‘ՀՀԿ-ն առաջադրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ‘

3423

iLur.am-ը ներկայացնում է Հայաստանի հանրապետական կուսակցության ՝ 1996-ին Հայաստանի հանրապետության նախագահի ընտրություններին ընդառաջ համագումարի արձանագրությունը: Համագումարը, հաշվի առնելով անցած հինգ տարիներին հանրապետության ունեցած ձեռքբերումներում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ավանդը կուսակցության նախագահ Աշոտ Նավասարդյանի եւ կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի առաջարկությամբ որոշում է սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններին ՀՀԿ անունից նախագահի թեկնածու առաջադրել Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

22 հունիսի, 1996 թ.    ք. Երեւան

Հունիսի 22-ին  տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 3-րդ արտահերթ համագումարը, որին մասնակցում էր  88 պատգամավոր: ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանը հաստատման  ներկայացրեց ՀՀԿ երրորդ համագումարի օրակարգը`  ՀՀԿ երրորդ արտահերթ համագումարի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

 

ՀՀԿ Նախագահ Աշոտ Նավասարդյանի ելույթը

Հայաստանի Հանրապետական կուսակցության երրորդ արտահերթ համագումարի հարգելի պատվիրակներ,հարգարժան հյուրեր Կես տարի է անցել Հայաստանի Հանրապետական կուսակցության երկրորդ համագումարից հետո, որտեղ անվերապահ հավանության արժանացավ կուսակցության որդեգրած դիրքորոշումը` երկրում ծավալվող քաղաքական գործընթացների նկատմամբ: Այդ համագումարում արտասանած իմ եզրափակիչ խոսքում ես կարևորեցի 1996 թվականին կուսակցության մասնակցության հարցը տարվա քաղաքական երկու կարևորագույն գործընթացներին` Հանրապետության նախագահի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ահա, մեր երրորդ արտահերթ համագումարը հավաքվել է, որպեսզի վճռի, թե ու՞մ է կուսակցությունը առաջադրելու Հանրապետության նախագահի թեկնածության համար:

Անցյալ տարվա հուլիսին հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրությունը լայն լիազորություններ է տվել հանրապետության նախագահին, ինչը մեզ ստիպում է ամենայն պատասխանատվությամբ ու համակողմանի քննարկման ենթարկել հանրապետության նախագահի թեկնածուի հարցը: Ժողովրդավարությունը հասարակական հարաբերությունների կարգավորման ոչ առաջին և ոչ էլ, իհարկե, վերջին սկզբունքն է: Եղել են այլ սկզբունքներ և անշուշտ, կլինեն ուրիշները` ապագայում: Այսօր, սակայն, մեր համոզմամբ, ժողովրդավարությունն է, որ առկա պայմաններում լավագույն հնարավորություններ է ընձեռում մեզանում ազգային խնդիրների իրագործման համար: Միաժամանակ, հարկ է շեշտել, որ ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, լոկ միջոց է որևէ էության իրականացման համար: Այս պատճառով, մենք սկզբունքորեն դեմ ենք ժողովրդավարներ (դեմոկրատներ) և ազգային ուժեր տերմինների օգտագործմանը, որպես համեմատելի միավորների: Հարկ է շեշտել, որ այսօր կան երկրներ, որտեղ ժողովրդավարությունը ձևից բացի դարձել է էություն, նպատակ, բայց կան միաժամանակ և երկրներ, զարգացած երկրներ, ուր ժողովրդավարությունը դարձել է արդյունավետ, նպատակահարմար ձև էականի` ազգայինի կիրառման համար: Երկու օրինակն էլ բավական է ասվածը հաստատելու համար. Ճապոնիա և Իսրայել — խորապես ազգային և խորապես ժողովրդավարական երկրներ միաժամանակ: Ահա թե ինչպիսի ժողովրդավարության է կողմ Հայաստանում մեր կուսակցությունը: 1991 թվականի Հանրապետության նախագահի ընտրությունից հետո էական փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանում: Այդ ընթացքում միայն հաջողություններ չէ, որ մենք արձանագրել ենք, շատ են նաև թերությունները, չլուծված հարցերը, որոնց միայն մի մասը կարելի է համարել թելադրված օբյեկտիվ պայմաններից: Այո, թերություններ կան և դրանց վրա աչք փակելու որևէ նպատակ չկա, ճիշտ հակառակը, պետք է մատնացույց անել թերությունը, պահանջել դրա վերացումը, միաժամանակ ցույց տալով նաև վերացման ճանապարհը: Ահա այս գործելակերպն է որդեգրել մեր կուսակցությունը և հեռանալ ընդունված գծից, չի պատրաստվում:

Սակայն, հաջողությունները ևս ակնառու են, որոնք ձեռք է բերել մեր պետությունը անցած հինգ տարիների ընթացքում, դրանց միայն թվարկումն արդեն պատկառանք է ներշնչում` կայացել է Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունը, ստեղծվել է պետական բանակ, պետությունը ձեռք է բերել միջազգային ճանաչում, անդամ է համաշխարհային ամենահեղինակավոր կազմակերպություններին: Մենք խուսափել ենք մեր հարևաններին պատուհասած գլխավոր չարիքից` քաղաքացիական պատերազմից, կայունացել է դրամի կուրսը: Թվարկումը կարելի է շարունակել: Սակայն, մի նվաճման մասին կարելի է առանձնահատուկ շեշտել` խոսքը Արցախյան խնդրում ձեռք բերած նվաճումների մասին է: Արցախում սկսվել է հայրենիքի վերանվաճման գործընթացը, այսօր հայկական ուժերի հսկողության տակ է գտնվում Արցախի 16 000 քառ. կմ տարածքը: Համեմատելու համար արժե հիշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդամենը 29 000 քառ. կմ է: Այս տարածքներում վերջին երկու տարիների ընթացքում գործնականում սահմանների փոփոխություն տեղի չի ունեցել, լայնածավալ ռազմական գործողություններ չեն ընթացել: Գործնականում, այսօր, հայի համար Հայաստանը 35 000 քառ. կմ է: Արցախյան հարցում ավելի ու ավելի վճռական կեցվածք է որդեգրվում դիվանագիտական ճակատում ևս: Մեր կարծիքով Արցախյան խնդրի ներկայիս վիճակը Հայաստանի Հանրապետության նախագահի նվաճումն է: Ցայտուն են ձեռքբերումները հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Սա մի բնագավառ է, որտեղ վճռորոշ են նաև պետությունների ղեկավարների անձնական հատկությունները: Եվ այս առումով հատկանշական է, որ մեր նախագահի վարկը թե՛ ԱՊՀ շրջանակներում, և թե՛ ընդհանրապես աշխարհում զգալիորեն բարձր է հարևան պետությունների ղեկավարների վարկից: Իսկ այս հանգամանքը որոշակիորեն նպաստում է համաշխարհային հանրության կողմից մեր երկրի նկատմամբ բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը: Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի չի ունեցել իշխանությունների վերանվաճում նախկին կոմունիստական ռեժիմի ներկայացուցիչների կողմից, ինչը, փաստորեն, արատավոր օրինաչափություն է դարձել մյուս նորանկախ հանրապետություններում: Նախկին խորհրդային Միության տարածքում գոյացած պետություններում վարվող տնտեսական քաղաքականությունը միարժեքորեն բերում է այն համոզման, որ տնտեսության ազատականացումն այլընտրանք չունի: Իսկ տնտեսության ազատականացման հարցում վարանոտ գործելակերպը հանգեցնում է տնտեսական վիճակի է՛լ ավելի վատացման, վերջին հաշվով բացասաբար է անդրադառնում պետության իրական անկախացման ու ժողովրդի բարեկեցության վրա: Այլ է վիճակը Հայաստանում, քանզի իշխանությունների որդեգրած գործելակերպի հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ տնտեսական կայուն հիմքով ամրագրված անկախությունը անխուսափելիորեն պետք է անցնի տնտեսական համակարգի արմատական փոփոխման ճանապարհով, ինչը, ցավոք, ենթադրում է ժողովրդի սոցիալական վիճակի ժամանակավոր վատացում:

Ռուսաստանի Դաշնությունում օրերս ավարտված նախագահական ընտրությունների առաջին փուլը լուրջ տագնապների տեղիք է տալիս: Ամենայն հավանականությամբ, ընտրությունների երկրորդ փուլում Բորիս Ելցինին կհաջողվի հաղթանակ տանել, սակայն այդ հաղթանակի պայմաններում էլ չի կարելի մոռանալ, որ Ռուսաստանի ընտրողների մի ստվար զանգված համամիտ չէ այսօր իրենց մոտ ընթացող բարեփոխումների գործընթացին: Իսկ հաղթող կողմը քաղաքականությունը իրականացնելիս չի կարող հաշվի չնստել այդ դժգոհ զանգվածի տրամադրությունների ու նպատակների հետ: Բորիս Ելցինի կողմից կառավարության կազմում արդեն իսկ արված փոփոխությունները դրա վառ ապացույցն են: Ռուսաստանում գոյացող ուժերի հարաբերակցությունը անպայմանորեն պետք է անդրադառնա նաև այդ երկրի արտաքին քաղաքականության վրա ու առաջին հերթին, այսպես կոչված, մերձավոր արտասահմանի վրա:

Իսկ ինչ վերաբերում է ազդեցության միջոցներին, ապա Ռուսաստան-Հայաստան  հարաբերություններում դրանք բավական մեծ են: Խիստ կարևոր է նաև այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները քողարկված կամ ակնհայտ ձևով իրենց համակրանքն են արտահայտում Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ, ցանկալի համարելով վերջիններիս հաղթանակը Ռուսաստանում:

Այս իրողությունը լուրջ հետևությունների հիմք պետք է հանդիսանա: Ոչ մեկի համար գաղտնիք չէ ռուսական ընդդիմության առաջատարի` Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդների վերաբերմունքը, այսպես կոչված, մերձավոր արտասահմանի պետությունների քաղաքական ապագայի նկատմամբ: Գործնականում դա հանգում է ԽՍՀՄ սահմաններում մի միասնական պետության վերականգնման նպատակին, իսկ այդ նպատակի իրականացման համար առաջարկվող մեթոդների, բերվող հիմնավորումների հարցը լոկ նպատակի գրավիչ ձևով մատուցելու խնդիր է:

Հանրապետությունում քաղաքական իրավիճակը ավելի հստակ պատկերացնելու համար հարկ է նշել, որ հատկապես Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո մեզանում խիստ կակտիվացնի իր գործունեությունը Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Խիստ հավանական է, որ Հայաստանի նախագահական ընտրություններում Կոմունիստական կուսակցության թեկնածուն հավաքած ձայների քանակով գրավի երկրորդ տեղը «Հանրապետություն» միավորման անդամ կուսակցությունների թեկնածուից հետո: Սա անպայմանորեն կբերի հանրապետության ներքաղաքական իրավիճակի որոշակի լարվածության, իսկ որ Ռուսաստանում ու մեր հարևան պետություններում անպայմանորեն կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք կձգտեն առավելագույն շահ քաղել այդ իրավիճակից` կասկածից վեր է: Այս ամենը գալիս է հաստատելու այն համոզմունքը, որ հանրապետության թիվ մեկ պաշտոնը պետք է վստահվի քաղաքական փորձով իմաստնացած, երկիրը քաղաքական ցնցումներից զերծ պահած, վճռականությամբ լեցուն քաղաքական գործչի:

Հարգելի պատվիրակներ, երեկ` հունիսի 21-ին, Հանրապետական կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ հանդիպում ունեցան Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և քննարկեցին նրան Հանրապետական կուսակցության կողմից հանրապետության նախագահ առաջադրելու հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք կարևորագույն հարցեր: Պարոն Տեր-Պետրոսյանը գոհունակությամբ իր համաձայնությունը տվեց Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրելու մեր առաջարկին: Հաշվի առնելով առկա իրողությունները, կանխատեսելով գործընթացների զարգացման հավանական հեռանկարները, ես միանշանակորեն եկել եմ այն համոզման, որ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի լավագույն թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, և այսօր ես Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարին կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջադրել Լևոն Տեր- Պետրոսյանի թեկնածությունը:

ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանի ելույթը

Հարգելի հյուրեր, հարգելի պատվիրակներ

Նախագահական ընտրությունների ընտրարշավը սկսվել է: Վերջին շրջանում մի շարք կուսակցություններ առաջադրել են նախագահի իրենց թեկնածուներին` ՀՀՇ-ն` Լևոն Տեր- Պետրոսյանին, ԱԺՄ-ն` Վազգեն Մանուկյանին, ՀԿԿ-ն` Սերգեյ Բադալյանին, ԱԻՄ-ը` Պարույր Հայրիկյանին, ՀԴԿ-ն` Արամ Սարգսյանին: Սպասվում են նոր առաջադրումներ ինչպես կուսակցությունների կողմից, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնությունների կարգով: Հասարակությունը ներքաշվում է 1996 թվականի կարևոր քաղաքական իրադարձության` նախագահական ընտրարշավի մեջ: 1994թ. վերջերին ստեղծված «Հանրապետություն» միավորումը ՀՀ Սահմանադրության ընդունման և 1995թ. Ազգային Ժողովի ընտրություններին հանդես եկավ «Ազատություն, Պետություն, Բարօրություն» կարգախոսով և հաղթեց: Հաղթանակեցին Միավորման կարգախոսը և նախընտրական ծրագիրը: Փաստորեն, «Հանրապետություն» միավորումը արտահայտում էր նախագահի քաղաքական գիծը: Մեր կուսակցությունը ևս, լինելով Միավորման անդամ, իր չափով պատասխանատվություն է կրում նախագահի ու նրա թիմի գործողությունների համար: Առաջադրելով Լևոն Տեր-Պետրոսյանի թեկածությունը ՀՀ նախագահ և պայքարելով նրա հաղթանակի համար, մենք շարունակում ենք մեր կուսակցության գործունեության այն գիծը, որը որդեգրել էինք դեռ 1994 թվականին` աջակցել, մասնակցել պետության կերտման գործին, տնտեսական բարեփոխումներին, խոչընդոտել անցյալը վերադարձնելու փորձերը, ինչը հաստատել է 1995թ. դեկտեմբերին կայացած կուսակցության 2-րդ համագումարը: Նախկին նախագահական ընտրություններից հետո անցած հինգ տարիների ընթացքում հանրապետությունում տեղի են ունեցել էական դրական փոփոխություններ.

— տնտեսական, սոցիալական, իրավական, կառուցվածքային բարեփոխումներ,

— ժողովրդավարության զարգացում,

— Արցախի հարցը` երկու տարուց ավելի է Արցախը և մեր սահմանները հանգիստ են,

— արտաքին հավասարակշռված քաղաքականություն,

— ներքին վիճակի կայունություն:

Բացասական դրսևորումները, որոնք արտահայտվել են այս տարիների ընթացքում, բոլորիս են հայտնի: Հարկ չեմ համարում անդրադառնալ այդ հարցերին: Թերությունների մասին խոսվել է նաև «Հանրապետություն» միավորման հայտարարությունում, և՛ նախագահի հետ հանդիպումների ժամանակ, և՛ Միավորման նիստերում, և՛ Ազգային Ժողովում: Անցյալ տարի` 1995թ. հուլիսի 5-ին, հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը ստեղծեց այն իրավական դաշտը, որտեղ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների գործունեության ոլորտները հստակեցվեցին, նախապայմաններ ստեղծվեցին առկա թերությունները վերացնելու համար: Օրենսդիր մարմինը աշխատում է բավականին արդյունավետ: Ընդունվել են բազմաթիվ օրենքներ, մեծ մասն էլ մշակման փուլում են, որոնցով հիմք են դրվում գործադիր և դատական իշխանություններում կատարվող բարեփոխումների համար: Կարելի է ընդունել, որ Ազգային Ժողովն այնքան էլ զգացմունքային, հեղափոխական չէ, ինչպես նախկին Գերագույն Խորհուրդը, բայց դրա  փոխարեն` գործնական է: Լևոն Տեր-Պետրոսյանի, «Հանրապետություն» միավորման վարվող քաղաքականությունը նպաստում են այնպիսի պետության կառուցմանը, որը քիչ կախված կլինի արտաքին ազդեցություններից:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը, հաշվի առնելով վերոհիշյալը, որոշեց դիմել կուսակցության նախագահին` ՀՀ նախագահի թեկնածությունն առաջադրելու համար հրավիրել արտահերթ համագումար: Խորհուրդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին և այդ առաջարկությամբ հանդես է եկել ՀՀԿ ներկայացուցչական ժողովում: Համակողմանի քննարկումից հետո, ներկայացուցչական ժողովը հավանություն տվեց այդ որոշմանը: Առաջարկում եմ համագումարին` հաստատել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի` Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

 *   *   *

Յուրի Բախշյանը իր ելույթում կոչ արեց առաջիկա նախագահական ընտրություններում հաստատել Լևոն Տեր-Պետրոսյանին` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը:

*  *  *

ՀՀԿ երրորդ արտահերթ համագումարի որոշման նախագիծը ներկայացրեց Աշոտ Նավասարդյանը, որը հաստատվեց քվերակության արդյունքում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԵՐՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության երրորդ արտահերթ համագումարը քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը,

ՈՐՈՇՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲԻ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ:

                 

Հայաստանի Հանրապետական

կուսակցության նախագահ`                      Աշոտ Նավասարդյան

22.06.1996թ.

Նախորդ հոդվածը‘«Հազարամյակի մարտահրավերները» Վրաստանին լրացուցիչ $150 մլն կտա ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանցիները Halloween են տոնում (Տեսանյութ)’