‘ՀՀԿ-ի պաշտոնական գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես ռասիզմ ‘

1846

Օրեր առաջ մի քանի քաղաքացիներ մուտք էին գործել «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ անց էր կացվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողով, և միջազգային բարձրաստիճան հյուրերի առջև բարձրաձայնել էին Հայաստանում պետական մակարդակով խրախուսվող ռասիզմի և այլատյացության հարցերը:

Այս հարցի շուրջ մենք զրուցել ենք ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանի հետ:

Արթուր, դուք ակցիայի մասնակիցներից էիք, ո՞րն էր ձեր գործողությունների հիմնական ուղերձը, և ու՞մ էր այն ուղղված:

Ուղերձը շատ պարզ էր և գրավոր ձևով հանձնվել է բոլոր հյուրերին՝ ՀՀԿ-ի ծրագրային դրույթներից արված մեջբերումներով: Այն է՝ իշխող՝ Հանրապետական կուսակցության պաշտոնական գաղափարախոսությունը ցեղակրոնությունն է, որը ոչ այլ ինչ է, քան պարզապես ռասիզմ: Անհեթեթություն է, երբ եվրոպական հասարակությունների մանդատով հանդես եկող պաշտոնյաները մասնակցում են ռասիզմի և այլատյացության դեմ կազմակերպվող խորհրդաժողովին մի կուսակցության անդամների հետ, ովքեր պաշտոնապես ռասիստական գաղափարախոսության կրողներ են և ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ակտիվորեն քարոզում են այլատյացություն: Իսկ հասցեատերը ոչ թե եվրոչինովնիկներն էին, այլ վերջիններիս հասարակությունները, քանի որ այս միջոցառման վերաբերյալ տեղեկատվությունը միջզգային մամուլով և սոցիալական ցանցերով մենք հասցրել ենք նրանց:

Ի՞նչն է ձեզ ստիպում պնդել, որ հանրապետականների գաղափարախոսությունը ռասիզմն է, միայն Նժդեհի ցեղակրոնության ուսմունքին հետևե՞լը:

-Ոչ միայն: Դուք կարող եք թերթել նրանց գաղափարախոսական թեզերը, օրինակ՝ հայ ընտանիքի մասին, և կտեսնեք նացիոնալ-սոցիալիզմի «գեղական» կրկնօրինակումը՝ իր ամենաայլասերված դրսևորումներով http://www.hhk.am/files/library_pdfs/16.pdf: Խնդիրն այն է, որ սա ընդամենը ձևական փաստաթուղթ չէ՝ իրենց նժդեհականությունը ապացուցելու համար: Այս մարդիկ հանրային տարբեր ինստիտուտների միջոցով այս գավառական դրույթները կենսագործում են: Դրա համար օգտագործվում է Հայ Առաքելական Եկեղեցին, տարբեր թռչնազգի կազմավորումները (հայոց արծիվներ և այլք) և անգամ հանրապետականացված ուսխորհուրդները:

Կարծում եք՝ նրանք իսկապե՞ս ռասիստական գաղափարախոսության համոզված հետևորդներ են:

-Նրանք ընդհանրապես որևէ գաղափարախոսության հետևորդներ լինել չեն կարող: Հանրապետականի վերնախավն ընդամենը փողի պաշտամունքի վրա կառուցված, կազմակերպված հանցավոր խումբ է: Վտանգը հանրային ինստիտուտներն այլասերելու, բանական միտքը բռնաբարելու մեջ է: Ամբողջ հասարակական-քաղաքական կյանքը լցվել է դատարկ սիմվոլիկայով: Արդյունքում՝ ոչնչացվում է ռացիոնալ միտքը, տրամաբանության օրենքների վրա հիմնված առողջ դատողությունը: Կարևոր չէ, թե ինչպիսի տգիտություն է այսօր ցիտել Նժդեհին՝ տեղում կպիտակավորեն: Չէ՞ որ նա հերոս է: Փորձեք քննադատել եկեղեցականների արատավոր բարքերը և խոսել դավանանքի ազատության մասին՝ տեղում կդառնաք աղանդավոր: Փորձեք կասկածի տակ դնել կարմիր խնձորի մասին «ազգային ավանդական» ախմախությունը և խոսել սեռական հավասարութունների մասին: Ուրեմն՝ դուք նույնասեռական եք:

Այս ամենը պաշտոնապես հովանավորվող քաղաքականություն է՝ ավանդական սիմվոլիկայի ու ավանդական բնազդների միջոցով հանրության միջև բաժանարար գծեր քաշելու նպատակով: Այդպես եղավ DIY ակումբը ճիշտ ժամանակին պայթեցնելով, որից մի քանի օր հետո Մաշտոցի պուրակում կողք կողքի կանգնած մարդիկ դուրս եկան միմյանց դեմ: Բնազդները հաղթեցին բանականությանը: Հենց ռացիոնալիզմի խեղդմանն է ուղղված այս քաղաքականությունը՝ իրենց հանցակույտի իշխանությունը պահպանելու միակ մղումով: Ուրիշ ոչինչ: Ուղղակի սրանք չպետք է այսպես անպատիժ իրենց գործն անեն: Շարմազանովներն ու խաչիկասրյանները պետք է հասկանան, որ քթներին ուտելու են:

Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը ևս նշեց, որ ցեղակրոնությունը ռասիզմ է: Ի՞նչ եք կարծում, քաղաքական դաշտում ո՞ր գաղափարախոսություններն են տիրապետող:

-Չէի ցանկանա քննարկումը քաղաքական ուժերի հարաբերությունների դաշտ տեղափոխել, մանավանդ որ անաչառ չեմ կարող լինել՝ ինքս էլ Կոնգրեսից եմ: Ինքներդ դատեք, թե ազգայնական թեմատիկան ո՛ր քաղաքական միավորների մոտ է գերակշռում: Դա հենց նույն սիմվոլիկայի խրախուսումն է՝ ընդդեմ սահմանադրականության, իրավունքի գերակայության: Տեր-Պետրոսյանը դեռևս 90-ականներին նշել է նաև, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, քանի որ ժողովրդավարական հասարակությունում չի կարող գերիշխող լինել որևէ մեկ գաղափարախոսություն: Բոլոր տեսակի կարծրատիպերի, կեղծ կատեգորիաների մերժումը հենց այն ուղեգիծն է, որը բնութագրվել է մեկ պարզագույն նախադասությամբ և հանդիսանում է ցանկացած ժողովրդավարական գործընթացի և ցանկացած տեսակի խտրականության բացառման հիմնասյունը: Պետականությունը կարող է կերտվել միայն իրական ժողովրդավարական արժեքների վրա հիմնված՝ բաց հասարակություն ստեղծելով: Եվ հենց սա է քաղաքացիական հասարակության հիմնական առաքելությունը:

-Այս հարցի շուրջ Դուք տեսնու՞մ եք քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության համագործակցության եզրեր:

-Անշուշտ: ՀՀԿ-ն վերջերս դարձավ եվրոպական ամենամեծ կուսակցության՝ Եվրոպական Ժողովրդական Կուսակցության անդամ: Մեր կազմակերպած ակցիան հանրության կողմից ուղարկված ազդանշան էր, որպեսզի քաղաքական ուժերը ջանքեր գործադրեն ՀՀԿ-ին ԵԺԿ-ից վռնդելու ուղղությամբ: Ձեզ տեսնենք:

 

Նախորդ հոդվածը‘ «Ժառանգությունը» հանվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Ավիացիան ազատականացնում են ‘