‘ՀՀԿ խմբակցության ղեկավարը ողջունում է Քառյակի առաջարկները’

922

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այսօր  լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քառյակի կողմից հրապարակված 12 կետանոց պահանջներին՝ նկատեց, թե այդ կետերում նշված հիմնական հարցերն ընդգրկված են կառավարության ծրագրի մեջ, եւ ինքը շատ ուրախ է, որ «Քառյակը շատ առողջ առաջարկություններ է անում»: Նա հայտարարեց, թե ինքն այս կետերում չի տեսնում պոպուլիզմ եւ ողջունում է այդ առաջարկները: «Այստեղ շրջանառվող հարկի հետ կապված խնդիր կա, կուտակայինի խնդիրը, Ղարաբաղի խնդիրը, ստվերի եւ մենաշնորհների դեմ պայքարը, որը մենք չենք ժխտել: Կարծում եմ, որ սրանք կարելի է քննարկման առարկա դարձնել: Եւ, ընդհանուր առմամբ, դա մեր ծրագրում կա, ոչ թե որովհետեւ Քառյակն է որոշել, դրա համար ենք անում, կարող եք տեսնել, համեմատել: Մենք պատրաստ ենք ցանկացած հարցի քննարկման»,- հայտարարեց Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ Քառյակը կառավարությանը գործելու ժամանակ  է  տվել մինչեւ սեպտեմբերի վերջը, Բաղդասարյանը շեշտեց, թե մինչեւ ընդդիմության նշելը՝ իրենք են ժամանակներ նշել: «Դա արդեն պետք է նայենք, թե մեր տնտեսական վիճակն ինչպիսին է, մեր մուտքերն ինչպիսին են, ծախսերն ինչպիսին են, եւ ինչպես կարող ենք ժամանակի մեջ տեղավորվել: Մենք քննարկում ենք ոչ թե այն բանի համար, որ նրանք են ուլտիմատում արել, մենք ուլտիմատումներով առաջ չենք շարժվում, ուղղակի՝ սա կա մեր ծրագրում»,- նշեց նա: Բաղդասարյանը հայտարարեց, թե, միաժամանակ, իրենց համար ոչ ընդունելի կետեր կան: «Իրենք նշում են, որ պետք է ընդդիմությանը տրվի վերահսկողություն: Չեմ հասկանում, առանց պատասխանատվության՝  ի՞նչ վերահսկողություն: Եթե հայտարարում են, թե անպտուղ են այս մարդիկ, սրանցից պետք է ազատվել, ոչինչ չենք կարող սպասել, բայց, համենայնդեպս, առաջարկություն են անում, եթե նման հայտարարություն են անում, ի՞նչ վերահսկողության մասին է խոսքը»,- հայտարարեց նա՝ հավելելով, թե խնդրիներ է տեսնում նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի հետ կապված՝ առանց սահմանադրական փոփոխությունների:

Նախորդ հոդվածը‘ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց. Սերժ Սարգսյանի սխալները’
Հաջորդ հոդվածը‘Խզվածները’