‘ՀՀԿ-ական. Ողջ հարցը կայանում է նրանում, որ եկեք իմ գործընկերոջը հանգիստ թողնենք ‘

1239

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը

— Պարոն Դավթյան, քանի որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ձեր հանձնաժողովի անդամ է, կուզեի ձեր տեսակետը լսել՝ նրա նկատմամբ կատարված հարձակման վերաբերյալ:

— Բնականաբար, ցավ եմ ապրում կատարվածի վերաբերյալ: Այլ բան, քան դատապարտել, չես կարող ասել:

— Կատարվածի կապակցությամբ բերման է ենթարկվել ձեր խմբակցության պատգամավորներից Առաքել Մովսիսյանի վարորդը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Ամբողջ հարցը նրանում է, որ կա կոնկրետ կասկածյալ, ընթանում են գործընթացներ, և ձեզ հետ միասին կսպասենք նախաքննության ավարտին: Եկեք անմեղության կանխավարկածը պահպանենք: Կա նաև մեկնաբանություն, որ դա իրականությանը չի համապատասխանում: Թե ինչ կլինի, սպասենք՝ տեսնենք:

— Ի՞նչը չի համապատասխանում իրականությանը:

— Այն, ինչ դուք եք ասում, որ իմ գործընկերոջ վարորդն է եղել այդ հարձակվողը:

— Բայց Առաքել Մովսիսյանն էլ է ասել, որ ով իրեն նորմալ չի կարող պահել, իրենք կհանգստացնեն՝ անկախ նրանից՝ սովորական քաղաքացի է, թե պաշտոնյա:

— Դուք վերցնում եք կոնտեքստից կտրում եք: Դե հիմա դուք  դա եք ասում, հետո եղել է հերքում:

— Ստացվում է՝ ձեր գործընկերը մի տեղ մի բան է ասում, հետո՝ ուրի՞շ բան:

— Ողջ հարցը կայանում է նրանում, որ եկեք իմ գործընկերոջը հանգիստ թողնենք, և ինչ որ ասվեց՝ այդ տրամաբանության մեջ նայենք: Այո, դատապարտելի արարք է, ցավալի է դեպքը: Բայց նաև՝ իրավական հարթությունում է: Մի քանի օր առաջ կասկածներ էին հայտնում, որ դեպքը չի բացահայտվի, հիմա կա կոնկրետ կասկածյալ, ու առաջիկա օրերի ընթացքում կպարզվի պատճառը:

— Ե՛ւ ձեր գործընկերոջ, ե՛ւ ոստիկանապետի տեղակալ Լյովա Երանոսյանի հայտարարություններից ստացվում է, որ կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում և ինքնադաստանով են ուզում զբաղվել:

— Պաշտոնյան, որին հիշատակեցիք, նկատողություն է ստացել, և այդ ամենն իմանալով՝ չեմ կարծում, որ ավելորդ մեկնաբանությունների կարիք կա:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. ՀՀԿ-ի «հայրենասիրական» մտագրոհ ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ Կոստանյանի՝ պատգամավորին հարվածելը ծանր հանցագործություն չէ’