‘ՀՀԿ-ական թեկնածուի բուկլետը՝ Արարատում զվարճանքի առարկա. Մամուլ’

1331

Արարատ քաղաքում քաղաքապետի ընտրության քարոզարշավի ընթացքում արարատցիներին բաժանված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետի մեջ առկա է ներդիր, որը պատմում է ոչ թե թեկնածուի մասին, այլ նկարագրում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և նրա եղբոր կատարած «աննախադեպ» բարեգործությունների մասին։ Այս մասին գրում է «ՉԻ»-ն և շարունակում. «Ի դեպ՝ այն, ինչ որ Արարատ քաղաքում կատարվել է համայնքային բյուջեի հաշվին, Գրիգորյան եղբայրները վերագրել են իրենց աննախադեպ բարեգործական ոգուն՝ քաղաքի ասֆալտապատում, բնակելի շենքի կառուցում, հիվանդանոցի հիմնանորոգում և սարքավորումներով հագեցում։

Ամենաուշագրավը, սակայն, նկարագրված է ներդիրի կետ 12-ում. հենց այստեղ էլ բարեգործ եղբայրները նշել են. «Սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն սննդի տեսքով ճաշարանում», իսկ դրույթ 13–ում, արձանագրեք՝ «Օժանդակություն քաղաքացիներին տոնական օրերին»։ Պակաս ուշագրավ չեն նաև բուկլետի ներդիրի հաջորդ երկու դրույթները՝ «Ֆինանսական օգնություն դպրոցներին՝ մարտի 8-ի և վերջին զանգի կապակցությամբ», ինչպես նաև՝ «Օգնություն քաղաքացիներին, դիմողներին՝ ապահովում աշխատանքով»»,–գրում է թերթը։

Նույն թեմային է անդրադառնում նաև «Ժողովուրդը»՝ գրելով. « ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետը դարձել է տեղի բնակիչներից շատերի զվարճանքի առարկան: ՀՀԿ-ական թեկնածուն բավական յուրօրինակ կերպով է որոշել ներկայանալ իր համաքաղաքացիներին: «Իմ սոցիալական ծագումը և դաստիարակությունը թույլ չի տվել ինձ ազնիվ աշխատանքով ձեռք բերած հեղինակությունից և հաջողություններից հղփանալ ու բարոյազրկվել, անտեսել խեղճին ու որբին, արհամարհել տկարին»,-գրել է նա բուկլետում: Փաստորեն, եթե ՀՀԿ-ականը  դեռ չի հասցրել հղփանալ կամ բարոյազրկվել, արդեն մեծագույն առավելություն է, որը պետք է ծածանել և հանուն դրա քվե խնդրել: Դեռ լավ է, որ Հայկյանը չի պարծեցել, որ այս տարիներին մարդասպանություն կամ գողություն չի արել: Ի վերջո, դա ևս մեծ առավելություն է»,-գրում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Զինվորներին ծեծի է ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը. Զինծառայողի հայր’