‘Հիշեցում. Քաղաքապետարանը չգիտի, թե ինչպես է ծախսվել «օդի աղտոտման դեմ պայքարի» համար տրված 41 միլիոնը’

7421

Ապրիլի 4-ին iLur.am-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու համար, թե 2012 թվականին մայրաքաղաքային բյուջեի հաշվին՝ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի շրջանակներում ի՞նչ միջոցառումներ են իրականացվել, խնդրել էր ներկայացնել յուրաքանչյուր միջոցառման ֆինանսական հաշվետվությունն ու ծրագրերի իրականացման հիմքը:

Նկատենք, որ Երևանի բյուջեի համաձայն՝ շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար հատկացվել է ավելի քան 41 մլն դրամ: Ընդ որում՝ նշված էր, թե դրանից  օդի աղտոտման դեմ պայքարի համար ծախսվել է ավելի քան 41 մլն դրամ: Այսինքն, ըստ էության՝ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի համար հատկացված ամբողջ գումարը ծախսվել էր օդի աղտոտման դեմ պայքարի նպատակով: Եվ հենց այդ համատեքստում էլ մեզ հետաքրքրում  էր, թե ինչպես են ծախսվել այդ գումարները, որ կազմակերպությունն այդ ծրագրի շրջանակներում ի՞նչ միջոցառումներ է իրականացրել:

Քաղաքապետարանը, սակայն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ըստ որի՝ հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, միայն ապրիլի 19-ին ուղարկեց պատասխան, որը, սակայն, բառացիորեն կապ չուներ տված հարցի հետ:  

Այսպես.

 Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքի շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին ուղղված միջոցառումները ներառված են  Երևան քաղաքի բյուջեի «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնում։ 2012 թվականի Երևան քաղաքի բյուջեով «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնում դասակարգված ծրագրերով նախատեսվել են  7 079 432 հազար դրամի ծախսեր, որոնք փաստացի իրականացվել են 7 042 641 հազար դրամի չափով։Նշված ծրագրերով իրականացված փաստացի ծախսերը հետևյալն են.

 1.  աղբահանություն և սանիտարական մաքրում՝ 5 020 004,6 հազար դրամ

2. գետերի հուների մաքրում՝ 37 470,2 հազար դրամ.

3. կանչ տարածքների հիմնում և պահպանում՝ 1 307 550,3 հազար դրամ.

4. ախտահանման և միջատազերծման ծառայություններ՝ 46 846,5 հազար դրամ.

5. հասարակական զուգարանների պահպանում և վերանորոգում՝ 3 328,7 հազար    դրամ.

6. սիզամարգերի ստեղծում և ծաղկապատում՝ 407 502,8 հազար դրամ.

7. թափառող կենդանիների վնասազերծում՝ 219 937,9 հազար դրամ:

Այսինքն՝ մեր կոնկրետ եւ հստակ հարցմանը պատասխանելու փոխարեն՝  քաղաքապետարանը մեզ ուղարկել է «Շրջակա միջավայրի պաշպանություն» բաժնում դասակարգված ծրագրերը, որոնք ի սկզբանե ներկայացված էին  բյուջեում եւ կապ չունեին վերոնշյալ ավելի քան  41 մլն դրամի հետ:

Փաստորեն՝ քաղաքապետարանը հերթական անգամ ամեն ինչ արեց, որպեսզի անհնար լինի պարզել, թե կոնկրետ ի՞նչ միջոցառումների համար են ծախսվել կոնկրետ գումարներ: Ըստ երեւույթին՝ վերջիններիս պետք է պարբերաբար հիշեցնել, որ իրենք ֆինանսավորվում են մեր՝ հարկատուներիս հաշվին ձեւավորված բյուջեից, այսինքն՝ աշխատավարձ են ստանում մեր հարկերի հաշվին, եւ ուղղակի պարտավոր են հաշվետու լինել իրենց դոնորներին:  

 

Լուսանկարում՝ հատված Երևանի 2012 թվականի բյուջեից

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Թոխմախի Մհերի գործազուրկ որդին $500 հազար ու Երեւանում 5,16 հեկտար հողամաս ունի (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է վերջին 20-30 տարվա ընթացքում’