‘Հիսուն տարուց ի վեր՝ առաջին անգամ ջինսերի վաճառքն անկում է գրանցել’

1226

Երկար տարիներ ի վեր՝ առաջին անգամ ջինսերի հանդեպ համընդհանուր սերը կարծես նվազել է: Նորաձև ապրանքանիշներն առաջարկում են բազմաթիվ հարմար այլընտրանքներ, որոնք ավելի են համապատասխանում ժամանակակից կյանքի ռիթմին:

2013 թ. հունիսից մինչև 2014-ի հունիսն ընկած ժամանակաշրջանում ջինսերի վաճառքը նրանց «պատմական հայրենիքում»՝ ԱՄՆ-ում, կրճատվել է 6 %-ով, հաղորդում են NPD Group-ի վերլուծաբանները: Ընդ որում՝  ջինսերի նկատմամբ հետաքրքրությունը պակասել է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, սակայն կանայք ավելի ակտիվորեն են հրաժարվում դրանցից:

Ջինս արտադրողների համար վիրավորական այս միտումն աննախադեպ է: Գնորդների բառապաշարում 1960-ական թթ. «ջինս» բառի հայտնվելուց հետո «դենիմ» կոչվող կտորից կարվող այս տաբատների վաճառքն անընդհատ աճում էր իր ակնհայտ առավելությունների՝ հարմարավետության, զարմանալի ունիվերսալության, անփութության և էլեգանտության, ամրության և երկարակեցության, «տարիքային ցենզի» բացակայության շնորհիվ:

Մարքետոլոգների բացատրության համաձայն՝ ջինսերը դուրս են մղվում մրցակցության պատճառով: Վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ պահանջարկ են ձեռք բերում բամբակե տաբատները, մարզահագուստը, ջինսի և թեթև, ձգվող կտորի «հիբրիդները»՝ ջեգգինսները:

Ջինսերը նախկինում էլ էին բախվել մրցակցության. 1970-ական թթ. հայտնվեցին վելվետե շալվարները, որոնք մի քանի տարի պահպանեցին առաջնության դափնին գնորդների շրջանում: Սակայն այն ժամանակ էլ ջինսերի վաճառքի այդքան շոշափելի անկում չեղավ: Մինչդեռ հիմա մասնագետները համոզված են, որ ներկայիս «ջինսային ճգնաժամը երկարատև է լինելու», քանի որ սպառողների հետաքրքրությունը այլընտրանքային հագուստի նկատմամբ ոչ թե նորաձևության քմահաճույքով է թելադրված, այլ կյանքի ոճի ու սեփական կերպարի ընկալման փոփոխությամբ:

Եվ ուրեմն՝ ի՞նչն է սպառնում ջինսերի երկարամյա տիրապետությանը: Փորձագետների կարծիքով՝ դրանց վաճառքի անկման պատճառը active wear կամ athleisure ( «սպորտ» և «հանգիստ») ոճի գերակայության աճն է, հագուստ, որտեղ ներդաշնակում են սպորտային ոճը, որակյալ նյութը և ունիվերսալությունը: Այսինքն՝ այդ հագուստով կարող ես գնալ և՛ ֆիթնեսի, և՛ զբոսանքի կամ սրճարան, ընդ որում՝ ամենևին էլ տարօրինակ չես դիտվի: Իսկ այդ ամենն, իր հերթին՝ դրես-կոդի հանդեպ մեր հայացքների գլոբալ փոփոխությունն է. հանրությունը ձգտում է պարզության և հարմարավետության:

Առաջին անգամ ջինս կարվել է 1873 թ. դերձակ Ջեյքոբ Դևիսի կողմից՝ կալիֆորնիական փոքրիկ մի  հագուստի խանութի համար, որը պատկանում էր գերմանացի էմիգրանտ Լևի Ստրաուսին: Նրանք իրենց արտադրանքի համար արտոնագիր էին ստացել՝ կապույտ բամբակե կտորից, գրպաններն ու շղթան պղնձե կոճակներով ամրացված բանվորական տաբատ: Այն ժամանակ դա դեռ ջինս չէր կոչվում: Շուտով կալիֆորնիական փոքրիկ խանութը վերածվեց Levi’s ապրանքանիշի: 1930-ական թթ. ջինսի տաբատները դարձան ամենօրյա հագուստ, ինչին նպաստեցին նաև վեստեռնները, որոնցում կովբոյները հաճախ հենց այդ տաբատներով էին լինում: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեցին ջինսերը կանանց համար:

1950-ականներին երիտասարդներն այդ տաբատներն սկսեցին անվանել ջինսեր: Նրանց շատ էին դուր գալիս դրանք, մանավանդ որ կինոէկրանին դրանցով էին հայտնվում այնպիսի «վատ տղաներ», ինչպես Ջեյմս Դինը և Մարլոն Բրանդոն:

1970-80-ական թթ. ջինսերը վերածվեցին նորաձևության կուռքերի, նրանց գինն անցավ բանական սահմանները:

Իհարկե, դեռ վաղ է «թաղել» ջինսերը. նրանց վաճառքն այսօր էլ կազմում է խոշոր հանրախանութների եկամուտի մեկ հինգերորդ մասը:

Ըստ Lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘ՉԺՀ-ում թմրանյութեր պահելու համար Ջեկի Չանի որդու կալանքի թույլտվություն է տրվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆինլանդիայում առաջին անգամ ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել’