‘ՀՀԿ-ական պատգամավոր. Սերժ Սարգսյանի «խփել»-ը հումոր էր’

1157

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կարծում է, որ օրերս Գյումրիում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը հումոր էր եւ այն ներկայացվում է կոնտեքստից կտրված:

Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին խոսելիս, նախագահի թեկնածուն վստահեցնում է, թե ընտրություններում հաղթելու խնդիր չունի: «Շանսը ո՞րն ա, իմ շանսը… 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք», — GalaTV-ի լրագրողուհուն «դու»-ով դիմելով՝ ասում է Սերժ Սարգսյանը:

 Ըստ Հովհաննես Սահակյանի, ընտրությունների հանգիստ ընթացքն է պատճառը, որ մարդիկ կենտրոնանում են Սերժ Սարգսյանի նմանատիպ հայտարարությունների վրա՝ «հաճախ խոսքը կտրելով կոնտեքստից»:

«Իրականում, նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) ասածի իմաստն էլ հենց այդ էր՝ 100-ից 90 տոկոս կհավաքենք, 80, թե 60՝ ի վերջո որոշելու է ժողովուրդը», — iLur.am-ին ասաց պատգամավորը:

Ի պատասխան մեր հարցին, թե արդյո՞ք նման հայտարարությունները ավելի չեն խարխլում ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունը, Հովհաննես Սահակյանը նշեց, որ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մթնոլորտի վրա ազդում են ոչ թե (Սարգսյանի) նմանատիպ հայտարարությունները, այլ «լավագույն ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերը», որոնք, ըստ պարո Սահակյանի, արտացոլվել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական կազմակերպությունների զեկույցներում, այդ թվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում:

Մենք հիշեցրեցինք պարոն Սահակյանին, որ հենց ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ զեկույցում նշվում է, որ այս շրջանում Սերժ Սարգսյանի հանդիպումների ու ելույթների լուսաբանումից հաճախ պարզ չէ՝ դա պաշտոնական միջոցառում է, թե նախընտրական, որ որոշ տեղերում Սերժ Սարգսյանի շտաբները տեղակայվցած են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ այլն:

«Հասկանում եմ, պարզ է, որ նյութ պատրաստելու համար պետք է գրվեն այնպիսի տվյալներ, այնպիսի տողեր, որոնք կարող են հետաքրքրաշարժ լինել, — պատասխանեց պատգամավորը: — Կան դեպքեր, երբ լինելով  Հայաստանի քաղաքացի, իրավաբան, կարող եմ պնդել, որ դիտորդական առաքելության զեկույցի մեջ ներկայացված որոշ տվյալներ չեն համապատասխանում իրականությանը», — ասաց պարոն Սահակյանը: Մասնավորապես, ըստ նրա, արոզարշավային հանդիպումները պաշտոնական միջոցառումներից տարանջատելու համար Սերժ Սարգսյանը եւ նրա քարոզարշավին լծված այլ պաշտոյաներն անգամ  «հավուր պատշաճի» հագուստ են կրում:     

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է առողջապահության համակարգի աշխատողների հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Երեւանում ԵՄ պատվիրակության աշխատակազմի ղեկավարը’