‘ՀՀԿ-ական պատգմավոր. Պաշտոնյայի աշխատավարձը` պետության վարկանիշի բարձրացման գրավական’

1960

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

— ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ բուռն բանավեճ էր ընթանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի շուրջ: Որքանո՞վ եք ճիշտ համարում այսօրվա պայմաններում պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելը:

— Եթե պետությունն ուզում է գնալ առաջ, եթե իրականում մենք ուզում ենք մեր պետության վարկանիշը բարձրացնել, ուրեմն` մեր պետության պետական պաշտոնյան պիտի մի քիչ ավելի արժանապատիվ աշխատավարձ ստանա, որպեսզի կարողանա իր պետական աշխատանքը ճիշտ կազմակերպել: Մենք խոսեցինք հատկապես պատգամավորների աշխատավարձերի մասին, եւ եթե մենք իրականում համեմատություն ենք անում տարբեր երկրների միջեւ, ապա խնդիրը ոչ այնքան չափի, որքան մոտեցման մեջ է: Ես համեմատել եմ Գերմանիայի հետ, այնտեղ աշխատավարձից բացի առանձին հանդիպումների, տրանսպորտային ծառայությունների, գործուղումների համար են վճարում:

— Բայց երկրի այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակում արդյո՞ք ճիշտ է գնալ նման քայլի:

— Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե բարձրանում է միայն պետական պաշտոնյայի աշխատավարձը, այլեւ` օրենքով է սահմանվում այդ աշխատավարձի բարձրացումը: Անձերը չեն որոշում, օրենքն է որոշում: Եվ օրենքը հավասարաչափ տարածվում է բոլոր շերտերի վրա` պետական պաշտոնյայից սկսած, մինչեւ ցանկացած աշխատողի: Ես սա համարում եմ նորմալ, որովհետեւ տենդենց կա ընդհանուր աշխատավարձի բարձրացման:

— Իսկ կկարողանա՞ կառավարությունն այդ բարձրացումների տակից դուրս գա՞լ, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը մի քանի անգամով է բարձրանալու, եւ սա հսկայական գումար է:

— Եթե այդ ծրագիրը ներկայացված է, նշանակում է` ամեն ինչ հաշվարկված է, ամեն ինչ հաշվի է առնված: Սա խոսում է այն մասին, որ ճիշտ զարգացման ճանապարհով երկիրը ճիշտ ուղի է ընտրվել: Պետք է վերանայվի նվազագույն աշխատավարձը, հիմա գրեթե կրկնակիի չափ բարձրանալու է: Սա նշանակում է, որ մենք սոցիալական պետություն կառուցելու ճանապարհին ենք: Ես չեմ կարող ասել, որ սա բավարար է մարդու բարեկեցիկ կյանքով ապրելու համար, բայց  որ կա տենդենցը, որ քայլ է արվում այդ բարեկեցիկ կյանքը էլ ավելի լավացնելու, սա ակնհայտ է:

— Երբ մենք վերջին հինգ տարվա կտրվածքով նայում ենք պետական բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը, ապա տեսնում ենք, որ նրանք այս տարիների ընթացքում մեծ եկամուտ են ունեցել, մեծ ունեցվածք են կուտակել: Հիմա նրանց աշխատավարձը բարձրացնում ենք, իսկ սովորական ժողովուրդը շարունակում է ապրել նույն կյանքով, մի բան էլ` ավելի վատ:

— Ես խոսում եմ ընդհանրապես օրենքի, պաշտոնի մասին, դուք խոսում եք անձերի մասին: Եկեք անձերին մի կողմ թողնենք: Մենք օրենք ենք ընդունում, որը գործելու է ՀՀ-ում` անկախ նրանից, թե ով է պաշտոնյան: Այսօր ձեր ասած պաշտոնյան է, վաղը կլինի մեկ ուրիշը: Այսինքն` մենք պետք է վեր կանգնենք անձնայինից ու կարողանանք ճիշտ պետական մտածողությամբ որոշումներ կայացնել ու օրենքներ ընդունել:

—  Պատահակա՞ն էր, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրենքի քննարկումը համընկավ գործազուրկների նպաստի ինստիտուտի վերացման վերաբերյալ օրինագծի ընդունման հետ:

— Չէ, ինչո՞ւ է պատահական: Սա քաղաքականություն է, եւ ես չեմ կարծում, որ համընկնել-չհամընկնելու խնդիր կա: Սա էլ է շատ կարեւոր օրենք մեզ համար, նա էլ է շատ կարեւոր օրենք: Եվ ավելի լավ, որ երկուսն էլ համարյա նույն դաշտին են վերաբերում: Ինչու չէ` պետք է կարողանանք մենք ինքներս բերենք մի հարթության վրա, որ տեսանելի լինեն այդ ոլորտի բացթողումները, թե ինչն ենք հանում, ինչին ենք ուղղում: Այստեղ հակասող բան չեմ տեսնում:

— Դուք նախկինում եղել եք ուսուցչուհի: Հիմա ինչպե՞ս եք վերաբերվում, որ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացվում են, իսկ ուսուցիչներինը` ոչ:

— Եթե դուք հետեւել եք խորհրդարանի աշխատանքներին, ապա տեսել եք, որ ես բարձրացրի ուսուցիչների հարցը: Նախարարը պատասխանեց, որ ուսուցիչների աշխատավարձը 2-3 գործակցով է ավելանում, որն այսօրվա քննարկման հարցը չէ, որովհետեւ սա վերաբերվում է  այլ ոլորտի, այլ սանդղակի: Ես ինքս բարձրացրի հարցը, որ ուսուցիչների գործառույթներն այսօր ավելի շատացել են` հատկապես գրավոր աշխատանքների համար: Հետեւաբար, դա պետք է անդրադառնա աշխատավարձերի վրա: Ես պատրաստվում եմ այդ հարցը բյուջեի քննարկումների ժամանակ բարձրացնել:

— Բայց ստացվում է, որ հիմա առաջինը պաշտոնյաների աշխատավարձն են բարձրացնում, այն էլ` մեծ սանդղակով, հետո մյուսներինը:

— Այստեղ առաջին ու վերջին չկա: Սա գործընթաց է, որը սկսված է, որի մեջ ներառվում է նաեւ ուսուցիչները: Եկեք վեր կանգնեք այդ ամենից ու տեսնենք տենդենցը` մենք բարձրացնում ենք աշխատավարձերը` եւ նվազագույնը, եւ պաշտոնյաների աշխատավարձը: Այնպես որ, այդ հարցը մեր օրակարգում է:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Փոքրիկ Շանթի բուժման համար 25.000 ԱՄՆ դոլար է անրաժեշտ. հարազատներն ապավինում են բարի մարդկանց օգնությանը’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Երևանում’