‘ՀՀԿ-ական. Պատգամավորն էլ մարդ է’

814

Պատգամավորն էլ մարդ է և, բնականաբար, աշխատավարձի ավելացման կարիք ունի: Անհասկանալի է, թե ինչու է հայ հասարակության շրջանում ստեղծվել կեղծ կարծրատիպ, որի համաձայն, պատգամավորներն ամենաապահով մարդիկ են Հայաստանում: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը:

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունն առաջին ընթերցմամբ ԱԺ  քննարկմանն է ներկայացրել «Բարձրագույն պետական անձանց աշխատանքի դիմաց վարձատրության մասին» օրինագիծը, որի համաձայն, կբարձրանան նախագահի, նախարարների և պատգամավորների աշխատավարձերը: Փաստաթղթին համապատասխան, 2014 թվականին նախատեսվում է բարձրացնել նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, պատգամավորների և պետական ծառայողների աշխատավարձերը:

«Սակայն, չնայած դրան, ես անձամբ պատրաստ եմ լիովին հրաժարվել իմ պատգամավորական աշխատավարձից, եթե մեր բոլոր գործընկերները հրաժարվեն քննարկման փուլում գտնվող օրինագծով նախատեսված ավելացումից», — ընդգծել է հանրապետականը: Նրա գնահատմամբ, 2014 թվականի բյուջեն, նախ և առաջ, նպատակաուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը, թեև ցանկացած բյուջե հիասթափությունների հավասարաչափ բաշխման արվեստ է:

Հիշեցնենք, որ պետական ծառայողների պարագայում նախատեսվում է նաև պարգևատրումների համակարգի կիրառում, որոնք կլինեն աշխատավարձի 10 տոկոկսից ոչ պակաս: Ծրագրի իրագործման համար կպահանջվի 35 մլրդ դրամ: Օրենքով նախատեսվում է նախագահի աշխատավարձի բարձրացում 203 տոկոսով` ներկայիս 436 հազարից մինչև 1,223 մլն դրամ, վարչապետի  աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել 218 տոկոսով`  ներկայիս 335 հազարից մինչև 1,190 մլն դրամ: Նախարարների աշխատավարձերը նախատեսվում է բարձրացնել 139 տոկոսով, որը կկազմի 600 հազար դրամ: Ընդ որում պատգամավորների աշխատավարձը  132 հազարով պակաս կլինի, քան նախարարներինը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «ճիշտ ժամանակին» շնորհավորել է Աբդուլլահ Գյուլին’