք, բայց այժմ  ստիպված ենք պաշտպանել մեր իրավունքները»,- ընդգծել են նրանք՝ նշելով անկացվելիք մի շարք ակցիաների մասին, որոնք երկուշաբթի օրվանից մինչ օրս շարունակվում են:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Հարությունյան. Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները քաղբանտարկյալներ են ‘