‘ՀՀԿ-ական պատգամավոր. Շատ լավ բյուջե է, մնում է՝ դրանք կատարեն’

1427

iLur.amի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը

 

— Պարոն Հակոբյան, դուք, լինելով թիվ 41 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված պատգամավոր, 2014 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկներ էիք ներկայացրել, սակայն կառավարությունը մերժել էր դրանք ընդունել: Այդ դեպքում ինչո՞ւ կողմ քվեարկեցիք բյուջեի նախագծին:

— Այնպես չի, որ իմ առաջարկները չեն ընդունվել: Ներկայացրել եմ 45-ից ավելի առաջարկություն: Դրանց մի մասը`կապված ջրամատակարարման վերաբերյալ, չի ընդունվել: Իսկ մյուս առաջարկները ոչ թե չեն ընդունվել, այլ կառավարությունը նշել է, որ կներառի 2015-17թթ. պետական բյուջեի մեջ:

— Այնուամենայնիվ, ձեր առաջարկները 2014 թ. բյուջեում չկան, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դրան կողմ քվեարկելը:

— Իսկ ո՞նց չքվեարկեի կողմ: Բյուջեն նայել եմ, ուսումնասիրել եմ, բավական դրական փոփոխություններ կան: Շատ լավ բյուջե է, մնում է՝ դրանք կատարեն: Այդ դեպքում հետեւանքները շատ լավ կլինեն:

— Բայց կառավարությունը չի կարող խոստացած 5-7 տոկոս տնտեսական աճն ապահովել, էլ ինչպե՞ս կատարի 2014 թ. պետական բյուջեն:

— Այս առումով ես չեմ կարող բան ասել: 7 տոկոսը այսպես է` երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը կառավարությանն ասել է, որ 7 տոկոս աճ պետք է լինի: Նախորդ տարի բավական աճ եղել է, հիմա մեր բյուջեն ավելացել է: Ավելացված բյուջեն չի կարող ամեն անգամ, ամեն տարի 7 տոկոսով ավելանալ: Եթե մի տարի 7 տոկոսով ավելացել է, ու հաջորդ տարի պակաս է ավելանում, բայց բացարձակ թվով, գումարայինով դիտելու դեպքում ստացվում է, որ էլի ավել է դառնում:

— Վերջին ամիսներին, սակայն, այսպես կոչված՝ աճը 3,5 տոկոսի սահմաններում դոփում է: Բայց Սերժ Սարգսյանը հանձնարարել էր 7 տոկոս աճ ապահովել:

— Ինձ թվում է` ես նախորդ պատասխանի մեջ այս հարցի պատասխանը տվեցի:

— Անձամբ ինքներդ գո՞հ եք երկրում առկա վիճակից` շարունակական գնաճից, աղքատության ու արտագաղթի աճից:

— Երբեք ոչ մի երկրում, ոչ մի երկրի քաղաքացի ոչ մի երկրի իշխանություններից գոհ չի, որովհետեւ գնալով ցանկացած մարդու պահանջմունքներն ավելանում են, բնականաբար, հետեւից եկողը չի հասցնում այդ պահանջները բավարարել:

— Իսկ ճիշտ չէ՞ր լինի` այս իշխանությունները հրաժարական տային, եւ Հայաստանում ձեւավորվեր ժողովրդի կամքով ընտրված, լեգիտիմության խնդիր չունեցող իշխանություն:

— Ժողովրդի կամքով ձեւավորվելը ո՞րն է: Իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով: Ընտրությունները եղել են, իշխանությունը ձեւավորվել է: Հիմա ի՞նչ` ամիսը մեկ նոր իշխանություն ձեւավորվի՞:

— Իշխանությունը ձեւավորվել է ընտրակեղծիքների արդյունքում:

— Գիտեք ինչ` կեղծիքները, բնականաբար, ես չեմ կարող ասել` որքան են եղել, կամ եղել են, թե չէ: Ես իմ ընտրատարածքի հետ կապված կարող եմ ասել, որ այնտեղ եթե կեղծիքներ եղել են, ապա՝ շատ չնչին, ու չեն ազդել արդյունքների վրա:

— Դուք ընտրվել եք մի ընտրատարածքից, որը սահմանամերձ է: Այնտեղ, ձեր կարծիքով, ժողովուրդը գո՞հ է արդյոք այս իշխանություններից:

— Ժողովրդի դժգոհությունը ամեն տեղ էլ կա: Ամբողջ աշխարհում, անգամ զարգացած երկրներում լինում են բողոքներ, ցույցեր` ընդդեմ իշխանությունների: Դա նորմալ եմ համարում, որովհետեւ հնարավոր չի ամեն ինչ անել այնպես, որ բոլորի սրտով լինի: Ես էլ լինեմ, դուք էլ լինեք, էլի դժգոհելու են:

— Բայց գալիս է մի պահ, երբ իշխանության փոփոխությունն անհրաժեշտ է դառնում, ինչպես հիմա Հայաստանում է:

— Մենք ունենք Սահմանադրություն, եւ պաշտոնավարման ժամկետները նշված են Սահմանադրության մեջ: Ընտրովի պաշտոններում ժողովուրդը թող որոշի`ում ընտրի: Երեք-չորս-հինգ տարի հետո ընտրություններ են սկսվելու` ՏԻՄ, հետո ԱԺ եւ վերջում նախագահական ընտրություններ: Ժողովուրդն ում ուզում է, թող ընտրությունը կատարի:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘ՃՈ. Հանրապետության մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Արտգործնախարարների փակ հանդիպումը մեկնարկել է’