‘ՀՀԿ-ական պատգամավոր. Յանուկովիչի հետ ընդհանրապես համամիտ չեմ’

1198

7or.am-ի հարցազրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ

Համամի՞տ եք Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որ այնտեղ զինված հեղաշրջում է տեղի ունեցել։

–Երբե՛ք. ես Յանուկովիչի հետ ընդհանրապես համամիտ չեմ՝ որպես Ուկրաինայի նախագահի։ Ինքը հանցագործություն կատարեց։

Հրաման տալով, որ կրակե՞ն ժողովրդի վրա։

–Բա մարդ իր ժողովրդի վրա իրավունք ունի՞ կրակի։

Այդ կրակոցների ու Հայաստանում 2008թ. տեղի ունեցած մարտի 1–ի դեպքերի հետ նմանություն չե՞ք տեսնում։

–Ինչի՞ նմանություն։ Էլի՛ իրավունք չունեին. ի՞նչ կապ ունի՝ Հայաստանո՞ւմ, թե Ուկրաինայում։ Չի՛ կարելի ժողովրդի վրա կրակել։

ՀՀԿ–ն ինչո՞ւ է դեմ քվեարկում մարտի 1–ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելուն։

–Որովհետև հիմարությո՛ւն է դա. հանձնաժողով ստեղծում ես, որ ի՞նչ գտնես, եթե չկա բնույթ, եթե նյութ չկա։ Էդ իրանց ընդամենը ընդդիմության…գիտեք՝ ինչ, ուժերը կորցրած մարդը փրփուրից էլ է կախվում։ Էսօր դա է։

Ի դեպ, տեսանք, որ Յանուկովիչի հարազատ կուսակիցները նրանից երես թեքեցին ու դատապարտող հայտարարությամբ հանդես եկան…

–Գիտեք՝ ինչ, դե որտեղ ուժ, ընդեղ կիսագրագետ, միջին քաղաքական դաստիարակության մարդիկ միշտ վազում են ուժին։

Այսինքն, հնարավո՞ր է, որ մի օր էլ ՀՀԿ–ն այդպիսի հայտարարությամբ հանդես գա, եթե քաղաքական իրավիճակ փոխվի։

–Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեջ կան նմանատիպ մարդիկ, ՀՀԿ–ում էլ կան, ՀՅԴ–ում էլ կան, ԲՀԿ–ում էլ կան։ Էդ տեսակը հասարակության շերտի պես մի բան է. նրանք ամենուր են։

Փաստորեն, չե՛ք բացառում, որ ՀՀԿ–ն էլ մի օր Սերժ Սարգսյանին դատապարտող հայտարարությամբ հանդես կգա։

–Ո՛չ, ՀՀԿ–ն հնարավոր չի՝ ըտենց հանդես գա, որովհետև ես ձեզ մի բան ասեմ՝ որ ասում եմ՝ միջին, կիսագրագետ, նրանք հայտարարություն անելու ունակություն չունեն, նրանք էս ափից էն ափը լողալո՛ւ իրավունք ունեն։ Նրանք նավը ղեկավարելու իրավունք չունեն։

Բայց Ուկրաինայում, փաստորեն, լավ էլ ղեկավարեցին ու հայտարարեցին, որ Յանուկովիչի կոռումպացված ընտանիքի ձեռքում մի ողջ կուսակցություն գերի էր դարձել։

–Ուկրաինայում խմբակցությունն ընդդիմություն էր, արել է։

Խոսքը Յանուկովիչի հարազատ խմբակցության մասին է։

–Դե, էդի արդեն էդտեղ Յանուկովիչը չկա, ով էլ ասես՝ կխոսա, էլի։ Եթե հրամանատար չունես, դու քեզ հրաման չտաս, ի՞նչ անես։

Բա ես էլ դա եմ ասում. մի օր եթե Սերժ Սարգսյանը չլինի, ՀՀԿ–ն հնարավո՞ր է՝ նրա դեմ հայտարարություն անի։

–Ո՞նց չլինի, բայց ո՞նց չլինի, այսի՞նքն։

Այսինքն, Սերժ Սարգսյանի հետ լինի այն, ինչ եղավ Յանուկովիչի հետ։

–Հնարավոր բան չի, դա համեմատելու բան չի։

Ինչո՞ւ։

–Ո՞նց՝ ինչի։ Լսե՛ք, մարդը ճակատագիր ունի, մարդը անցած ճանապարհ ունի։ Յանուկովիչի անցած ճանապարհը դուք բերում եք մեր նախագահի անցած ճանապարհի հե՞տ եք համեմատում։

Մի երկու տարբերություն կասե՞ք։

–Ո՞նց մի երկու տարբերություն։ Պատերազմ անցած, համալսարանի Բանասիրականն ավարտած, իր քրտինքով եկած մարդուն դուք համեմատում եք էդ հանցագործի հե՞տ։ Դա կրիմինալ կյանքով եկած…դուք տեսե՞լ եք՝ Յանուկովիչին որ ձվով խփում են, ինչ ա լինում։ Ձվով խփում են կրծքավանդակին, ընգնում ա, իմանում ա՝ իրան խփեցին։ Էդ վախկոտ մարդը, կամ էդ…ո՞նց կարելի է իրար հետ համեմատել։ Ու երբեք չհավատաք, որ Սերժ Սարգսյանի պատերը ոսկուց լինեն, երբևիցե չհավատաք ըտենց բանի։ Ես շատ լավ եմ իրան ճանաչում. ինքը զինվորի հագուստից, մորուքից բռնած, պատերազմի բովով անցած մարդ է. ինքը իրան նման ճոխություն թույլ չի տա։ Ինքը Յանուկովիչ չի։ Ախր իմաստը ո՞րն է. եթե մարդը ինքը ունևոր է, էդքան խելք չունի՞, որ իրա պատերը ոսկի չանի։

Ադեկվա՞տ եք համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ գիտենք՝ ժողովրդի 80%–ը դեմ է կուտակայինին, բայց, միևնույն է, անելո՛ւ ենք, կամ էլ՝ ուրիշ ո՞ւմ վրա կարող ենք սաղացնել…

–Ժողովրդի 80%–ը նման բարեփոխումներին է դեմ, ոչ թե դե՛մ են։ Բարեփոխումներին են դեմ, բայց ես չեմ կարծում, որ ինքը ճիշտ պռագնոզ ա արել՝ 80%…ինձ թվում է, որ…գիտեք՝ ինչ, ախր չի կարելի…

Ավելի շա՞տ են դեմ, թե հակառակը։

–Դուք՝ լրագրողներդ, ուզում եք մի ընենց բան գրել, որ սաղ կարդան, ու դուք կհզորանաք, բայց կարևորը՝ էդ գրածի մեջ նյութ լինի։ Դուք կախվում եք սրա ասածից, նրա ասածից, համեմատականներ եք անցկացնում, իսկ ձեր աշխատանքը էս երկիրը կառուցելու գործիքներից մեկն է, մի՛ քանդեք, դուք քանդում եք, մեր հետ կառուցեք։

Վերադառնանք ԵԿՄ համագումարին։ Դրան հիմնականում այնպիսի մարդիկ էին մասնակցում, որ արցախյան պատերազմի հետ կապ չեն ունեցել, իսկ իսկական ԵԿՄ–ականները չկային։ Սա նորմա՞լ եք համարում։

–Չեմ ուզում էդ հարցին պատասխանել։

Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Միլլերի հետ գազի սակագնի հարցն է քննարկել ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Գալաթասարայ» — «Չելսի», «Շալկե 04» — «Ռեալ Մադրիդ»’