‘«Հիդրո կորպորացիան» վերսկսում է ՀԷԿ-ի շինարարությունը’

1261

ՀՀ կառավարությունը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է ևս երեք տարով` մինչև 2016 թ. հուլիսի 13-ը: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Նրա խոսքով, ընկերությունը, օգտագործելով Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի բնական ջրահոսքը, կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն սկսվել է 2007 թ., սակայն հետագայում դադարեցվել տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, որը համահունչ է ՀՀ կառավարության հավանությունն ստացած ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին կառավարությունը չմերժեց  Արգիճի փոքր ՀԷԿ-ը կառուցող «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին: Գործադիրի նիստի օրակարգից անհայտ պատճառով հանվել էր «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգումը մերժելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ ԷկոԼուրը օգոստոսի 14-ին հրապարակել է այս որոշման նախագծի վերաբերյալ տեղեկատվություն, որը պաշտոնական փաստաթղթերի միջոցով ապացուցում էր «Հիդրո Կորպորացիա» ընկերության գործողությունների ժամկետանց լինելը:

«Հիդրո Կորպորացիա»-ն Արգիճի փոքր ՀԷԿ-ը կառուցում է Սեւանա լիճ թափվող ամենախոշոր գետի վրա, ինչն առաջացրել է բնապահպանների եւ տեղի բնակչության վրդովմունքը: Շինարարությունն ապօրինի է, խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը: Սոցիալական խնդիրներն էլ այն են, որ համայնքները զրկվում են ոռոգման ջրից:

Սույն թվականի հուլիսի 18-ին վթարվեց Արգիճի ՓՀԷԿ-ի խողովակաշարը, եւ ջուրը ողողեց տեղի ցանքատարածությունները: Ինչպես ԷկոԼուրին հայտնել էր SOS Արգիճի նախաձեռնող խմբի անդամ Վարդան Գալստյանը, դեռեւս ընկերությունը չի փոխհատուցել բնակիչներին պատճառված վնասի համար: 

Հիշեցնենք նաեւ, որ սույն ՓԲԸ-ի հիմնադիրներն են ՀՀ քաղաքացի Գրիգոր Առաքելյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ժորժիկ Աբրահամյանը:

 

Նախորդ հոդվածը‘Walk Free. Հայաստանը 57-րդն է «Ստրկության համաշխարհային ինդեքս» աղյուսակում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը’