‘ՀԿ-ները դատապարտում են քաղաքապետարանի անգործությունը ‘

1033

«Մենք ենք այս քաղաքի տերը», «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունները, «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտում են քաղաքապետարանի անգործությունը Խանջյան փողոցում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ.

«Երևանի նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է ներգրավվեն քրեական գործում` որպես անմիջական մասնակիցներ, քանզի վերջիններիս թողտվությամբ է շարունակվում Երևան քաղաքի մշակութային և ճարտարապետական դիմագիծը այլանդակվել և անմեղ «զոհեր» ունենալ:

Երևան քաղաքի Խանջյան 20 հասցեում կիսակառույց, արդեն փլուզված շինության շինարարական աշխատանքներն ընթացել են առանց Երևանի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Այդ մասին Panorama.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Նա ասել է, որ մի անգամ քաղաքապետի որոշմամբ կառուցապատողը տուգանվել է 2 միլիոն դրամ եւ վճարել տուգանքը: Սակայն ինչպես ականատես ենք եղել, շինարարությունը խիստ ինտենսիվ ընթանում էր, և որևէ պետական և տեղական լիազոր մարմին չէր անհանգստացնում կառուցապատողին շինարարությունն անհապաղ դադարեցնելու պահանջով: Բացի Երևանի քաղաքապետարանից` հանցավոր անգործություն է ցուցաբերել նաև ՀՀ քաղաքաշինական պետական տեսչությունը, որը ևս պետք է պատասխանատվություն կրի օրենքի ամենայն խստությամբ:

Երևան քաղաքի Խանջյան 20 հասցեում փլուզված կիսակառույց շենքի ապօրինության մասին մենք բազմիցս ահազանգել ենք և գրավոր պահանջել քաղաքային իշխանությունից հանրային տարածքի հաշվին ընթացող շինարարությունն անհապաղ դադարեցնել և ապամոնտաժել այն: Վերջին անգամ` ս. թ. հոկտեմբերի 12-ին, գրավոր դիմում և իրավական լուծում պահանջող փաթեթ ենք ներկայացրել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին, սակայն դեռևս պատասխան չենք տացել:

Հաշվի առնելով, որ շենքի շինարարության թույլտվությունը տրվել է նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանի կողմից, այն երկարացվել է նախկին քաղաքապետ Կ. Կարապետյանի կողմից, և ներկայիս քաղաքապետ Տ. Մարգարյանն էլ անգործություն է ցուցաբերել և չի դադարեցրել ակնհայտ ապօրինի շինարարությունը Օղակաձև զբոսայգում, ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք վերոնշյալ նախկին և ներկա պաշտոնյաներին ներգրավել հարուցված քրեական գործում՝ բացատրություններ տալու, և պատասխանատվության ենթարկել նրանց հանցավոր անգործության համար: Ի վերջո, նրանց անհեռատեսության և անտարբերության արդյունքում անմեղ մարդիկ են տուժում, եթե այսպես շարունակվի, ապա մայրաքաղաքում արտակարգ դրություն կհայտարարվի` քաղաքաշինական տեսանկյունից:

Այս և վերջին ամիսների մի շարք այլ փաստեր վկայում են այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը լուրջ չի ընդունում ՀՀ օրենքներն ու Երևանի գլխավոր հատակագիծը, կամ ի վիճակի չէ ապահովել օրենքի պահանջների կատարումը՝ սիմվոլիկ տուգանքների գանձումից զատ: Երևանի քաղաքապետին օրենքով տրված են հստակ գործառույթներ ու լիազորություններ. ո՞րն է քաղաքաշինական ոլորտում այս «կարկատանային» վիճակի պատճառը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ այս բոլոր ապօրինությունների շարքն ու դրանք իրականացնող պաշտոնատար անձինք վտանգ են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների կյանքին ու առողջությանը, սույն դեպքում՝ 11 բանվորների համար:

Նախկին և ներկա քաղաքապետները, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինական պետական վերահսկողության մարմինների պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ, այլապես մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել նրանց կամայականության ու հանցավոր անգործության հերթական զոհը:
ՀՀ ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում համարելու ենք, որ նրանք նույնպես քողարկում են տեղի ունեցած հանցագործությունները»:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի վարչապետի կարողությունը New York Times-ը գնահատել է 2,7 մլդ դոլար. Պարբերականի կայքը այլևս հասանելի չէ’
Հաջորդ հոդվածը‘Նամակ ԱՄՆ դեսպանին. Դատախազությունը միջոցներ չի ձեռնարկում ‘