‘ՀՀԿ-ական «Փուչիկների ֆիեստա»՝ ուսանողության գումարներով’

1824

Օրերս մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ հայաստանյան պետական բուհերը, պարզվում է, իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը նվիրաբերում են «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» կազմակերպութանը, փաստացի՝ ՀՀԿ երիտասարդական թեւին: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Nyut.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ բուհը տարեկան 100 միլիոն դրամ է փոխանցում հիմնադրամին:

«Դեռևս 1999թ.-ին բուհերի ցանկությամբ որոշվել է ստեղծել երիտասարդական հիմնադրամ և իրենց արտաբյուջետային միջոցներից 2 տոկոսը փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ 1999թ. բուհերն ազատվել են ավելացված արժեքի հարկից՝ փոխարենն այդ գումարների մի մասն ուղղվում է անապահով ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուն, 2 տոկոսը՝ հիմնադրամին, որը պետք է ծառայի համաերիտասարդական և ուսանողական, մասնավորապես, սոցիալական ծրագրերի իրականացմանը: Ի տարբերություն որոշ հիմնադրամների՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է, ամբողջովին լուսաբանվում է, միտված է միմիայն երիտասարդական խնդիրների լուծմանն ու երիտասարդական ծրագրերի իրականացմանը և ոչ թե պոպուլիստական ու PR ակցիաներին», — ասվում է iLur.am-ի հարցմանն ի պատասխան` հիմնադրամի ուղարկած հաղորդագրության մեջ։

Սկսենք վերջին՝ հիմնադրամի հաշվետվողականության մասին պնդումից: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամը յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամիսների ընթացքում … պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը, մասնավորապես, պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում վարչակառավարչական ծախսերի չափի մասին:  Azdarar.am-ում տեղադրված՝ Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի 2012թ. տարեկան հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ՀԵՀ-ը, անցյալ տարվա ընթացքում, իր հաշվին առկա 744 միլիոն 614 հազար դրամից ծախսել է 518 միլիոն 315 հազար դրամ: Այս գումարը, ըստ հաշվետվության, գոյացել է 23 իրավաբանական անձանց կատարած մուծումներից: Թե որոնք են այդ իրավաբանական անձինք, հաշվետվության մեջ չի նշվում: Տեղեկատվություն չկա նաեւ, թե կոնկրետ ծրագրերի իրականացման համար որքան գումար է ծախսել հիմնադրամը:  

Թե որքանով կարելի է այս հաշվետվությունը, հետեւապես՝ հիմնադրամի գործունեությունը թափանցիկ համարել, թողնում ենք ընթերցողի դատին:

Ինչ վերաբերում է բուհերի կատարած վճարումներին եւ դրանց նպատակային օգտագործման հարցին, ապա ՀԵՀ-ն իր պարզաբանման մեջ նշում է, որ ֆինանսավորվում է ոչ միայն բուհերի կողմից: Եւ քանի որ հիմնադրամն իր ֆինանսավորման աղբյուրները չի բացահայտում, մնում է հաշվարկներ կատարել այն տեղեկատվության հիման վրա, որը կա:  Այսպես. ունենք, մասնավորապես, ԵՊՀ տվյալը՝ երկրի ամենախոշոր համալսարանը տարեկան 100 միլիոն դրամ է փոխանցում ՀԵՀ-ին: Սա նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի ծախսած շուրջ 518 միլիոն դրամի 1/5-րդն է կազմում: Այսինքն, եթե հավատանք ներկայացված տվյալներին, ԵՊՀ-ն հիմնադրամի հիմնական դոնորն է: Բացի դրանից, ըստ ՀԵՀ հաշվետվության, հիմնադրամը 2012-ին կրթությանը եւ գիտությանը վերաբերող ծրագրերի իրականացման նպատակով հատկացրել է իր ծախսած 518 միլիոն դրամի 25,5 տոկոսը՝ մոտ 156 միլիոն դրամ: Այսինքն, միայն Պետհամալսարանը տրամադրել է գիտակրթական ծրագրերի վրա ծախսված գումարի շուրջ 2/3-ը: Պետք է ենթադրել, որ մյուս շուրջ երկու տասնյակ պետական եւ միջպետական բուհերի  վճարած գումարները գերազանցում են այն 155 հազար միլիոն դրամը, որ ՀԵՀ-ը ծախսում է ուսանողական ծրագրերի իրականացման վրա: Մնացած գումարն, ըստ էության, գնում է ուսանողության հետ ուղղակի կապ չունեցող ծրագրերի ֆինանսավորմանը, օրինակ՝ հոգեւոր-հայրենասիրական դաստիարակությանը կամ առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերին: Այսինքն, ուսանողը բուհին խոշոր գումարներ է վճարում ոչ թե որակյալ կրթություն ստանալու համար, այլ որպեսզի բուհը միջնորդավորված կերպով ֆինանսավորի ուսանողի հոգեւոր-հայրենասիրական դաստիարակությունը կամ առողջ ապրելակերպը:

Երիտասարդներն՝ ընդդեմ թմրամոլության, 25 հունիսի, 2011թ.

(Ի դեպ, կառավարության տարբեր տարիներին ընդունված որոշումների համաձայն, ՀԵՀ-ին  նվիրաբերվել են Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի մի ամբողջ մասնաշենք՝ գույքով հանդերձ, այլ շարժական ու անշարժ գույք):

Ինչպես տեսնում ենք, այս հիմնադրամը վայելում է իշխանությունների «բարձր» եւ անվերապահ հովանավորությունը, եւ գուցե կարելի է հասկանալ, թե ինչու են պետական բուհերը որոշել, «սեփական ցանկությամբ», հենց ՀԵՀ-ին վերապահել իրենց հաշվին եւ իրենց փոխարեն ուսանողական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Ծրագրեր, որոնք նույն հաջողությամբ կարող էին իրականացնել բուհերը՝ իրենց իսկ հաստատությունում սովորող ուսանողների համար:

Բերենք նույն ԵՊՀ-ի օրինակը. Պետհամալսարանում, ներառյալ մի քանի մասնաճյուղերը, սովորում է շուրջ 20 հազար ուսանող: Նրանց շուրջ 8 տոկոսը՝ շուրջ 1800 հոգի, սովորում է պետպատվերով՝ անվճար: Եթե հաշվի առնենք, որ ԵՊՀ-ում մեկ ուսանողի ուսման վարձավճարը միջինը շուրջ 500 հազար դրամ է կազմում, ապա ՀԵՀ-ին փոխանցած տարեկան 100 միլիոն դրամը կբավականացներ մայր բուհում անվճար ուսուցում ապահովելու եւս 200 ուսանողի, կամ, ասենք, որոշակի զեղչեր սահմանելու ավելի մեծ թվով ուսանողների համար՝ հաշվի առնելով նրանց առաջադիմությունը կամ սոցիալական դրությունը: Սակայն, դրա փոխարեն լավ սովորող կամ անապահով ուսանողներին «հայտնաբերելու» գործառույթն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որը, հասկանալի է, ունի «լավերին ջոկելու» իր չափանիշները: Արդյունքում՝ ուսանողների իսկ վճարած գումարները բուհն ուղարկում է հիմնադրամին, հիմնադրամն այդ գումարների մի մասը վերադարձնում է որոշակի կատեգորիայի ուսանողների՝ զեղչերի ու արտոնությունների տեսքով, եւ օժանդակություն ստացած ուսանողների երախտագիտության սլաքները թեքվում են հիմնադրամի ուղղությամբ:

Գարեգին Նժդեհի ուսմունքը եւ երիտասարդությունը, ԵՊՀ, 21 դեկտեմբերի, 2011թ. 

Կրթաթոշակներ՝ ռազմական ուսումնական հաստատությունների սաներին, 23 հունվարի, 2012թ.

Հասկանալի է, որ ուսանողներն իրենց հերթին` այսքանից հետո պետք է  լավության տակից դուրս գալու համար համապատասխան ծառայություն մատուցեն հիմնադրամի ղեկավարներին:

Իսկ ղեկավարների ցանկն առավել քան խոսուն է՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են Տիգրան Սարգսյանը, Արմեն Աշոտյանը, Հրանուշ Հակոբյանը, Վիգեն Սարգսյանը, Արսեն Քարամյանը եւ վերջապես՝ հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը՝ բոլորն էլ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամներ: Հենց նրանք էլ նախընտրական սեզոնի ժամանակ հիմնադրամի «բարիքներից» օգտվող ուսանողներին «հրավիրում են» ՀՀԿ քարոզարշավային հանդիպումներին, զինում են նրանց ՀՀԿ պատկերանշանը կրող դրոշակներով ու փուչիկներով եւ վերջապես` հորդորում են ուսանողներին՝ իրենց ընտանիքների անդամների հետ միասին քվեարկել ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի օգտին: Այն, որ այս հիմնադրամը իրականում ՀՀԿ-ի երիտասարդական թեւն է՝ Սերժ Սարգսյանի «կոմսոմոլը», չեն փորձում թաքցնել անգամ հենց ՀԵՀ պատասխանատուները. հիմնադրամի գործունեության լուսաբանման մեջ գերակշռում է Հայաստանի հանրապետական կուսակցության հետ համատեղ արված ծրագրերի մասին տեղեկատվությունը:

Հակոբ Կարապետյան   

     Հ.Գ. Ի դեպ, այս տարվա հունիսի 11-ին ՀԵՀ նախաձեռնած միջոցառման անվանումն ու բովանդակությունը ամբողջովին «սեւ հումորի» ժանրից է: Այդ օրը, ինչպես տեղեկանում ենք ՀԵՀ կայքում տեղադրված հաղորդագրությունից, անցկացվել է «Փուչիկների ֆիեստա» ծրագիրը, որին մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ մայրաքաղաքից և մարզերից: «Միջոցառման մասնակիցները երկինք բաց թողեցին հազարավոր գունավոր փուչիկներ՝ դրանց վրա գրելով իրենց ամենանվիրական երազանքները: Իրենց կատարումներով հանդես եկան պետական և ոչ պետական բուհերի շնորհալի ուսանողներ»:

Այդ միջոցառումից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2012-ի մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ մեկ այլ «ֆիեստա»՝ ՀՀԿ նախընտրական քարոզչական հանդիպման ժամանակ «երկինք բաց թողնվեցին» հելիումի փոխարեն հրավտանգ մեթանով լիցքավորված հազարավոր փուչիկներ: Հետեւանքը. այրվածքներ ստացան և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվեցին 154 անձինք, հիմնականում՝ ուսանողներ: Իսկ միջոցառման կազմակերպիչը, հիշեցնենք, նույն Կարեն Ավագյանն էր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողը: Տուժողների հիմնական մասն էլ, հասկանալի է, ՀԵՀ աջակցությունից շոյված ու ՀՀԿ քարոզարշավին մասնակցելու միջոցով երախտահատույց լինել ցանկացող երիտասարդներն էին: 

ՀՀԿ քարոզարշավի ամփոփումը, 04 մայիսի, 2012թ.

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը Եկեղեցու հորդորով հրաժարվում է «գենդերից». Իրավապաշտպանները մտահոգված են’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մովսիսյան. Գազի սուբսիդավորման շուրջ բանակցությունները ՌԴ-ի հետ ավարտված են’