‘ՀՀԿ-ն անհատույց օգտագործում է հանրային ռեսուրսը. Մեղրու դպրոցներում կուսբջիջներ կան (հարցազրույց)’

8455

Մեղրի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում նախօրեին ՀՀԿ նիստ է տեղի ունեցել, որում բաժանվել են կուսակցական անդամատոմսեր: Միջոցառման մասին ֆեյսբուքյան գրառման բովանդակությունը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը:

Տնօրենից տեղեկացանք, որ դպրոցը, ինչպես եւ Մեղրու մյուս պետական հիմնարկները, ՀՀԿ կուսակցական կառույց ունի, դպրոցի շենքում նիստեր են անցկացնում, որովհետեւ կուսբջջի ղեկավարը ինքն է` դպրոցի տնօրենը, իսկ դպրոցի մանկավարժների ճնշող մեծամասնությունը` 23-ից 20-ը, ՀՀԿ անդամներ են: Մերի Հակոբյանը նշեց նաեւ, որ ՀՀԿ-ն դպրոցի ռեսուրսներն օգտագործելու դիմաց չի վճարում: ՀՀ Հանրակրթության մասին օրենքի Հոդված 4-ի 8-րդ կետի համաձայն. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: 

Ստորեւ` Մերի Հակոբյանի հետ զրույցն ամբողջությամբ:

iLur.am -Տիկին Հակոբյան, խնդրում եմ՝ ասեք` ի՞նչ նիստ է տեղի ունեցել նախօրեին:

Մերի Հակոբյան — Դասերի ավարտից հետո, մեր հիմնական աշխատաժամանակից հետո, մեր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներով, մեր աշխատողներով նիստ ենք արել, դա է եղել: Ուրիշ որեւէ քարոզչություն, նման խոսակցություններ մեր դպրոցում չի արվել: Ընդամենը շենքն ենք օգտագործել:

iLur – Այսինքն՝ մասնակցել են դպրոցի այն անդամները, որոնք ՀՀԿ անդամնե՞ր են:

Մ. Հ. — Այո, միայն կուսակցության անդամները: Մենք դպրոցում ունենք նաեւ բարգավաճ, ունենք նաեւ դաշնակցական…, բայց նրանք չեն մասնակցել նիստին:

iLur — Իսկ քանի՞ դասատու կա դպրոցում առհասարակ:  

Մ. Հ. — Քսաներեք ուսուցիչ ունենք:

iLur -Նրանցից քանի՞սն են հանրապետական:

Մ. Հ. — Նրանցից գրեթե քսանը հանրապետական կուսակցության անդամ են: Ունենք բարգավաճներ, դաշնակցականներ, ունենք ընդհանրապես անկուսակցականներ:

iLur -Երեկվա նիստը, որ անցկացրել եք, ի՞նչ նիստ էր, ի՞նչ կառույցի նիստ էր:

Մ. Հ. — Դա մեր հերթական, անդրանիկ նիստն էր: Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի ՀՀԿ նիստն է եղել, անդրանիկ: Որովհետեւ յուրաքանչյուր տարվա սկզբին մենք անդրանիկ նիստ ենք անում:

iLur — Դպրոցի կուսակցական կառույցի՞:

Մ. Հ. — Այո, դպրոցի կուսակցական կառույցի նիստն է եղել:

iLur — Դուք ուզում եք ասել, որ դպրոցը կուսակցական կառո՞ւյց ունի:

Մ. Հ. — Եկեք չքաղաքականացնենք…

iLur — Ներողություն, բայց ՀՀԿն քաղաքական կուսակցություն է, ինչպե՞ս չքաղաքականացնենք: Հիմա խնդրում եմ` հստակ ասեք` սեպտեմբերի 26-ին ի՞նչ կառույցի նիստ է եղել դպրոցի շենքում:

Մ. Հ. — Եղել է դպրոցի կուսակցական կառույցի, այն մարդկանց, որոնք ՀՀԿ անդամ են, այդ մի փոքրիկ մի կառուցի, կուսակցության փոքրիկ մի մասնաբաժնի նիստը: Ես նիստ եմ գումարել, այդտեղ ոչ մի իրավական խախտում չկա:

iLur — Ես չեմ գնահատում` խախտում կա, թե չկա: Միայն ասեք` ինչ նիստ է եղել:

Մ. Հ. — Նիստը գումարել ենք դասերից հետո: Փոքրիկ հանրապետական կառույցն է մեր դպրոցի: Որը ոչ թե դպրոցի բուն մասն է կազմում, ուղղակի մի մասը, որոնք ՀՀԿ-ի մասն է կազմում:

iLurՆիստի օրակարգում ի՞նչ հարցեր են եղել: 

Մ. Հ. — Օրակարգում եղել են նախնական սկզբնական կուսակցության նախագահի ընտրությունները, քարտուղարի ընտրության հարցը եւ երրորդ կետով մեր աշխատողները, ովքեր նոր են անցել կուսակցության շարքերը, նրանց անդամատոմսեր են տրվել:

iLurՆիստի արձանագրություն կազմվե՞լ է:   

Մ. Հ. — Այո:

iLurԽնդրեմ, կարո՞ղ եք ընթերցել էդ արձանագրությունը: Որպեսզի հասկանանք` ինչպես է կոչվում էդ բջիջը, էդ մարմինը, որը երեկ նիստ է գումարել:

Մ. Հ. — Մեղրիի համայնքի ՀՀԿ կազմակերպության թիվ 2 դպրոցի նախնական կուսակցության կազմակերպության նիստ:

iLurՆիստը ժամը քանիսի՞ն է եղել:

Մ. Հ. — 15:30-ին:

iLurԱյդ ժամին արդեն աշխատանքային օրն ավարտվո՞ւմ է:

Մ. Հ. — Այո: Ժամը 14:30-ին դասերն ավարտվում են: Ուսուցիչները ժամը 15:00-ին գնում են տուն: Կրկնում եմ` բոլոր մյուս պետական մարմինների նման, դպրոցում կուսակցության նիստ ենք արել:

iLur Քաղաքի բոլոր հիմնարկները կուսակցական մարմիններ ունե՞ն:

Մ. Հ. — Այո: Բոլոր հիմնարկ-ձեռնարկություններն էլ ունեն իրենց սկզբնական կուսակցությունները:

iLur — Նկատի ունեք՝ պետակա՞ն կառույցները:

Մ. Հ. — Այո: Պոլիկլինիկաներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչու՞ չէ: Չգիտեմ` երեւի կարող է մի ուրիշ կուսակցություն կազմակերպել այդ նույնը:

iLur — Օրինակ, ձեր դպրոցում դաշնակցականների նիստեր լինու՞մ են:

Մ. Հ. — Չեն լինում: Չեն լինում, որովհետեւ մեր դպրոցի սկզբնական կազմակերպության նախագահը ես եմ, եւ բնականաբար, նիստերն անց եմ կացնում ես: Եթե լիներ, օրինակ՝ դաշնակցական ղեկավար, ու եթե մեծամասնությամբ դաշնակներ լինեին, գուցե լիներ:

iLur — Դուք, որ օգտագործել եք դպրոցի շենքը, կահույքը եւ այլ ռեսուրսները, դրա դիմաց վճարե՞լ եք: Նկատի ունեմ` կուսակցությունը:

Մ. Հ. — Չէ, իհարկե: Մենք նույն կերպ մանկխորհրդի նիստեր ենք կազմակերպում, դասերից հետո մնում ենք, էդ նիստը գումարում ենք…

iLur — Մանկխորհրդի նիստը ուղղակիորեն դպրոցի գործառույթներից է, որը մանկավարժական, ուսումնական գործընթացի կազմակերպմանն է վերաբերում: Կուսակցության նիստն է՞լ է վերաբերում դրան:

Մ. Հ. — Իհարկե: Շատ-շատ հարցեր կարող են նաեւ կուսակցության միջոցով քննարկվել: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ կուսակցությունը չի կարող դպրոցաշինության աշխատանքներին դրական միջամտություն ունենալ: Նորից եմ կրկնում: Մենք ընդամենը դասերի ավարտից հետո…  

iLur — Ես դա հասկացա: Ինձ ուրիշ բան է հետաքրքրում: Դուք հանրային սեփականությունը` դպրոցի շենքն օգտագործել եք ձեր կուսակցության նիստն անցկացնելու նպատակով: Դրա դիմաց վճարե՞լ եք, վարձ տվե՞լ եք:

Մ. Հ. — Ոչ:

iLur — Եթե չեք վճարել, ապա ի՞նչ իրավական հիմքերով եք օգտագործել հանրային ռեսուրսը: Ի՞նչ միջոցներից է ֆինանսավորվում ձեր դպրոցը:

Մ. Հ. — Մեր դպրոցը պետբյուջեից է ֆինանսավորվում: Բայց դա ի՞նչ կապ ունի: Ես ընդամենն ասում եմ այն, ինչ որ կա: Ես ասում եմ` մենք ոչ մեկին վարձ չենք տալիս, որովհետեւ սա պետական շենք է, մենք էլ այս պետության քաղաքացիներ ենք:

iLur — Իսկ ՀՀԿ-ն պետական կառու՞յց է:

Մ. Հ. — Ոչ: Ուղղակի բոլոր մանկավարժները կուսակցության անդամ են, եւ մենք ընդամենը կես ժամ դպրոցի շենքը օգտագործել ենք:

iLur — Ես, ենթադրենք, ջիու-ջիցուի ֆեդերացիայի նախագահն եմ: Կարո՞ղ եմ ֆեդերացիայի նիստերը ձեր դպրոցում անցկացնել:

Մ. Հ. — Չգիտեմ: Ոչ, երեւի: Կներեք, բայց ես այլեւս ձեր հարցերին չեմ պատասխանելու, ոչ ցանկություն ունեմ, ոչ ժամանակ:

iLur — Իսկ ինչո՞ւ եք ֆեյսբուքից ջնջել գրառումը:

Մ. Հ. — Դա պատահական է եղել: Հիմա կասեմ, նորից կտեղադրեն:

Մեր զրույցից մոտ կես ժամ անց դպրոցի էջում գրառումը վերականգնվել էր որոշակի խմբագրումներով: Գրառմանն ուղեկցող մեկնաբանությունները ջնջված են:

Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը

Հ.Կ.

Նախորդ հոդվածը‘Մեքսիկական պատ՝ առայժմ միայն նմուշները’
Հաջորդ հոդվածը‘Պառակտում ԱԳհ-ի շարքերում’