‘ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Հալեպի մոտակայքում առեւանգված հայերի անունները’

883

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 29-ին Բեյրութից Հալեպ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսի 10 ուղեւորներ են առեւանգվել, այդ թվում` 7 հայեր: Արդեն իսկ հայտնի են առեւանգված հայ ուղեւորներից 5-ի անունները: Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Արմենպրեսին» հայտնեց առեւանգվածների անունները` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ։

Իր հերթին՝ Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց նաեւ 6-րդ հայ առեւանգվածի մասին: Վերջինս Կոկո անունով հայ է, ում ազգանունը դեռեւս ճշտվում է: Ռեյիսյանի խոսքով` բոլոր 10 առեւանգվածների անունները դեռեւս չկան, այժմ աշխատանքներ են տարվում նրանց անվտանգ կերպով Հալեպ վերադարձնելու ուղղությամբ: Լուրեր են շրջանառվում, որ առեւանգվածների մեջ մեկ ասորի եւ մեկ քուրդ կա:

Ռեյիսյանը նաեւ հերքել է լուրն այն մասին, թե առեւանգվածների համար փրկագին են պահաջել:

Հալեպի մոտակայքում զինյալ ընդդիմադիրները հոկտեմբերի 29-ին կանգնեցրել են Բեյրութից Հալեպ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 10 մարդու։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ընդդիմադիրները կառավարությանը կոչ են արել վերադարձնել իրենց 150 ընկերներին, եւ իրենք ազատ կարձակեն առեւանգվածներին:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘«Սենդի» փոթորիկը հեռանում է դեպի Կանադա ‘