‘Հիվանդանոցի տնօրեն. Ինչ-որ եղել է, նորմայի սահմանում է եղել ‘

983

Ըստ շրջանառվող լուրերի՝ մասնավոր հիվանդանոցներում բարձրացվել են վիրահատությունների համար սահմանված գները:

iLur.am-ի թղթակիցը խոսեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի տնօրեն Սամվել Հարությունյանի հետ, ով սկզբում հերքեց թանկացման լուրը, այնուհետև ասաց.

«Նման տեղեկություններ ստանալու համար զանգահարեք նախարարություն և տեսեք, թե ինչ կողմնորոշիչ սակագների ցանկեր են ուղարկել, ու դրանով էլ ղեկավարվեք: Մարդկանց մեջ բաներ մի տարածեք»:

Թղթակցի այն դիտարկմանը, թե առողջապահության նախարարության պնդմամբ՝ գները սահմանում է մասնավոր հիվանդանոցի տնօրինությունը, Սամվել Հարությունյանը պատասխանեց, որ  նախարարության կողմից ուղարկված կողնորոշիչ սակագների հիման վրա հիվանդանոցն է որոշում  ծառայության գները:

Պատասխանելով այն հարցին, թե, փաստորեն, ըստ տնօրենի՝ վերջին շրջանում գների փոփոխություն չի՞ եղել, նա ասաց. 

«Ինչ-որ եղել է, նորմայի սահմանում է եղել»:

Իսկ երբ կրկին փորձեցինք ճշտել, թե, այնուամենայնիվ, վերջինս չի՞ հերքում թանկացումը՝ տնօրենը բորբոքվեց.

«Գիտեք ի՞նչ կա՝ գների քաղաքականությունը որոշում են առողջապահության նախարարությունը և մասնավոր հիվանդանոցի տնօրինությունը՝ ելնելով իրավիճակից: Դուք ինչ-որ քոմենթներ ունե՞ք, ինչ-որ պրոբլեմներ ունե՞ք գների հետ կապված… », — և iLur.am-ի թղթակցին առաջարկեց անձամբ ներկայանալ հիվանդանոց և ամեն ինչին ծանոթանալ տեղում:

Նախորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ-ի վիճակը մտահոգիչ չէ’
Հաջորդ հոդվածը‘Արմենակ Դովլաթյան. Եթե շանսեր չլինեին, չէի առաջադրվի’