‘Հիվանդ զինծառայողին ծեծելու գործով կա նոր ձերբակալված’

1131

Նորակոչիկ, ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով կա նոր ձերբակալված։ Այս մասին «Ա1+»-ին ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը։

Ուշագրավ է, որ երեկ լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասել էր բառացիորեն հետևյալը. «Զինվորն արդեն գիտակցության մեջ է, և ասում է, որ նման բան չի եղել»: Նախարարը նաև հայտնել էր, որ դեռևս ապացուցված չէ, որ զինվորի նկատմամբ խոշտանգում է կատարվել:

Հիշեցնենք, որ այս գործով արդեն ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը: Բոլոր երեք ձերբակալվածներն էլ կասկածվում, բայց առայժմ չեն մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 358/1 հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված՝ հանցանքը կատարելու մեջ, այն է. մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ֆրանչեսկո Գվիդոլին’
Հաջորդ հոդվածը‘«Դեգեներատ արվեստի» լիակատար ցանկը կտեղադրվի համացանցում’