‘ՀՀԿ-ականները Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ են տալիս նախապատրաստվել Երեւանի ավագանու ընտրություններին’

1242

ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը նկատել է, որ առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են փետրվարի 18-ին մայրաքաղաքում 43 տոկոս քվե ստացած թեկնածուն (Րաֆֆի Հովհաննիսյանը) կարող է իր ուժերը փորձել նաև այս ընտրություններին։

«Չնայած արմատացած այն կարծիքին,որ լուրջ մրցակցություն չկա, այնուամենայնիվ, ընտրությունները անցան բավականին լուրջ մրցակցության պայմաններում: Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ մեկ մարզում հաղթանակ տոնեց։ Նրա հավաքած 37 տոկոսը բավականին լուրջ քաղաքական կապիտալ է, և եթե նա գնա ոչ իրավական խախտումների ճանապարհով քաղաքական դաշտում դեռ կկարողանա լուրջ հաղթանակներ տոնել», — «Ա1+»-ին ասել է Գագիկ Մինասյանը։

Իր հերթին, ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» հաջորդ քաղաքական նպատակը պետք է լինի Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին նախապատրաստվելը:

Tert.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանը ասել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կատարել է իր առաքելությունը՝ «ընդդիմադիր դաշտում ստանձնելով նոր առաքելություն, ստեղծելով նոր մշակույթ որն ասաց, որ չի ենթադրում հակաիրավական գործողություններ և արկածախնդիր գործելաոճ»:

Արմեն Աշոտյանի համար ակնհայտ է, որ դրա համար նա չունի նաև համապատասխան ներքաղաքական ռեսուրս, որովհետև, նրա գնահատմամբ, իրականում իր օգտին քվեարկած ավելի քան 500 հազար ձայները, ամբողջությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատը չէին: Այլ այդ ձայների մեջ շատ մեծ բաժին ուներ այն ընդդիմադիր էլեկտորատը, որը Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է որպես նոր ընդդիմադիր թեկնածուի, ընդդիմադիր ուժը կոնսոլիդացնող մարդու կերպարի:

«Բայց նա դեռ պետք է ապացուցի, որ կարող է այդ ընդդիմադիր ներուժը օգտագործել և կառուցողական կապիտալի վերածել»: Այնպես որ, Արմեն Աշոտյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» հաջորդ քաղաքական նպատակը պետք է լինի Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին նախապատրաստվելը:

 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույցերի արդյունքում Բուլղարիայի կառավարությունը հրաժարական կտա’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանում ձերբակալել են իսրայելյան լրտեսի’