‘ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել «մի կտոր հաց ուտելու» համար. Մամուլ’

1921

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում ՀՀԿ-ն քեֆ էր կազմակերպել: Ենթադրվում էր, որ հինգշաբթի չկայացած ՀՀԿ ԳՄ նիստը  երեկ կայանալու է Ծաղկաձորում: Բայց ինչպես ավելի ուշ պարզվեց՝ ՀՀԿ-ն իրար գլխի էր հավաքվել «մի կտոր հաց ուտելու» համար: «Մտիր ներս, սեղանը գցած ա»,- հուշում էին ՀՀԿ-ականները միմյանց: 
«Ժամանակը» երեկ հյուրանոց ժամանող ՀՀԿ-ականներից փորձեց պարզել, թե հատկապես ինչ են նշում, սակայն նրանցից ոչ ոք չբացեց փակագծերը: «Ես չգիտեմ, ինձ ասել են՝ արի, ես էլ եկել եմ»,- ասաց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ նշեց, թե ԳՄ նիստ է, բայց ինքը դեռ տեղյակ չէ, թե ինչ հարցեր են քննարկվում»:

«Հրապարակը» ևս անդրադարձել է Ծաղկաձորում կայացած ՀՀԿ հավաքին.

«Վերջում մոտ 10 րոպեանոց ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, ով ասել է մոտավորապես հետևյալը. մենք մի թիմ ենք, մեկդ մյուսիդ սխալով մի ուրախացեք և հրապարակավ հրճվանք մի ապրեք: Ապա խոսել է ընդդիմության մասին, հայրենասերը նա չէ, ով հաշվում է, տեսնում է. որ դահլիճում 65 հոգի կա, չի գրանցվում ու սկսում է բոյկոտ անել, իսկ հենց տեսնում է 66 են, գրանցվում է: Այն մարդիկ, որոնք կարծում են, թե երկիրն առանց իրենց կկործանվի՝ չարաչար սխալվում են, բայց մենք մեր ժողովրդի մասն ենք համարում և նրանց, և մյուսներին: Նաև նրանց, ովքեր քննադատում են մեզ: Չնայած այդ քննադատողներից ոմանք մեր երկրի դժվար ժամանակներում ընդամենը 5-6 տարեկան են եղել:

Ապա բերել է Արտաշես Գեղամյանի օրինակը, ասելով՝ երբ Գեղամյանը ժամանակին քննադատում էր ինձ, դա անում էր ուրիշներին դուր գալու համար, այլ ոչ թե այն պատճառով, որ ես պաշտպանության վատ նախարար էի, և ես դրան նորմալ էի վերաբերվում: Հակառակ դեպքում հիմա չէինք կարողանա նրա հետ միասին ճանապարհ գնալ: Ապա ռեբուսանման մեսիջներ է հղել՝ բոլորդ մեզ համար կարևոր եք. կան պատգամավորներ, որ ավելի շատ բան են անում, քան նախարարները: Կան նախարարներ, որ ավելի օգտակար են, քան շատ պատգամավորներ: Կան մարզպետներ, որ իրենց մարզից ընտրված 3-4 պատգամավորից շատ գործ են անում:

Եվ վերջապես կրկնել է իրենից «պաշտպանելու» միտքը, բայց ոչ թե Ղարաբաղի, այլ Հանրապետականի, Անդրանիկ Մարգարյանի մասով՝ վաղը սկսելու են ինձնից պաշտպանել ՀՀԿ-ն և այլն։


Նախորդ հոդվածը‘Հայաստանը Եվրասիական միությանը անդամակցելու պայմանագիրը կստորագրի հուլիսի 3-ին’
Հաջորդ հոդվածը‘Արարատի մարզում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վերջինս ամբողջովին այրվել է’