‘ՀՀԿ-ում գործում է կենդանական, բնազդական մակարդակի իջած վախը ‘

1207

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու՝ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբակցության նախաձեռնությունը հաջողությամբ ավարտվեց. անհրաժեշտ 44-ի փոխարեն հավաքվեց 48 ստորագրություն։ Արդեն արձանագրվել է, որ կարծես թե «Հանրապետականի» իշխանության շրջանում սա միակ դեպքն է, երբ ընդդիմությանը (փոքրամասնությանը) հաջողվել է այս կերպ:

ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել իր կարեւոր համարած օրակարգը, որը չի կարողացել անցկացնել սովորական քվեարկությամբ (ինչի համար պետք է ձայների կեսից ավելին)։ Հիշեցնենք, որ սա հանրաճանաչ ժողովրդավարական մի նորմ է՝ օրենքով խորհրդարանական փոքրամասնությանը տրված իրավունք-հնարավորություն։ Օրենսդրության մեջ դրա առկայությունն ու կիրառումն այդ երկրի, նրա իշխանության, նրա օրենքների ժողովրդավար լինելու վկայությունն է ։ Հիշեցնենք նաեւ, որ Կոնգրեսի առաջարկած օրինագիծը վերաբերում է Ընտրական օրենսգրքին, եւ դրանում փոփոխություններ կատարելու բոլոր առաջարկները բխում են նաեւ ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդական առաքելությունների դիտողություններից, եզրակացություններից ու առաջարկներից։

Ըստ այդմ՝ ի՞նչը պետք է լիներ խորհրդարանական մեծամասնության (Հանրապետականի) առաջին ռեակցիան եւ գործելակերպը։ Նա անմիջապես վստահ պետք է հայտարարեր, որ՝

—         խորհրդարանական փոքրամասնությունն օգտվել է իր օրինական իրավունքից,

—         դա մեր երկրում ժողովրդավարության դրսեւորման փայլուն մի օրինակ է՝ ի հեճուկս այն պնդումների, թե գործող իշխանությունը խեղդում է ժողովրդավարությունը եւ իրավազուրկ վիճակում պահում քաղաքական փոքրամասնությանը,

—          խորհրդարանական մեծամասնությունն ամենայն հարգանքով վերաբերվելով օրակարգ մտած հարցին՝ անպայման ու ամենայն լրջությամբ կմասնակցի դրա քննարկմանը.

—          «Համեցեք, քննարկենք, կարո՞ղ ա մենք չենք ուզում, որ մեր ընտրական օրենսգիրքն ավելի կատարյալ լինի եւ փակի ընտրակեղծիքների սողանցքները»։

Բայց սա, չասենք՝ առողջ տրամաբանության, ասենք՝ մինչեւ վերջ չխաթարված բանականության դեպքում։ Իսկ անմիջապես ի՞նչ հայտարարվեց «հանրապետական» առաջին դեմքերի կողմից։ Ցնդել կարելի է. ՀՀԿ-ականների առաջնորդների անմիջական ռեակցիան իր անմիջականությամբ, մեղմ ասած՝ խրտնած հորթային էր։ Հայտարարվեց, որ՝

— արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը շոու է,

— ընդդիմությունն զբաղված է շահարկումներով,

— ՀՀԿ-ականները կբոյկոտեն, քվորում չեն ապահովի ու դրանով կտապալեն նիստը,

— այդ նախաձեռնությունը «անիմաստության դաշտում» է եւ այլն։

Լա՛վ, էլի՛ այս բաներն անեիք՝ քվորում չապահովեիք, նիստը տապալեիք, բայց ինչո՞ւ եք անմիջապես դա բարձրաձայն հայտարարում։ Ինչո՞ւ եք պիտակավորում, «անիմաստ» հռչակում ԱԺ առնվազն 48 պատգամավորի նախաձեռնությունը։ Ինչո՞ւ եք այդքան պարզ տեքստով ասում, թե թքած ունեք փոքրամասնության իրավունքների էլ, օրենքի էլ, ժողովրդավարության էլ վրա։

Այս ամենն ինչքա՜ն նման է հայտնի «Քաջ Նազարի» հայտնի դրվագին.

—         Քաջ Նազար, թագդ ուզում են խլել։

—         Ո՞նց թե՝ ուզում են խլել։ Գյադեք, տարեք պահեք…

Ի՞նչը կարող է այսպես անվերադարձ մթագնած լինել պարզ մարդկային բանականությունը, տարրական տրամաբանությունը։ Կարծես թե՝ ո՛չ ինչ, եթե ոչ՝ ՎԱԽԸ։ Վախը ինչի՞ց։ Վախն այն բանից,

—         որ՝ ընդդիմությանը տեղի տալը կարող է «վատ նախադեպ» դառնալ, նահանջ համարվել, թուլության նշան դիտվել եւ քանդել-քայքայել «թիմը».

—         որ՝ օրինագծի քննարկման ժամանակ իրենք անզոր են գտնվելու բերված տրամաբանական փաստարկների հանդիման, ստիպված են լինելու բերանները ջուր առած նստել.

—         որ՝ այս դեպքում չեն կարողանալու օգնել անգամ իրենց ծոցում որպես ծանր հրետանի խորհրդարան բերված «երեք մանեթանոց» երեք վարձու «ինտելեկտուալները», քանզի դրանք վարժեցված են հայհոյելու, ոչ թե բանական քննարկման համար.

—         որ՝ արված առաջարկներն ու բերված փաստարկները կամա-ակամա լայն քննարկման առարկա են դառնալու երկրով մեկ, լրատվական դաշտում, ու մնալու են, ըստ էության, անպատասխան,

—         եւ վերջապես, որ կարող է, հանկարծ, նաեւ իրենցից եւս մի քանի հոգի կողմ քվեարկեն եւ… օրինագիծն անցնի…

Եթե հանրապետականն իրոք բոյկոտի արտահերթ նստաշրջանը ու այդ կերպ տապալի օրինագծերի ընդունումը, դա, ըստ էության, ավելի մեծ արդյունք կլինի ընդդիմության համար, քան, անգամ, օրինագծերի ընդունումը։ Քանզի դրանով նա կմատնի իր սարսափելի թուլությունն ու արդեն կենդանական, բնազդական մակարդակի իջած վախը։ Դա կնշանակի ոչ թե նույնիսկ պարտության նախադուռ, այլ պարտություն՝ նախագահական ընտրություններում։

Գագիկ Խաչատրյան

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» Կոպենհագենում ժամանակ չի կորցնում. տեսանյութ’