«Հիբրիդային ագրեսիա»․ Ինչ է կատարվում բելառուսա-լիտվական սահմանին

588

2021 թ․ ամռանը բելառուսա-լիտվական սահմանին անօրինական միգրանտների հոսքը մեծացել է առնվազն տասն անգամ։ Լիտվան սահմանին արտակարգ դրություն է հայտարարել, վրանային ճամբարներ  և ֆիզիկական արգելքներ է կառուցում։

Ամբողջ 2020 թ․ ընթացքում բելառուսա-լիտվական սահմանը հատել է 74 անօրինական ներգաղթյալ։ 2021 թ․ հուլիսի սկզբին այդ թիվն անցել է մեկուկես հազարից, և հոսքը շարունակում է աճել։

Բելառուսի տարածքից սահմանը հատողների մեծ մասը իրաքցի քրդեր են։ Բայց լիտվական սահմանապահ ծառայության տեղեկատվության համաձայն՝ գաղթականների թվում կան Իրանի, Սիրիայի, Բելառուսի, Ռուսաստանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև Թուրքիայի, Կամերունի, Կոնգոյի, Աֆղանստանի անձնագրեր ունեցող քաղաքացիներ։ Գաղթականների մոտավորապես կեսը կանայք ու երեխաներ են։

Լիտվական կողմը պնդում է, որ միգրանտները մղվել են սահման՝ Մինսկում Ryanair-ի օդանավն իջեցնելուց, լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելուց և դրանց հաջորդած՝ արևմտյան երկրների արձագանքներից հետո։

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է, որ մարդկանց ապօրինի սահմանահատումներին ուղղակի կամ կողմնակիորեն մասնակցում են Բելառուսի իշխանությունները։

«Գործընթացն ինքնին մենք գնահատում ենք որպես հիբրիդային ագրեսիա, որն ուղղված է նույնիսկ ոչ թե Լիտվայի, այլ Եվրամիության դեմ»,- հայտարարել է Լիտվայի կառավարության ղեկավարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳիտնականները շարունակում են հետազոտել Covid-19-ի ծագման հանգամանքները
Հաջորդ հոդվածըՀաիթի․Նախագահի սպանությանը մասնակցել են 26 կոլումբիացի և երկու ամերիկացի