‘ՀՀՇ բանաձեւը լիակատար հավանություն է տալիս կուսակցության գործունեություը Կոնգրեսի կազմում ‘

996

ՀՀՇ բանաձեւը լիակատար հավանություն է տալիս կուսակցության գործունեություը Կոնգրեսի կազմում

Հայոց համազգային շարժում կուսակցության՝ այսօր կայացած 17-րդ համագումարն ընդունել է բանաձեւ, որում ներկայացվում են երկրի ու հասարակության առաջ ծառացած հիմնական խնդիրները: Բանաձեւում նշվում է  խնդիրների արմատը գործող հակասահմանադրական եւ ոչ օրինակարգ ռեժիմի գոյությունն է: Փաստաթղթում ամրագրվում է Հանրապետության սահմանադրական կարգի վերականգնման ճանապարհին համաժողովրդական համախմբան անհրաժեշտությունը. խնդիր, որ լուծմանը վերջին հինգ տարում ձգտել ու հնարավորնս մոտեցել է Հայ Ազգային Կոնգրեսը:

ՀՀՇ ընդունած բանաձեւի ամբողջական բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանը շարունակում է կանգնած մնալ ճակատագրական մարտահրավերների առջեւ։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով  ձեւավորված ավազակապետական ռեժիմը ավելի ու ավելի է առարկայանում՝ որպես իրական վտանգ Հայաստանի ոչ միայն պետականությանը, այլեւ ազգային գոյությանը։

Իշխանության ներկայացուցիչները եւ պետական կառույցները քաղաքացու համար ապահովության եւ իրավունքի գրավական լինելուց վերածվել են նրան իրավազրկող ու թալանող միջոցի։ Գործող ռեժիմն իր գիշատիչ բնույթով, ըստ էության, վտանգում է հասարակական բոլոր խավերի գոյությունը։ Շարունակում է խորանալ սոցիալական բեւեռացումը. հասարակության մեջ, մի կողմից, ավելանում է աղքատների տեսակարար կշիռը, մյուս կողմից՝ նեղանում է ունեւոր բեւեռի թվակազմը, եւ աճում նրա հարստությունը։ Ավազակապետական ռեժիմն իր ներքին տրամաբանությամբ, երկրի ռեսուրսների եւ հասարակության լայն շերտերի կողոպուտով չբավարարվելով՝ թիրախ է դարձրել մյուս խավերին։ Հոգեվարքի շեմին է հասել գյուղացիությունը, գյուղական աշխույժ շեները վերածվել են կիսակենդան ուրվական-բնակավայրերի։ Վտանգված, եթե չասենք՝ ոչնչացված է միջին խավը՝ երկրի պետականության, ժողովրդավարության եւ ազգային զարգացման մյուս կարեւորագույն հասարակական բաղադրիչը։ Մտավորականության լայն շերտեր, օգտագործված լինելով որպես  ընտրախախտումների ու կեղծարարության միջոց՝ կորցրել են իրենց համարումը եւ հասարակությանը կողմնորոշելու դերը։

Ավազակապետական համակարգում փողի ծավալը եւ իշխանության մակարդակը փոխադարձաբար պայմանավորված են միմյանցով։ Իշխանություն ունենալն այլ բան չի դիտվում, քան փող եւ հարստություն կուտակելու միջոց։ Հարստությունն իր հերթին այլ բան չի դիտվում, քան ավելի մեծ իշխանության հասնելու գործիք։ Այս հիմքի վրա է, որ ծաղկում է իշխանավորների ծախվածությունը, կոռուպցիան՝ դառնալով այս ռեժիմի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական միակ հիմքը։ Նման պայմաններում անապահովության զգացումը աստիճանաբար համակում է անգամ խոշոր գործարարներին։ Ի վնաս Հայաստանի տնտեսական զարգացման՝ երկրից դեպի ավելի ապահով վայրեր դուրս է հոսում կապիտալը։

Մի կողմից՝ ժողովրդի մեծագույն մասի ծանր սոցիալական պայմանները, մյուս կողմից՝ անընդհատ թափ հավաքող արտագաղթը անդառնալի փոփոխություններ են առաջացնում ժողովրդագրության մեջ։ Վերջին հինգ տարում արտագաղթի ծավալն, անգամ պաշտոնական տվյալներով, հատել է 200.000-ի սահմանագիծը։ Ակնհայտ փոփոխություն է կրել արտագաղթողների սոցիալական կազմը. սոցիալապես անապահով շերտի հետ միասին երկիրը զանգվածաբար լքում են միջին խավի, ընդհուպ՝ նշանակալի բիզնեսի ներկայացուցիչները։ Արտագաղթի դրդապատճառների մեջ ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում ոչ սոցալական շարժառիթները`իրավունքի եւ օրինականության բացակայությունը, հեռանկարի անորոշությունը։ Արտագաղթի պատճառներից էր անապահովության, վտանգվածության զգացումը, որն ավելի խորացավ Մարտի 1-ի ոճրագործության և իշխանության կողմից դրա պարտակման հետևանքով: Լինի աղքատության խորացմամբ, թե օրինականության եւ իրավունքի բացակայությամբ ու վտանգվածությամբ, երբ մարդն ստպված, հարկադրված է թողնում հայրենիքը, նշանակում է, թե գործ ունենք ոչ թե պարզ արտագաղթի, այլ բռնագաղթի հետ։ Այդ բռնագաղթի խթանումը ռեժիմի համար պետական քաղաքականության մաս է՝ հանուն իշխանության պահպանման, եւ դա մեկ անգամ չէ, որխոստովանել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները։

Դարեր շարունակ, օտարի տիրապետության պայմաններում, հայ ժողովրդի ազգային գոյատեւման հիմքն ու գրավականն է եղել որոշակի կայուն արժեքային համակարգը, դրա վրա հենված արվեստը, գրականությունը, ազգային կյանքը։ Գլխիվայր շրջելով ավանդական արժեքային համակարգը՝ ռեժիմը ոչնչացրել է այդ հիմքը։ Երկրում ոչնչանում է ազգային արվեստ ու ազգային գրականություն սպառողի կրիտիկական զանգվածը։ Մի կողմից՝ բնակչության թվական նվազումը, մյուս կողմից՝ նրա ավանդական արժեհամակարգի խաթարումը, ոչնչացնում են այն միջավայրը, որում միայն կարող է ազգային մշակույթի, արվեստի եւ գրականության պահանջարկ առաջանալ։ Այս ասպարեզում իր սեւ գործը մինչեւ վերջ տանելու փայլուն մի օրինակ է վերջին երկուսուկես տասնամյակի պատմության նպատակադիր ամոթալի կեղծումը։

Հայաստանն արտաքին ասպարեզում վաղուց կորցրել է 90-ական թվականներին վաստակած տարածաշրջանի «ժողովրդավարության կղզի» լինելու համբավը՝ ձեռք բերելով ոչ օրինակարգ իշխանություն, կոռուպցիոն բարձր մակարդակ, քաղբանտարկյալներ ունեցող, ժողովրդավարության նորմեր ու մարդու իրավունքներ ոտնահարող երկրի համբավ։ Ուղղակիորեն հենց դրա հետեւանքն են արտաքին քաղաքական անշտկելի կամ դժվար շտկելի ձախողումները. Լեռնային Ղարաբաղին՝ որպես կոնֆլիկտի ու բանակցային կողմի՝ կարգավիճակից զրկելը եւ Հայոց ցեղասպանության ուրացման ամոթալի քայլը, ձախողումներ, որոնք իրենց տարողությամբ ազգային դավաճանության են հավասար։

Սեփական ժողովրդին երկրից քշելու եւ երկրի ազգային շահերը աշխարհի հզորներին աճուրդի հանելու գնով է գոյատեւում ավազակապետական ռեժիմը, որի դեմ ամենօրյա պայքարի վերջին ռաունդը բոլորել է իր 5 տարին։ Սահմանադրական կարգի վերականգնման, ժողովրդից ընտրված օրինակարգ իշխանության հաստատման այդ պայքարում Հայոց համազգային շարժումը Հայ Ազգային Կոնգրեսի կազմում եղել է առանցքային ուժերից ու առաջամարտիկներից մեկը։ Վարչախմբի դեմ մղվող համաժողովրդական այդ պայքարն է, որ աճեցրել է քաղաքացիական հասարակության առողջ մի կորիզ, էականորեն սահմանափակել է վարչախմբի ախորժակը՝ փոփոխությունների հույս արթնացնելով՝ հնարավորինս արգելակել արտագաղթը եւ պետականության հիմքերը քայքայող մյուս գործընթացները։ Չնայած իր փոքրաթվ լինելուն՝ Ազգային Ժողովում եւ երկրի քաղաքական կյանքում շատ մեծ դերակատարում է ստանձնել Հայ Ազգայն Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը։

Հայոց համազգային շարժումը հաշվետու տարներին ակտիվորեն մասնակցել է  Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության աշխատանքներին։ Մեր ջանքերի շնորհիվ եւրոպական լիբերալ ժողովրդական կառույցները Հայաստանի մասին ընդունել են չորս բանաձեւ եւ հայտարարություն։ Դրանք, ի թիվս այլ լծակների, կարեւոր նշանակություն են ունեցել քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Հայաստանում ժողովրդավարական շարժման ծավալման համար։

Հաշվետու շրջանում ակտիվացել է կուսակցության երիտասարդական թեւի գործունեությունը։ Սեր երիտասարդական միությունը դարձել է Եւրոպական երիտասարդ լիբերալների կուսակցության լիիրավ անդամ։  Երիտասարդներից շատերը պայքարի բովում ձեռք են բերել լիակատար քաղաքական հասունություն՝ պատրաստ իրենց արդյունավետ գործունեությունը ծավալել նաեւ ՀՀՇ ղեկավար մարմինների կազմում։

Գործող ռեժիմի դեմ պայքարի ու սահմանադրական կարգի վերականգնման միակ ճանապարհը համաժողովրդական համախմբումն է, խնդիր, որ լուծմանը վերջին հինգ տարում ձգտել ու հնարավորնս մոտեցել է Հայ Ազգային Կոնգրեսը։ Ուստիեւ համագումարը լիակատար հավանություն է տալիս կուսակցության գործունեությանը Հայ Ազգային Կոնգրեսի կազմում։ Համագումարը հանձնարարում է ՀՀՇ նորընտիր վարչությանը շարունակել նույն քաղաքական ուղեգիծը։

Համաժողովրդական շարժման, Հայ Ազգային Կոնգրեսի 5-ամյա ամենօրյա պայքարը էականորեն թուլացրել է ռեժիմի հիմքերը, ստեղծվել են նոր պայմաններ նրանից ազատվելու համար։ Վերջին շրջանում քաղաքական դաշտում կատարվող որակական տեղաշարժերը, նոր իրողությունները ցույց են տալիս, որ էականորեն պակասել են վարչախմբի ռեսուրսները, եւ ավելացել է նրա խուճապը։ Իշխող ուժը, ըստ էության, մնացել է միայնակ։ Նրա միակ հույսը մնացել է ընտրակեղծիքների՝ կատարելության հասցված մեխանիզմը։ Եթե առաջիկայում ռեժիմին հաջողվի վերարտադրվել, կխորանան անդառնալի գործընթացները՝ կշարունակի բարձրանալ աղքատության մակարդակը, կծավալվի հասարակության այլասերումը, կաճի արտագաղթը, նորանոր կորուստներ կարձանագրվեն Ղարաբաղի հարցում, կշարունակվի Հայաստանի ազգային շահերի վաճառքը։ Հասարակական ու պետական շահը պատասխանատվություն են պահանջում բոլոր քաղաքական ուժերից։ Առաջիկա նախագահական ընտրություններում հնարավոր է գտնել այն ամենաարդյունավետ միջոցները, որոնք կբերեն ռեժմի վախճանին եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ. Մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի կլինի ԵՄ-ՀՀ միջեւ կնքվելիք առեւտրային պայմանագրի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը բաց է ու անցանելի ‘