‘ՀՀԿ-ականները վախենում են մեկնաբանել Կարեն Կարապետյանի աղմկահարույց հարցազրույցը’

3148

Օրերս ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարեն Կարապետյանը (ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանի  եղբայրը) հանդես եկավ ընդարձակ հարցազրույցով, որում բավական կոշտ գնահատականներ տվեց գործող իշխանության քաղաքականությանը։ Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի տնտեսական ձախողումները պայմանավորված են ոչ թե արտաքին օբյեկտիվ գործոններով, ինչպես փորձում են ներկայացնել իշխանական գործիչները, այլ նույն իշխանավորների սխալներով։

«Փողը հոսում է այնտեղ, ուր կա բիզնեսի զարգացման համար բարենպաստ դաշտ, կայուն շուկա, հարկային ու բանկային  առողջ ու ճկուն համակարգ և, իհարկե, օրենքի գերակայություն ու վստահություն դատական համակարգի հանդեպ, ուր օրենքով պաշտպաված է դրամը, այլ ոչ թե «փայ են մտնում»», — ասել է Կարապետյանը։ Իսկ հասարակությանն ուղղված «գոտիները ձգելու» կոչ անող իշխանավորներին (նման կոչով վերջերս հանդես է եկել Հովիկ Աբրահամյանը-խմբ.) ՀՀԿ-ական պատգամավորը հորդորել է առաջին հերթին սեփական գոտիները ձգել: «Եթե իրապես նրանք ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա», — ասել է նա:

Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում բոլորը գիտեն, թե ով է բիզնեսների մեջ փորձում «փայ մտնել», ով է ուղղորդում դատարանների աշխատանքը, ով է հովանավորում մենաշնորհները, ապա կարող ենք վստահաբար փաստել, որ Կարեն Կարապետյանի քննադատությունն ուղղված է անձամբ Սերժ Սարգսյանին։

Ընդ որում, Կարեն Կարապետյանը ՀՀԿ ամենեւին էլ շարքային ներկայացուցիչ չէ։ Նա կուսակցության գործադիր մարմնի անդամ է, իսկ 2008-11թթ.-ին ղեկավարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմը։

Ուշագրավ է, որ, դեկտեմբերի 20-ին հրապարակված հարցազրույցի վերաբերյալ իշխանական գործիչներն ու մերձիշխանական լրատվամիջոցները չեն շտապում մեկնաբանություններ տալ։

iLur.am-ի փորձերն էլ՝ ՀՀԿ-ականներից Կարապետյանի հարցազրույցի վերաբերյալ  ստանալ քիչ թե շատ հանգամանալից մեկնաբանություններ, անհաջողությամբ ավարտվեցին։ Ընդ որում, մեզ հետ զրուցած ՀՀԿ-ականները (այդ թվում՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը) հիմնականում նշում էին, որ չեն կարդացել իրենց գործընկերոջ հարցազրույցը։    

ՀՀԿ գործադիր  մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանություն տալ։ «Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել իմ գործընկերոջ ասած մտքերը: Ովքեր Կարեն Կարապետյանին ճանաչում են, ապա պետք է շատ նորմալ վերաբերվեին. ինքը իր մտքերը միշտ էլ արտահայտել է», — ասաց նա։

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կարապետյանի խոսքերում իշխանության հասցեին քննադատություն չի տեսել։ Բաղդասարյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը, ինչպես յուրաքանչյուր պատգամավոր, ազատ է իր անձնական կարծիքն արտահայտել։ 

«Բոլոր պատգամավորներն ազատ են անձնական կարծիք հայտնելու: Ինչ ա, խմբակցության կարծիքը հո չի՞, որ դուք անհանգտանում եք: Խմբակցությունն իր գնահատականները ձեր նշած երեւույթների վերաբերյալ տվել է, դրա հետ նաեւ ես եմ համամիտ, Կարեն Կարապետյանն էլ իր անձնական գնահատականն է տվել», — ասաց Բաղդասարյանը։  

Նախորդ հոդվածը‘Անգելա Մերկելը՝ «տարվա մարդ»՝ բրիտանական The Times թերթի վարկածով’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ’