‘ՀՀ Էկոնոմիկայի նախարար. Մեզ համար այդքան էական չի՝ ծագումը որտեղից է, կարևորը՝ որ կապիտալը մտնում է տնտեսություն’

987

Դուք տալիս եք մեծ սեմինարի հարց, դա մեծ թեմա է: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսպես արձագանքեց iLur.am-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք եվրաինտեգրացիայի համատեքստում տեղավորվում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման գաղափարը, այն դեպքում, երբ Եվրամիությունն արգելում է իր տարածքում նման գոտիներ ստեղծել: Մի փոքր ուշ նախարարն, այնուամենայնիվ, որոշեց պատասխանել հարցին՝ ասելով, թե այդ գործընթացներում հակասություններ չկան:

«Ինչ որ արվում է, արվում է ընդհանուր միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգերով, չափանիշներով և համահունչ է նաև միջազգային փորձին՝ այն երկրներում, որտեղ այդ պրակտիկան կա, այնպես որ հակասություններ չկան»,- նշեց Դավթյանը:

 

Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեցինք նաև, թե որքանով է Doing Business-ի ցուցանիշով ներդրումային միջավայրում արձանագրված զգալի առաջընթացը արտացոլում արտասահմանյան ներդրումները:

«Դա վերաբերում է ամբողջ դաշտին, դա վերաբերում է ամբողջ մթնոլորտին, որը վերաբերում է թե տեղական ներդրողներին, թե օտարերկրյա: Այսինքն, այստեղ տարազատում չկա: Այնպես որ հավասարապես վերաբերում է և տեղականին, և օտարերկրյային»,- պատասխանեց Դավթյանը: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում այդ առաջընթացը վերաբերում է ներքի՞ն ներդրումներին, թե՞ օտարերկրյա, Տիգրան Դավթյանն ասաց, թե տարբեր ժամանակահատվածներում տարբեր է:

«Եթե մենք խոսում ենք այս տարվա մասին, ապա այս տարի առավել ակտիվ են տեղական ներդրումները, անցյալ տարի, օրինակ, բավականին մեծ էր օտարերկրյա ներդրումների քանակը: Այնպես որ՝ մեզ համար այդքան էական չի՝ ծագումը որտեղից է, կարևորը՝ որ կապիտալը մտնում է տնտեսություն»,- եզրափակեց Դավթյանը:

 

Նախորդ հոդվածը‘Մարդիկ հավաքվում են ԱԺ շենքի մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. ՀՀԿ-ի կողմից Սահմանադրության նման բռնաբարությունը անընդունելի է’