‘ՀՀԿ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «փեսայի բերած» օրենքը’

946

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը:

Օրինագիծն ընդունվեց «66» կողմ, 1 «դեմ» 2 «ձեռնպահ» ձայներով: Դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունից Արա Բաբլոյանը. ձեռնպահ էին Դավիթ Հարությունյանը եւ Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ): Քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ  այլընտրանքն ու ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:

Այս փոփոխություններով թույլատրվելու է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ` ժամը 22։00-06։00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություն է լինելու տեղական արտադրության կոնյակը, որը կարող է գովազդվել առանց սահմանափակման: Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ սա տարեկան մոտ 1 մլրդ դրամ կբերի հեռուստատեսության ոլորտին։

Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ օրենքը ձեռնտու է առաջին հերթին «Պանարմենիան» Մեդիա հոլդինգին, որի կազմի մեջ են մտնում մի քանի հեռուստաընկերություններ, եւ որի հիմնական սեփականատերը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: 

Նախորդ հոդվածը‘Մամեդյարով. Ադրբեջանական կողմը պատրաստ է համակողմանի հաշտության պայմանագրի ստորագրմանը’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները հանդիպեցին Սլավոնական համալսարանի ուսանողների հետ’