‘Հիշեցում. Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մոտ 6 մլն դոլարի ունեցվածք (Փաստաթղթեր)’

2966

iLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի գործող քաղապետ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ԿԸՀ ներկայացված իր հայտարարագրում բավականին լուրջ կարողություն է հայտարարագրել: Ընդ որում, միայն Տարոն Մարգարյանի անունով գրանցված ունեցվածքը՝ բանկային հաշիվներ, շենք եւ շինություններ, հողամասեր եւ շարժական գույք, ամենահամեստ հաշվարկներով անգամ կազմում են մոտ 6 մլն դոլար: Մենք հետաքրքրվել ենք, թե որքան են կազմում նշված հասցեներում հողատարծների, շենք եւ շինությունների գները: Դրանք բավականին մեծ թիվ են կազմել: Մենք, սակայն, կանենք ամենահամեստ հաշվարկը, կներկայացնենք՝ նվազագույն գները: Օրինակ՝ բնակարանների առւետրով զբաղվող որոշ գործակալներ մեզ տեղեկացրեցին, որ Տարոն Մարգարյանի Ավանում գտնվող առանձնատան գինը ավելի քան 1 մլն դոլար է: Ոմանք նույնիսկ պնդեցին, որ խոսքը 1.5 մլն դոլարի մասին կարող է լինել: 

Սա, հիշեցնենք, միայն այն ունեցվածքն է, որը պաշտոնապես գրանցված է անձամբ Տարոն Մարգարյանի անունով, այնինչ, հայտնի է, որ վերջինիս ունեցվածքը շատ ավելի մեծ է, եւ միայն դրա մի մասն է հենց իր անունով գրանցված:

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով՝ Ավան թաղամասի Սայաթ Նովա 8 հասցեում գտնվող Մարգարյանի 137.9 քմ մակերեսով բնակարանի գինը 85 հազար դոլար է: Բայց իրական արժեքը կարող է լինել մինչեւ 95-100 հազար

Երեւանի Թումանյան փողոց 28/70բ հասցեում գտնվող բնակարանի գինը, որը ի դեպ, իրենից ներկայացնում է նույն հարթակում գտնվող իրար միացված երեք բնակարաններ՝ 190.2 քմ մակերեսով, կազմում է առնվազն 300 հազար դոլար: Որոշ գործակալների կարծիքով, այն կարող է 50-100 հազար դոլարով թանկ լինել: 

Ավան համայնի Բաբաջանյան 77/7 հասցեում գտնվող Տարոն Մարգարյանի առանձնատունը՝ 1578.3 քմ մակերեսով, ամենահամեստ հաշվարկներով 800 հազար դոլար է: Որոշ գործակալներ, ինչպես նշեցինք, այն գնահատում են մինչեւ 1.5 մլն դոլար: 

Ջերմուկ քաղաքում գտնվող Տարոն Մարգարյանին պատկանող թիվ 2 ամառանոցի գինը՝ 258.5 քմ մակերեսով, արժե առնվազն 80 հազար դոլար:

Ավան համայնքում գտնվող 761.24 քմ մակերեսով  առեւտրի կենտրոնի նվազագույն արժեքը 800 հազար դոլար է: Կարող է հասնել մինչեւ 900 հազարի, կամ ՝ 1 մլն դոլարի: 

Ավանի Աճառյան  փողոցում գտնվող 3729.8 քմ մակերեսով շինության նվազագույն արժեքը  1.5 մլն դոլար է:

Դիլիջան քաղաքում 0.6365 հա մակերեսով հողամասի արժեքը՝ առնվազն 190 հազար դոլար է: Կարող է վաճառվել մինչեւ 230-250 հազար դոլարով: 

3 ավտոտնակ եւ 1 փոքրիկ շինություն՝ ամենանվազագույն գներով՝ 10 հազար դոլար արժեն:

Տարոն Մարգարյանը հայտարարագրել է նաեւ 3 ավտեմեքենա, որոնք միասին արժեն ավելի քան 120-130  հազար դոլար:

Բանկում Տարոն Մարգարյանը ունի 115 մլն դրամ՝ այսինքն, ավելի քան 250 հազար դոլար, 50 հազար եվրո եւ 50 հազար դոլար:

Տարոն Մարգարյանը նաեւ հայտարարագրել է փայ՝ «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ում՝ 50 տոկոս: Սակայն, քանի որ այս ընկերության շահութաբերության մասին առայժմ տեղեկություն չունենք, ապա կարելի է հաշվել, որ առանց ՍՊԸ-ից ստացված եկամուտի, Տարոն Մարգարյանն իր անունով ունի մոտ 6 մլն դոլարի կապիտալ:

Հիմա պատկերացրեք, թե որքան է կազմում այլ անձանց անուններով հայտարարագրված կապիտալը: Հիմա պատկերացրեք նաեւ, որ իր ողջ գիտակցական կյանքում Տարոն Մարգարյանը եղել է պետական չինովնիկ, այսինքն, իբր ապրել է չոր աշխատավարձով: Այդ պարագայում փորձեք պատկերացնել, թե ինչպե՞ս է Տարոն Մարգարյանը կուտակել իր ողջ կապիտալը:

Նյութը գրվել է՝ Երեւանում բնակարանների առեւտրով զբաղվող մի քանի գործակալություններից ստացված կոնսուլտացիաների արդյունքում: 

 

 

 

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Սենսացիոն բացահայտում. «Մայամի» հյուրանոցը պոռնկատուն է եղել’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’