‘ՀՀԿ-ի աէրոֆոբիայի ակունքները, կամ ինչո՞ւ ՀՀԿ-ն չեղյալ հայտարարեց հանրահավաքը’

5591

Հանրապետականի քարոզչության եզրափակիչ ակորդը որքան անսպասելի, նույնքան էլ բնորոշ էր. ՀՀԿ նախընտրական շտաբն այսօր հայտարարություն տարածեց նախօրոք հայտարարված՝ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը չեղյալ համարելու մասին, քանի որ «իրենց ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր մի քանի բակային հանդիպում ունի Երևանի Կենտրոն համայնքում»:

Քաղտեխնոլոգներին լավ հայտնի է, որ նախընտրական վերջին օրը քարոզչության համար ամենաարդյունավետ ժամանակն է՝ հնարավորինս լայն լսարանի առաջ քարոզարշավի ընթացքում արձանագրած հաջողությունները ամփոփելու ու չկողմնորոշվածների զանգվածից վերջին պատառիկները կորզելու համար: Արդ, ինչո՞ւ ՀՀԿ-ն հրաժարվեց այդ հզոր քարոզչական գործիքից՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հնարավորությունից:

Առավել եւս՝ այն դեպքում, որ այս օրը Ազատութան հրապարակում հանրահավաք անցկացնելու համար Հանրապետականը «լուրջ կռիվ» է տվել. դեռեւս մեկ ամիս առաջ՝ ապրիլի չորսին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արեգ Գեւորգյանը առավոտյան ժամը 9:04-ին (աշխատանքային օրվա մեկնարկից չորս րոպե անց) Ազատության հրապաարակում մայիսի 3-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան: Սակայն պարզվել է, որ «նրանից առաջ»՝ ուղիղ ժամը 9:00-ին, նույն օրը, նույն վայրում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում է ներկայացրել ՀՀԿ ներկայացուցիչը: Հասկանալի է, «օրենքի տառի համապատասխանությամբ» Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀԿ իրազեկումը: ՀՀԿ-ի, որը քարոզչության վերջին օրը հրաժարվել է հանրահավաք անցկացնելու մտքից:

Այն, որ ՀՀԿ-ն վախենում է բաց (ազատ) տարածությունից, ակնհայտ երեւում էր արդեն քարոզչության մեկնարկից: Այն, որ ՀՀԿ-ն հասկացել էր, որ «ՀՀԿ» բրենդն օգտագործելը միայն ի վնաս իրեն է աշխատելու՝ պարզ դարձավ նրանից, որ «ամենամասսայական եւ ամենաժողովրդական կուսակցությունն» իր քարոզարշավին ներկայացավ մեկ դեմքով. նախընտրական գովազդային պաստառների վրա պատկերված էր բացառապես ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, իսկ ՀՀԿ թեւատարած արծիվը համեստորեն ծվարել էր պաստառների ներքին աջ անկյունում: Տարոնը միառժամանակ հրաժարվեց նույնիսկ իր կոստյումի վրա ՀՀԿ տարբերանշանը փակցնելու «պատվից»: Ամեն կերպ փորձ էր արվում ներկայացնել, որ երեւանցին պետք է ընտրի ոչ թե «փիս» ու մինչեւ կոկորդը մարդկանց զզվեցրած ՀՀԿ-ի ցուցակը, այլ ՝ «լավ մարդու լավ զավակին, հինգ երեխաների հերոս հորը՝ պարզ ու մարդկային Տարոն Մարգարյանին»: (Պատահական չէ, որ Երեւանի կենտրոնում մեր անցկացրած հարցումների ընթացքում քաղաքացիներից ոչ ոք չկարողացավ հիշել, թե ՀՀԿ ցուցակում ո’վ է հաջորդում Տարոն Մարգարյանին):

Բայց այս հնարքն էլ չօգնեց՝ կարճ ժամանակում հանրությունը տեղեկացավ, որ այս «համեստագույն արարածը» իր երիտասարդ տարիների ընթացքում բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելով հանդերձ՝ աղքատ Հայաստանում միլիոնավոր դոլարների ունեցվածք է կուտակել: Կարճ ժամանակում հանրությանը պարզ դարձավ, որ 35-ամյա «հրաշամանուկից» անասելի ջանքեր են պահանջվում՝ հայերենով բարդ ստորադասական նախադասություններ կազմելու համար:
Հասկանալի է, որ Պախանը չէր կարող թույլ տալ, որպեսզի Ազատության հրապարակում եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Տարոնը տասնյակ հազարավոր մարդկանց ներկայանա իր ողջ պերճանքով: 

Ասում ենք՝ տասնյակ հազարավոր, քանի որ հասկանալի է՝ պետական ապարատը ուզուրպացրած ՀՀԿ-ի համար դժվարություն չէր ներկայացնի Երեւանի (ու ոչ միայն) բուհերի, բուժհաստատությունների, այլ «պետական» հիմնարկների ու պարզապես՝ համատիրությունների ռեսուրսները մոբիլիզացնելով՝ մի քանի տասնյակ հազար մարդ բերել Հրապարակ՝ հանդերձավորելով նրանց համապատասխան «ատրիբուտիկայով»՝ դրոշներով, տրանսպարանտներով, փուչիկներով վերջապես: 
Բայց դա չարվեց: Որովհետեւ հանրապետականները պաթոլոգիական վախ ունեն ոչ միայն Ազատության հրապարակից, ոչ միայն ազատ մարդուց, այլեւ ազատ տարածությունից՝ ընդհանրապես: Որովհետեւ տասնյակ հազարավոր դեղնավուն դրոշակակիրների, փուչիկակիրների ու պաստառակիրների մեջ կարող էր հայտնվել մեկը, ով ուրիշ գույնի պաստառ կարող էր պարզել: Որովհետեւ Տարոնի ոսկեղենիկ մտքերին ծափահարող հազարավոր ձեռքերի կողքին կարող էր ընդամենը մեկ ձեռք հայտնվել, որը ուրիշ բան կարող էր ցույց տալ Տարոնին: Որովհետեւ վախ կար, որ ընդամենը մեկ սուլոցը կխլացներ ողջույնի հազարավոր բացականչությունները: Ու (ինչն ամենասարսափելին է) հանրապետականների «տոնը հարամող մի ռեւոլյուցիոներ լրագրող» հանկարծ կարող է ֆիքսել ու տարածել այս ամենը:

Այնպես որ, Ազատության հրապարակում հանրահավաքը չեղյալ հայտարարելու որոշումը առավել քան հասկանալի է: 

Պանդուխտ Արարատյան

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. «Օդի մաքրման համար ծախսված» 41 մլն դրամով քաղաքապետարանն աղտոտում է ո՛չ միայն մայրաքաղաքի մթնոլորտը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կոլաժը. Ընտրիր Տարոնին, ընտրիր նրանց ‘