‘ՀՀԿ-ական պատգամավորի որդու հավանական արկածները’

1360

Երեկ` հոկտեմբերի 29–ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի և նույն բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել 4 անձի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձիք են՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 20-ամյա Աշոտ Մանուկյանը, Երևան քաղաքի Բուդապեշտի փողոցի բնակիչ, 17-ամյա Ստանիսլավ Համբարձումյանը, Երևան քաղաքի Վերին Շենգավիթի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Մասումյանը և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Հարությունյանը:

Կայքի տեղեկություններով, ոստիկանությունը օպերատիվ տվյալ էր ստացել, որ Աբովյան փողոցում կրակոցի ձայներ են լսվում, և մեկնելով նշված վայր՝ նկատում են Audi A7 մակնիշի 05 AA 500 համարանիշի ավտոմեքենան և նշված երիտասարդներին: Խուզարկությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է ռետինե մահակ (ոստիկանական դուբինկա), որն ըստ մեքենայի տեր Ա. Մանուկյանի՝ իրեն նվիրել են:

Կայքը հայտնում է նաև, որ Ա. Մանուկյանը Ազգային ժողովի պատգամավոր, «Դերժավայի Արկադ» մականվամբ Արկադի Համբարձումյանի քրոջ տղան է:

Բերման ենթարկվածներից 17-ամյա Ս. Համբարձումյանը նշված պատգամավորի տղան է, իսկ Ռ. Մասումյանը գործարար, «Բենզին Ռուբո» մականվամբ  Ռուբեն Մասումյանի տղան է:

Կայքը հայտնում է, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ պատգամավորի ազգականները Երևանի պետական համալսարանի մոտ վիճաբանություն էին հրահրել, որն ավարտվել էր ծեծկռտուքով ու կրակոցներով, և այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր հովանու ներքո պատգամավոր Ա. Համբարձումյանը կարողացավ հարուցված քրեական գործը 180 աստիճան շուռ տալ, ու իր ազգականները մեղմ պատիժ ստացան:

Նշենք նաև, որ պատգամավորը, ինչպես և կարելի էր ենթադրել, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է:

Նշենք նաև, որ ոստիկանության կայքում նշված միջադեպի մասին ոչինչ չի հաղորդվում:

Նախորդ հոդվածը‘Խոսրով Հարությունյան. Հայաստանում ռուսերենով քննարկումները օրինաչափ են’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 8-ից գործարկվելու են նոր արագաչափեր’