‘ՀՀԿ-ական պատգամավոր. Երանոսյանի արտահայտությունը «մի քիչ կոռեկտ չէր»’

1348

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ չորս խմբակցությունները հայտարարության տեքստ են պատրաստել, որով դատապարտվում են վերջին շրջանում հասարակական եւ քաղաքական գործիչների դեմ բռնարարքները: Խմբակցությունները պհանջում են նաեւ բռնության կոչերի համար անհապաղ պաշտոնանկ անել փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի պետ Լյովա Երանոսյանին: ՀՀԿ խմբակցությունը երեկ տապալեց այս հայտարարության քննարկման համար հրավիրված արտահերթ նիստը՝ ներկայացնելով սեփական նախագիծը: Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Մանվել (Արա) Բադեյանի հետ:


Ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի հասցեին սուր արտահայտություններին ի պատասխան հնչող հաշվեհարդարի սպառնալիքներին կամ դրանով մոտիվացված բռնություններին:

Նախ՝ սուր արտահայտվելու իրավունք ունեն բոլորը բոլորի նկատմամբ: Ոչ ոք իրավունք չունի հայհոյանքի ձեւով վիրավորական արտահայտություն հնչեցնել: Դա դատապարտելի է ցանկացած դեպքում: Ի դեպ, հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է: Սա հարցի մի կողմն է: Մյուս կողմը՝ դատապարտելի է ցանկացած բռնություն: Որեւէ պատճառով չի կարելի մարդուն ծեծել: Գոյություն ունեն իրավապահ մարմիններ, որոնք պետք է արձագանքեն, եթե մարդն անթույլատրելի արարք է գործել: Ցանկացած «սամասուդ» դատապարտելի է: Հիմա՝ անդրադառնամ ձեր հարցի ենթատեքստին. ուզում եք այս ամենը ներկայացնել որպես ինչ-որ կենտրոնից եկող հանձնարարականներ, որ վերջերս այդ դեպքերը շատացել են՝ Արամ Մանուկյանի, ազատամարտիկների դեմ հարձակումները: Դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, գոյություն ունեն բազմաթիվ, այդ թվում՝ հասարակական կազմակեպություններ, որոնք իրավասու են զբաղվել հետաքննությամբ:

Մեկ գործով գոնե՝ Արամ Մանուկյանի,  հաստատ իրավապահ մարմիններն իրենց գործը կատարում են, հետաքննություն է գնում: Առաջ չընկնենք, սպասենք տեսնենք՝ կա՞ն արդյոք պատվիրողներ, թե՞ մարդու անձնական, կրկնեմ՝ սխալ վերաբերմունքն է դրսեւորվել:

Դուք ասում եք, որ ցանկացած ինքնադատաստան դատապարտելի է: Արամ Մանուկյանի վրա հարձակումից մեկ կամ երկու օր առաջ փոխոստիկանապետ Երանոսյանը սպառնացել էր կտրել յուրաքանչյուրի ականջները, ով Սերժ Սարգսյանին «բան կասի»: Սա, ըստ ձեզ, ինքնադատաստանի կոչ կամ սպառնալիք չէ՞:

Ոչ: Նրա պարտականությունն է իրոք պատժել այն մարդկանց, ովքեր անհարգի վերաբերմունք կունենան մի այլ քաղաքացու, այդ թվում, մանավանդ, ՀՀ նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին) վերաբերյալ: Նրա գործն է` պատժել: Բայց պատժել օրենքով սահմանված կարգով: Երբ որ նա էմոցիոնալ հայտարարություն է թույլ տվել, իհարկե, դա սխալ է, նման բան չի կարելի անել: Ոստիկանապետի եւ նրա տեղակալների խնդիրն է՝ հայտնաբերել եւ պատժել այն մարդկանց, ովքեր հայհոյանք են տարածում, կամ ծեծկռտուք են կազմակերպում, եւ պատժել: Արտահայտությունը միգուցե մի քիչ կոռետ չի եղել, դրա համար, որքան գիտեմ, ծառայողական պատժի է ենթարկվել:

Բռնության կոչի համար նկատողությունը բավարա՞ր եք համարում:

Ես, իհարկե, չէի ուզի էմոցիոնալ լեզվի սայթաքման համար գնդակահարություն տալ:

Ինչու՞ միանգամից գնդակահարություն: Ասենք՝ պաշտոնանկ անել, կամ քրեական պատասխանատվության ենթարկել սպառնալիքի կամ բռնության կոչի համար: Չէ՞ որ դուք եք ասում, որ հայհոյանքի համար քրեական պատիժ կա: Սպառնալիքի համար էլ կա:

Դա բռնության կոչ չի: Բռնության կոչն էն ա, որ ասում ա՝ Պողոս, գնա էս մարդու նկատմամբ բռնություն կիրառի: Այ դա բռնության կոչ ա: Իսկ երբ որ նա ասում ա՝ ես օրինախախտի ականջները կկտրեմ, դա կոչ չի: Դա ընդամենը ասում ա, թե ինքը ինչ կանի: Անտակտ ա ասել մի քիչ, բայց դրա համար մարդուն պետք չի գնդակահարել:  Առավելեւս որոշում կայացնել՝ էդ մարդուն գործից ազատելու մասին: Ծառայողական քննություն ա անցկացվել, հետազոտվել են հանգամանքները, եւ պատժի չափը որոշվել ա: Ադեկվատ ա, թե չէ՝ էդ կառույցը գիտի, մենք չենք կարող ասել: 

Նախորդ հոդվածը‘Սիդնեյ. Երեք զոհ, չորս վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ընկ. Գ. Մանուկյանը «Երկիր Մեդիա»-ում’