‘ՀՀԿ-ականները հաղորդում են հանցագործության մասին ‘

5003

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները շատ են սիրում դեկլարատիվ հայտարարություններ անել: Հիմնականում ՀՀԿ-ականները Հայաստանի ներքին եւ արտաքին իրադրության մասին խոսելիս անում են այնպիսի հայտարարություններ, որոնք իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Սակայն, անգամ նման հայտարարությունները, ըստ երեւույթին, նախապես չեն համաձայնեցվում միմյանց մեջ այնպես, որ իրար հետ հակասության մեջ չմտնեն:

Հանրապետականները սիրում են պնդել, թե իրենց օրոք Հայաստանում հաստատվել է ժողովրդավարություն, ընտրությունները անցնում են ազատ ու թափանցիկ, իրենք տեղյակ են ժողովրդի բոլոր հոգսերին, հոգում են այդ հոգսերը, վարում են այնպիսի արտաքին քաղաքականություն, որ Հայաստանը դարձել է միջազգային լուրջ խաղացող եւ այլն, եւ այսպես շարունակ:

Զուգահեռաբար հանրապետականները պնդում են, թե նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուն արդեն հայտնի է, եւ որ, ուշադրություն, մյուս բոլոր թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար:

Հանրապետականների այս երկու հայտարարությունները ուղղակիորեն հակասում են միմյանց: Բանն այն է, որ եթե իրապես Հայաստանում այժմ ժողովրդավարություն է, ապա այդ պարագայում անհեթեթություն են հայտարարություններն առ այն, թե նախագահական ընտրություններում հաղթելու է Սարգսյանը:

Իսկ եթե հանրապետականները հայտարարում են, թե նախագահական ընտրություններում առաջին տեղն արդեն զբաղեցրած է, թե «ձեւ չկա», որ Սարգսյանի «չհաղթի», ուրեմն, հանրապետականները դեռ ընտրությունները չսկսած՝ արդեն 2013-ի փետրվարին կայանալիք ընտրությունների ժամանակ կատարվելիք հանցագործությունների մասին հայտարարություն են տալիս: Այո, յուրաքանչյուր ՀՀԿ-ականի հայտարարություն այն մասին, թե Սերժ Սարգսյանը հաղթելու է նախագահական ընտրություններում, ոստիկանությունը պետք է դիտարկի որպես հայտարարություն նախապատրաստվող հանցագործության մասին, եւ քննություն սկսի:

Եթե Ոստիկանությունը դա չանի, ուրեմն, ոստիկանությունն ինքն էլ  ոչ միայն քաջատեղյակ է նախապատրաստվելիք հանցագործության մասին, այլեւ՝ դրա մասնակիցն ու կազմակերպիչներից է:

Աներբկա է, որ որեւէ ժողովրդավարական երկրում ընտրություններից ամիսներ առաջ անհնար է հարյուր տոկոսանոց վստահությամբ կանխատեսել, թե ով է հաղթելու ընտրություններում: Իսկ հակառակը պնդող հանրապետականները պետք է հստակ հիշեն, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են միայն այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Կուբան կամ Վենեսուելան:

Այնպես որ, կամ հանրապետականները պետք է դադարեն հայտարարել, թե Սերժ Սարգսյանը հաղթող թեկնածու է, քանի որ այդպիսով իրենք իսկ փաստում են, որ ժողովդրավարական Հայաստանի մասին իրենց հայտարարություններն ուղղակի կեղծիք են, եւ որ իրենք Հայաստանը վեր են ածել Թուրքմենստանի, որ  ժողովրդավարության մասին խոսելն անգամ ծիծաղելի է: 

Կամ էլ՝ հանրապետականները պետք է դադարեն խոսել ժողովրդավարությունից, եւ ուղղակի հայտարարեն, որ այո, իրենք նախապատրաստվում են կեղծել ընտրությունները:

Հ.Գ. Ի դեպ, Ոստիկանության մասին: Ոստիկանության անելիքը միայն 22 տարի առաջ գողացված անվադողեր հայտնաբերելը չէ: Սա իմիջիայլոց:

Պարգեւ Ապրեսյան 

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի Ֆեյբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Առաքել Սեմիրջյան. Վարչապետի տաքսի ծառայությունը «թալանում» է սիրիահայ փախստականներին ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի անունը հանվել է քաղբանտարկյալների ցուցակից ‘