‘Հիշեցում. Քաղաքապետարանի շռայլությունը. Ամեն կամարանցումի գունազարդման համար ծախսվել է մոտ 3200$ (տեսանյութ)’

2903

Ապրիլի 4-ին iLur.am-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու համար, թե 2012 թվականին մայրաքաղաքային բյուջեի հաշվին քանի կամարանցում է վերանորոգվել, քանիսը միայն գունազարդվել, որ կազմակերպություններն են կատարել պատվերը, և որքան է վճարվել այդ կազմակերպություններին՝ առանձին-առանձին:

Քաղաքապետարանը, սակայն, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, ըստ որի՝ հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, միայն ապրիլի 26-ին ուղարկեց պատասխան, որից պարզ դարձավ, որ կամարանցումների վերանորոգման և գունազարդման աշխատանքներն իրականացնելու համար կնքվել են համապատասխան պայմանագրեր «Երտիգշին» ՍՊԸ-ի, «Ջին-Շին» ՍՊԸ-ի և «Սթիլ-Սթայլ» ՓԲԸ-ի հետ:

Նշված պայմանագրերի շրջանակներում գունազարդվել են թվով 124 կամարանցումներ, որոնցից  51-ը վերանորոգվել, այնուհետև գունազարդվել են: Միաժամանակ, թվով 3 կամարանցումներ գունազարդվել են «Կանաչստան» ՀԿ-ի կողմից՝ իրենց իսկ միջոցներով:

Վերոգրյալ պայմանագրերի շրջանակներում «Երտիգշին» ՍՊԸ, «Ջին-Շին» ՍՊԸ և «Սթիլ-Սթայլ» ՓԲԸ կազմակերպություններին  համապատասխանաբար վճարվել է ` 45 031 194 ՀՀ դրամ, 81 747 426 ՀՀ դրամ, 45 432 849 ՀՀ դրամ:

Ստացվում է, որ կամարանցումների նորոգման և գունազարդման համար քաղաքապետարանը հատկացրել է ավելի քան 172 մլն դրամ:

Կոպիտ հաշվարկներով՝ յուրանչյուր կամարանցում արժեցել է մոտավորապես 1.3 մլն դրամ, ինչը ակնհայտորեն թանկ է՝ հաշվի առնելով, որ 124 կամարանցումներից 73-ը միայն գունազարդվել են՝ առանց վերանորոգման: Իսկ թե ինչու քաղաքապետարանն ավելի մատչելի գներով չի պատվիրել նույն աշխատանքները՝ մնում է միայն ենթադրել: 

Քաղաքապետարանի շռայլություններին և ատկատներին է նվիրված նաև ՀԱԿ-ի նախընտրական տեսահոլովակներից մեկը, որտեղ խոսքը գնում է նաև կամարանցումների մասին: Տեսանյութը նույնպես ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Թիվ 35 դպրոցի տնօրենը Տարոն Մարգարյան է քարոզում դպրոցում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Այնպես են արել, որ գյուղացին խրտնի իր հողից’