‘ՀՀ Կառավարությունը վճարեց ռուսական երկաթուղուն` ռուսական ռազմաբազային մատուցած ծառայությունների դիմաց’

946

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց` պահուստային ֆոնդից 36.1 միլիոն դրամ փոխանցել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ վճարելու այն ծառայությունների համար, որոնք ընկերությունը մատուցել է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներին: 

Մոտ 90 հազար դոլարի պարտքն առաջացել է 2013-ի երրորդ եռամսյակում մատուցած ծառայությունների դիմաց: Գործադիրը նշված գումարը փոխանցեց Ազգային անվտանգության ծառայությանը, վերջինն էլ այն փոխանցելու է «Հարավկովկասյան երկաթուղուն»:

Կառավարության պաշտոնական e-gov.am էջում տեղադրված որոշման հիմնավորումը մանրամասնում է, որ ռուսական զորամիավորումների՝ այդ թվում սահմանապահ զորքերի համար Հայաստանում երկաթուղով իրականացվել են ռազմական փոխադրումներ, երկաթուղային կայարաններում կատարվել են սպասարկումներ և մատուցվել են ծառայություններ:

Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ռուսական РЖД ընկերության դուստր ձեռնարկությունն է: 2008 թվականի փետրվարին Երևանում Հայաստանի կառավարության և РЖД-ի միջև կնքված պայմանագրի համաձայն, հայաստանյան ամբողջ երկաթուղին 30 տարով (20 տարվա աշխատանքից հետո 10 տարի երկարաձգման իրավունքով` կողմերի փոխադարձ համաձայնությամբ) կոնցենսիոն կառավարման հանձնվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:

 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում հայտնաբերվել է նախկինում անհայտ փարավոնի դամբարանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.77 դրամ/դոլար’