‘Հիշեցում. Ո՞ւմ է թաքցնում քաղաքապետարանը «Երեւան» հիմնադրամի «պահարանում»’

3976

Պատկերացրեք այսպիսի պատկեր. մարդուն հարցնում ես՝ ինչպե՞ս ես, պատասխանում է՝ լավ եմ արել: Կամ, հարցնում ես՝ ի՞նչ համարի զգեստ ես հագնում,  պատասխանում է՝  բոլորն ասում են, որ այս տարի կանաչ գույնը նորաձեւ է: Կամ, մարդուն հարցնես՝ որտե՞ղ է գտնվում ամառանոցդ, նա էլ պատասխանի՝ իմ ամառանոցի հետ կապված ամեն ինչ կարգին է, ես այն ձեռք եմ բերել ազնիվ վաստակով:

Կարող եք մտածել, որ անհնար է, որ բանական մարդը նման հարցերին նման պատասխաններ տա: Բայց, պարզվում է՝ հնարավոր է: Առավելեւս, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության դեպքում: Վերջին մեկ ամսվա մեր աշխատանքից արդեն հասկացել ենք, որ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ամենադժվար բանը քաղաքապետարանի գործունեության հետ կապված կոնկրետ թվեր «պոկելն է»: Բոլոր հնարավոր պատասխանները կարող են գրել, միայն թե՝ քաղաքապետարանի աշխատանքներից հնարավորինս քիչ տեղեկատվություն փոխանցենք: Ահավասիկ՝ մեկ օրինակ:

Ապրիլի 5-ին iLur.am-ի թղթակիցը հարց էր ուղղել քաղաքապետարան՝ խնդրելով  տրամադրել «Երեւան» հիմնադրամի՝ 2012-ին իրականացրած ծրագրերի ցանկը, այդ թվում, դրանցից յուրաքանչյուրի համար հատկացված գումարների չափը, ինչպես նաեւ՝ հիմնադրամի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը:

Կայքի լրագրողը նաեւ հիմնավորել էր իր խնդրանքը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունն անհնար է ստանալ «Երեւան» հիմնադրամի՝ Azdarar.am կայքում տեղակայված 2012-ի հաշվետվությունից, քանի որ այնտեղ գրված էր միայն մուտքերի եւ ելքերի ընդհանուր թիվն ու նպատակների ընդհանուր ձեւակերպումներ: Օրինակ՝ «կանաչապատում, օժանդակություն» եւ այլն, առանց հստակեցնելու, թե կոնկրետ որքան  գումար է հատկացվել այս կամ այն ծրագրի իրականացման համար, եւ ո՛ր իրավաբանական կամ ֆիզիկական անձինք են գումար մուտքագրել հիմնադրամի հաշվին:

 Իր հարցման մեջ թղթակիցը նաեւ հիշեցրել էր, որ ուսումնասիրված այլ հիմնադրամների պարագայում՝ ներկայացված հաշվետվությունները թափանցիկ են, եւ որ դրանք պարունակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Դրան զուգահեռ, iLur.am-ում հոդված տպագրվեց, որում հնչում էին վերը նշված մտահոգությունները:

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը ապրիլի 5-ին ուղարկված նամակին (քաղաքապետարանը պարտավոր էր 5-օրյա ժամկետում պատասխան ուղարկել) հետեւյալ պատասխանն է ուղարկել:  

«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ «Երևան» հիմնադրամը հաշվետվողականության և տեղեկատվական  թափանցիկության առումով օրենսդրության պահանջները կատարում է  ամբողջովին և ժամանակին։

Մասնավորապես.

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ 2012 թվականի տարեկան գործունեության հաշվետվությունը, օրենքով սահմանված ժամկետում, ՀՀ Արդարադատության նախարարի կողմից համապատասխան հրամանով( 203-Ն 01.12.2011թ.) հաստատված հաշվետվության ձևին համապատասխան և նույն հրամանով հաստատված «Հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության լրացման  մասին» կարգի համաձայն` ներառյալ օրենքով սահմանված աուդիտի եզրակացությունը,  ներկայացվել է նույն օրենքով ամրագրված էլեկտրոնային կայքին՝ http:/www.azdarar.am հասցեով (մուտքագրման ասաթիվ/ժամ՝ 2013-03-22 18։00) և ՀՀ Արդարադատության նախարարություն, որի արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի կողմից «Երևան» հիմնադրամը ստացել է  համապատասխան գրավոր հավաստում՝ ներկայացված  հաշվետվությունը http:/www.azdarar.am հասցեով կայքում տեղադրելու վերաբերյալ։  Ներկայացվող հաշվետվության վերաբերյալ որևէ դիտողություն և առարկություն ՀՀ Արդարադատության նախարարության կողմից չի եղել, այսինքն հաշվետվությունը ամբողջովին և լիարժեք համապատասխանել է ՀՀ օրենքով և ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով սահմանված կանոնակարգին։

«Երևան» հիմնադրամի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության ու վերահսկողության գործընթացն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվային սկզբունքներին և ոգուն, իսկ էլեկտրոնային կայքում տեղադրված ցուցանիշների ձևաչափը լիովին բավարար է հիմնադրամի գործունեության ուսումնասիրության և վերլուծության համար։» 

Հիշեցնենք, մենք քաղաքապետարանին խնդրել էինք տրամադրալ  «Երեւան» հիմնադրամի՝ 2012-ին իրականացրած ծրագրերի ցանկը, այդ թվում, դրանցից  յուրաքանչյուրի համար հատկացված գումարների չափը, ինչպես նաեւ՝ հիմնադրամի ֆինանսավորման աղբյուր հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը:

Իր պատասխան նամակում, սակայն, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը մեկ թիվ անգամ չի ներկայացրել՝ ոչ մուտքերի, ոչ էլ՝ ելքերի հետ կապված:  Մենք նրանց ասում ենք, թե որ ծրագրի վրա որքա՞ն գումար եք ծախսել, ո՞ւմ եք գումար փոխանցել, ովքե՞ր են ձեզ ֆինանսավորում, նրանք մեզ պատասխանել են. «Երևան» հիմնադրամի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության ու վերահսկողության գործընթացն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվային սկզբունքներին և ոգուն»: 

Ինչ խոսք, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության պահվածքը սպասելի էր: Նախընտրական այս թեժ շրջանում, պատկերացնո՞ւմ եք՝ ներկայացնեին այդ հաշվետվությունը, որն անմիջապես հանցագործության մասին հաղորդում կլիներ:

Բայց դա մեր խնդիրը չէ: Այո, հասկանալի է, որ քաղաքապետարանն այնպիսի գործունեություն է ծավալում, որի համար վախենում է հաշվետվություն ներկայացնել: Բայց քաղաքապետարանն ու այնտեղ աշխատող եւ ոչ մի չինովնիկ իրավունք չունի մոռանալու, որ  աշխատավաձ է ստանում այն բյուջեից, որը ձեւավորվում է մեր՝ հարկատուներիս վճարած հարկերից, այսինքն, մեր գրպանից է աշխատավարձ ստանում, եւ պարտավոր է իր լիազորությունների շրջանակում սպասարկել հարկատուի՝ նույնն է թե՝ իր դոնորի շահերը: 

Մեր հարկերի հաշվին աշխատավարձ ստացող քաղաքապետարանի մամուլի ծառայության պարտականությունը ոչ թե քաղաքապետարանի գործը կամ անգործությունը կոծկելն է, այլ՝ մամուլի հարցումներին պատշաճ եւ հանգամանալից պատասխաններ տրամադրելը:

Հ.Գ. Հետագայի համար հիշեցնենք նաեւ, որ հանցագործության մասին իմանալ եւ չհայտնելը՝ այսինքն, հանցանքը պարտակելը քրեորեն պատժելի հանցագործություն է:

Քրիստինե Խանումյան

Հ.Հ.Գ. Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ արձակուրդում գտնվող պետ Արթուր Գեւորգյանին այժմ փոխարինում է մեկ այլ Արթուր՝ Սարուխանյանը: Ընթերցողներն այս պաշտոնյային կհիշեն անցյալ տարի Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստների հետ նրա մղած սկանդալային «ֆեյսբուքյան բանավեճից» (լուսանկարում):   

 

Նախորդ հոդվածը‘ՊԵԿ պարզաբանումը. Սերմնահեղուկը ավստրալիական էր’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ռեժիմը թուլացած վիճակում է, շատ իրատեսական է դարձել նրանց հաղթանակի կանխումը (տեսանյութ)’